Տնօրենին սպառնում են՝ դիմումդ գրի, թե չէ գործ կհարուցենք

Տնօրենին սպառնում են՝ դիմումդ գրի, թե չէ գործ կհարուցենք

Սյունիքի մարզի 7 համայնքեր՝ Տեղ, Խոզնավար, Արավուս, Խնածախ, Կոռնիձոր, Քարաշեն սահմանամերձ բնակավայրերը և Վաղատուր համայնքը, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով միավորվեցին։ Այնտեղ առաջադրվել էր երկու ուժ՝ ՔՊ-ն՝ մարզպետի քրոջ որդու՝ Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ և Ապրելու երկիր կուսակցությունը՝ Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ։

Թեև երկու ամիս է անցել, թվում է թե ավագանին պետք է լծված լիներ համայնքային խնդիրների լուծմանը, սակայն ավագանի անցած ուժերի ջրերը դեռ նույն առվով չեն հոսում։ ՔՊ-ական թիմը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ ամեն կերպ փորձում է խոչընդոտել ընդդիմադիր ուժի՝ Արգամ Հովսեփյանի թիմի աշխատանքը։
Արգամ Հովսեփյանն ասում է, որ այն, ինչ կատարվում է ԱԺ-ում, նույն իրավիճակն էլ իրենց ավագանիում է․ «Իրենք որոշում են իրենք էլ իրենց գործն անում»։ Մենք տեղեկացանք, որ համայնքապետը սկսել է կադրային փոփոխություններ անել՝ Արավուսում նոր վարչական ղեկավար են նշանակել եւ ուզում են դպրոցի տնօրենին փոխել, որն Արգամ Հովսեփյանի կինն է։

«Իմ փոխարեն վարչական ղեկավար են բերել մարզպետի գյուղից՝ Տեղ համայնքից։ Հիմա էլ դպրոցի տնօրեն են բերում, որ փոխեն։ Դպրոցի տնօրենը  32 տարվա մանկավարժ է, որից 22 տարին՝  տնօրեն։ Դպրոցը կառուցել ու շահագործման ենք հանձնել 2010 թվ․։ Հիմա տնօրենի վրա ասում են  քրեական գործ կա, որովհետև ըստ իրենց՝ դպրոցն անօրինական է կառուցվել։ Էս մարզպետի նպատակը երևի գյուղը դատարկելն է, ժողովրդի 60-70%-ը ուզում է գյուղից գնալ, ասում են՝ Արգամ, եթե դու չես վարչական ղեկավար, մենք չենք մնում»։
 
- Իսկ ի՞նչ պատճառներ կան տնօրենին փոխելու համար։

- Տեսեք սկզբից հարսիս թեմայով պատճառաբանեցին, թե իբր մեկ օր դասի չի եկել։ Հետո տղայիս կպնելով էին փորձում չեզոքացնել՝ տղաս աշխատում  է ռազմական ոստիկանությունում։ Հերթը հասավ  աղջկաս, որը  դպրոցում մանկավարժ է, տեսել է, որ լրիվ մաքուր են, ոչ մի բան չի կարողանում հնարի, կպել է կնոջս, թե դպրոցն անօրինական եք սարքել, դիմումդ գրի դուրս արի, որ գործը կարճվի։
Մենք էլ ասում ենք չէ՛, չի գրելու, թող քրեական գործ հարուցվի։ Գյուղում ո՛չ գյուղապետարան կա, ո՛չ ակումբ, ո՛չ էլ գրադարան, մենակ էս դպրոցն է, էս էլ անօրինական են հանում։

- Դպրոցում քանի՞ աշակերտ է սովորում:

- Դպրոցը տարրական է, 7 աշակերտ կա։ Իմ քայլականները սեպտեմբերին կազմակերպել էին՝ երեխեքին տարել էին Տեղ համայնքի դպրոց, որ էս դպրոցը փակվի, բայց էդ էլ չստացվեց իրենց մոտ։ Հետո ինձ ասեցին, դպրոցում անօրինական բերել ես պայմանագրայինների ես պահել։

-Ի՞նչ պայմանագրայիններ։

- Պատերազմի ժամանակ Երևանից ֆիդայիներ՝ ընկերներս են եկել սահմանը պահել ենք։ Դե, բնական է, տեղ պիտի տայինք, դպրոցն էլ 100 հոգու համար է նախատեսված։ Ես գիտեի մարզպետի գործելաոճը, զանգել եմ ասել եմ, որ էսպիսի  հարց կա, մարդկանց դպրոցում եմ տեղավորելու, ասել ա՝ խնդիր չկա ։

- Սահմանին ի՞նչ իրադրություն է։

- Փառք Աստծո ոչ մի բան չկա, կրակոցներ չկան։

-Ճանապարհներն ի՞նչ վիճակում են։

-Վատ վիճակում են։ Ընտրությունների ժամանակ էն 3 ընտանիքը, ով ընտրել էր ՔՊ-ին, բերել իրենց փողոցները շեբենապատել են, մնացածինը մնում է էդպես։