Այդ թիմը ձևավորել է ինքը՝ իր ճաշակի և պատկերացումների սահմաններում

Այդ թիմը ձևավորել է ինքը՝ իր ճաշակի և պատկերացումների սահմաններում

Հեղափոխությունը մեր կյանք բազմաթիվ հեղափոխական կանոններ ներմուծեց․ կուլակաթափից սկսած, վերջացրած հակահեղափոխականների դեմ պայքարով, որոնք 1917 թվականից հետո ճաշակեցին մեր պապերն ու հայրերը։ Բայց մի կանոն, այնուամենայնիվ, մեզ անցել է դեռ նախահեղափոխական ժամանակներից՝ ցարական Ռուսաստանից, որտեղ հարյուրամյակներ շարունակ իշխում էր Ռոմանովների դինաստիան։ Ռուսական կայսրությունը ճորտատիրությունից, կարելի է ասել, միանգամից հասավ խորհրդայնացման։ Ռուսական ողջ իշխանության շրջանում ամենատարածված մտայնությունը «Ցարը լավն է, բոյարներն են վատը» թեզն էր, ուստի եւ հասարակ ժողովրդի միակ ձգտումն այն էր, որ բոյարների վատ արարքների մասին տեղեկացնեն «բարի ցարին», որն անմիջապես կլուծի բոլոր հարցերը՝ արդարություն եւ հաց կտա ժողովրդին ու կպատժի չափն անցած, իրենց հարստահարող բոյարներին։

Եվ ահա՝ 2018-ի հեղափոխությունից հետո մեզանում առաջադեմ ժողովրդավարական կարգեր հաստատելու փոխարեն մենք կամաց ընկղմվեցինք հեղափոխական ճահճի մեջ, իսկ հասարակական գիտակցությունն անկում ապրեց մինչեւ 17-18-րդ դարերի ցարական կարգեր։ Եվ հազարամյակների մշակույթ ու պատմություն ունեցող մեր ազգը անտառաճանաչ ռուս մուժիկի նման սկսեց պաշտել ցար Նիկոլին կամ Նիկոլային, ում սիրտն ինչպես ուզում է, եւ աջուձախ խոսել, թե վարչապետը լավն է, թիմն է վատը։ Միայն պատմություն իմացող, գրագետ ու խելացի մարդիկ էին հասկանում, որ սա լեգենդ է՝ պատմության խորքերում հյուսված ու հարյուրամյակներ առաջ հերքված։ Որ չի լինում լավ, բարի ցար՝ վատ, չար բոյարներ։

Նախ, որովհետեւ ցարը դեռ 17-18-րդ դարերում տեղեկացված էր ամեն ինչից։ Ճիշտ է՝ Ֆեյսբուք ու տեղեկատվության այս միջոցները չկային, բայց ցարական ախրանկա կար, տարբեր գործակալներ կային, եւ իրենք՝ ռուս բոյարներն էլ միմյանց դեմ ինֆորմացիա էին տալիս ցարին, եւ նա տեղյակ էր, թե երկրում ինչ է կատարվում։ Իսկ հիմա, առավել եւս՝ ոչ միայն ԱԱԾ, ոստիկանություն, տարբեր գործակալներ են Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հաղորդում, այլեւ նա ողջ օրը Ֆեյսբուքում է եւ կարդում է ամեն ինչ, գիտի ամեն ինչի մասին։ Իսկ երբ հայտարարում է՝ «ես տեղյակ չեմ այդ մասին», ինչպես Կապանում ասաց՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի աշխատանքի չգնալու մասին հարցին ի պատասխան, դա ընդամենը պատասխան չունենալու, հարցից խուսափելու կամ թիմակցի հասցեին վատ բան չասելու պատճառով է։ Հակառակը՝ նա երբեմն այնպիսի ցնցող մանրամասներ է հրապարակում իր կարդացած-ստացած ինֆորմացիայից, որ զարմանում ես։ 

Եվ ուրեմն, պետք է ելնել այն բանից, որ մեր տեղական «ցարն» ամեն ինչ գիտի՝ առաջին իսկ օրվանից, եւ պատրանքները, թե «վարչապետն անտեղյակ է, ոնց իրեն իրազեկենք», կամ՝ «վարչապետը լավն է, թիմն է վատը», սին են, հորինված, ինքնամխիթարության եւ ինքնախաբեության փորձեր են։ 

