Սպարտակ Ղուկասյանը կալանքի տակ է․ գործն ուղարկվել է դատարան

Սպարտակ Ղուկասյանը կալանքի տակ է․ գործն ուղարկվել է դատարան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Այս քրեական գործով մեկ նիստ եղել է հունվարի 24-ին։ 

Նրա պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ղուկասյանը կալանավորված է․«Առաջին անգամ դատարանը քննիչի կալանավորման միջնորդությունը մերժել է, որից հետո դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ իմ պաշտպանյալըւմինչեւ հիմա կալանքի տակ է»։

Դատական առաջին նիստին դատարանը նրան թողել է կալանքի տակ․ «Գործը մտել է դատարան, առաջին նիստին քննարկվել է իր խափանման միջոցը փոփոխելու հարցը, եւ դատարանը թողել է օրինական ուժի մեջ կալանավորումը։ Դատավորը գնաց արձակուրդ, նոր է վերադարձել արձակուրդից, եւ հաջորդ նիստը նշանակվել է մարտի մեջ»։

Կալանավորումը անփոփոխ թողնելու որոշումը պաշտպանական կողմը կարող է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դեռեւս նման բողոք չեն ներկայացրել վերադաս ատյան։

Անդրադառնալով մեղադրանքին, նշեց՝ իր պաշտպանյալնն այն չի ընդունում․ «Իմ պաշտպանյալը չի կարող ընդունել մեղադրանքը, որովհետեւ ինքը նման արարք չի կատարել, եւ առհասարակ նման արարք տեղի չի ունեցել։ Ցուցմունք կա միայն այն մարդու կողմից, ով ասում է՝ նման բան է եղել։ Ես որպես պաշտպան գնահատում եմ, որ չկա ապացույցների բավարար համակացություն, որը հաղթահարած կլինի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմը։ Ակնհայտ ոչ օրինչափ են նրան պահում կալանքի տակ»։

Սպարտակ Ղուկասյանը նախաքննության ընթացքում իր դիրքորոշումը հայտնել է մեղադրանքի հետ կապված, սակայն ցուցմունք չի տվել։

Նա որոշակի առողջական խնդիրներ ունի, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում։ Դատաքննությունը տեղի է ունենում Գյումրիում, իսկ նա պահվում է «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։


Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օգոստոսի 19-ին՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների կասկածանքով։ Մասնավորապես, ՔԿ-ն հայտնել էր, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող։ Հարուցված քրեական գործի շրջանակներոմ Ղուկասյանը նախ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։