Եվ նրանք, ովքեր անընդհատ այդ թեզն են առաջ տանում, թե ինչ անի խեղճ վարչապետը էս անգրագետ, անտեղյակ, ոչ պրոֆեսիոնալ, անմեղսունակ թիմի հետ, ընդամենը պարզ քծնանք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Որովհետեւ, առաջին հերթին, այդ թիմը հենց ինքն է ձեւավորել՝ մեր 3 միլիոն բնակչությունից չի ընտրել ինձ ու ձեզ, այլ ընտրել է Արարատ Միրզոյանին, Ալեն Սիմոնյանին, Տիգրան Ավինյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ստյոպա Սաֆարյանին, Դավիթ Տոնոյանին, Դավիթ Անանյանին եւ մյուսներին։ Ինչու տարբեր՝ հին ու նոր անուններ թվարկեցի, որ հասկանալի լինի՝ մարդը կաշկանդված չի եղել նախկիններից կադր չընտրելու հանգամանքով, ինչպես փորձում է հիմա ներկայացնել Հրայր Թովմասյանի դեմ արշավը։ Չի առաջնորդվել մաքուր կենսագրությամբ, նոր մարդկանց բերելու սկզբունքով։ Ոչ էլ նայել է նրանց պրոֆեսիոնալիզմին, փորձին, անցած ճանապարհին։ Այսպիսի խառնիճաղանճ թիմ ընտրելու մի քանի պատճառ կարող է լինել՝ մարդ ճանաչել չկարողանալը, ինչը եւս իր մասին լավ չի խոսում։ Մյուս պատճառը՝ իր հանդեպ նվիրվածության չափանիշով առաջնորդվելը, որն ավելի արժանահավատ է թվում։ Բայց մենք վստահ ենք, որ անգամ ամենավատ թիմը կարող էր ճիշտ աշխատել եւ օգտակար լինել հասարակությանը, եթե լավ ղեկավար ունենար։ Որովհետեւ կարեւորը ծրագիրն է՝ հրահանգավորումը, որը պատշաճ չի արվում, եւ թիմն անտեր հոտի նման անում է այն, ինչ մտքով անցնում է եւ հաճախ՝ սխալ։

Ի՞նչ է ցույց տալիս այս երկու տարվա պատմությունը․ որ վատ, անօրինական հրահանգներ են իջեցվում Նիկոլ Փաշինյանից։ Որ ամենամեծ չարությունն ու ատելությունը տարածում է հենց ինքը։ Որ ամենից շատ սուտն այս ընթացքում ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ հարյուրավոր անգամներ մասնագետները բացահայտել են այդ ստերը։ Որ ամենաքիչ գործն ինքն է անում, ամենաշատը ֆեյսբուքներում, լայվերի ու զվարճությունների մեջ անցկացնողն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Որ եթե թիմn ինչ-որ պարգեւավճարներ է ստանում, ապա Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն ծախսում է սեփականի նման։ Որ ամենավճռական պահերին ինքը պատասխանատվությունը դնում է թիմակիցների ուսերին։ Որ ոչ մի տրամաբանություն չկա նրա որոշումների, հակակրանքի ու համակրանքի մեջ՝ մեկի հանդեպ չպատճառաբանված (գուցե՝ լավ էլ պատճառաբանված ) ներողամտություն է դրսեւորում, սիրալիր է, մյուսի հանդեպ՝ դաժան ու անհանդուրժող։ Ասենք՝ նախկին օլիգարխներից նախընտրում է Լֆիկին, Սամվել Կարապետյանին, Խաչատուր Սուքիասյանին, պաշտոնյաներից՝ Արթուր Դավթյանին ու Տիգրան Մուկուչյանին, բայց, չգիտես ինչո,ւ տանել չի կարողանում Հրայր Թովմասյանին ու Գեւորգ Կոստանյանին, Ֆլեշի Բարսեղին ու Գագիկ Խաչատրյանին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի պահվածքի ու որոշումների մեջ տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է։

Եվ այդ անտրամաբանական պահվածքը դրսեւորվում է ամեն ինչում՝ ելույթներում, ստատուսներում, ծիծաղի ու զայրույթի, խոժոռված հայացքի ու հումորի մեջ՝ ամեն, ամենուր։ Իսկ վերջին՝ «գրիչի» պատմությունն ընդհանրապես ցույց տվեց նաեւ, որ ոչ միայն մարդը փաստերն ու խոսքը չի կարողանում հիմնավորել, չի գիտակցում իր խոսքի արժեքը, այլեւ չի կարողանում կանխատեսել իր խոսքի ու արարքների արձագանքը։ Գրիչի թեման նաեւ ցույց տվեց, որ մեր հասարակությունը, մեծ հաշվով, շատ ավելի ադեկվատ է, քան մեր պետության ղեկավարը։ Եվ ցույց տվեց, որ չարաչար սխալվում էին նրանք, ովքեր օրուգիշեր թմբկահարում էին, թե թիմը վատն է, ղեկավարը՝ լավը։ Իրականում թիմը շատ ավելի լավն է, շատ ավելի ադեկվատ ու չափավոր, ավելի պակաս չար ու անհանդուրժող, քան թիմի ղեկավարը։