Ցավը չի լռում, այն աղմկում է․․․

Ցավը չի լռում, այն աղմկում է․․․

Թորոսյանն էր հարցնում՝ խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում , մերժում կամ ուրացում։ Երանի՜ չհասկանայինք, չտեսնեինք, չզգայինք թե դուք՝ թշնամու ձեռքով բերվածներդ, ինչ արիք Հայաստան աշխարհի հետ։ Մենք նման ենք այն ծնողին, որի աչքի առաջ ոտնահարում են իր ամենասուրբ, նվիրական զգացումները, խաղում  նրա արժանապատվության հետ, նվաստացնում նրան։ Ավելին չասեմ, դուք ձեր ավերածն ու ավերելիքն ավելի լավ գիտեք ու մատնանշելու անհրաժեշտությունը չկա։  

Ի տարբերություն ցեղասպանված մեկուկես միլիոն հայի, մենք ավելի վատ վիճակում ենք, բաց աչքերով տեսնում ենք նույն ցեղասպանության շարունակությունը, որն իրագործվում է ձեր ակտիվ աջակցությամբ։  Դուք Հայաստան աշխարհը, հայ ժողովրդի  պատմությունը ուրացաք ու հիմա ցեղասպանության ուրացումի՞ց եք խոսում։ Կա՞ Հայաստանում որևէ արժեք, որ չեք ուրացել։ Համայն մարդկության կողմից ճանաչված ցեղասպանությունն անգամ ուրացաք։  Գուցե հիշեք, թե ո՞վ էր ասում, որ ցեղասպանության թեման առաջնահերթություն չի։ Կամ գուցե հիշեցնեիք՝ ո՞րն է ձեզ համար առաջնահերթությունը՝  երկրի անվտանգությու՞նը, Արցախի վերադա՞րձը, Բանակ ունենա՞լը․․․  Ձեզ համար  առաջնահերթությունը ՀՀ սուվերեն տարածքում թշնամու դրոշի ծածանումն է, մարդկանց իրենց տներից, երկրից  հանելը, տարածքներ հանձնելը, հետ քաշվելու հրաման տալը,  հարկերի տակ ճռռացնելը,  միլիոններով ընթրիք կազմակերպելը, ազգային ժողովում ծեծկռտուք սարքելը, Սմութ Դոգ կանչելը, փողեր վատնելը, գռփելը, թշնամու հետ սինխրոն աշխատելը, ամեն գնով աթոռից չպոկվելը, երկիրը մաս- մաս հանձնելը։ Դա է այս իշխանության առաջնահերթությունը՝  մարդկանց ծնկած պահելը, պայքարի ոգին խեղդելը, հայոց պատմությունը խեղաթյուրելը,  ջնջելը։ Աշխարհը ճանաչեց  ցեղասպանությունը, Նիկոլ Փաշինյանը դա  առաջնահերթություն չի համարում։ Առաջնահերթություն չէիք համարում, Արցախում շարունակվեց ցեղասպանությունը՝ նույն ուժի կրկնությամբ։  Հիմա Հայաստա՞ն եք բերում և ուզում եք, որ այն առաջնահերթություն չլինի՞։ Դուք մոռանում եք, որ ցավը չի կարող լռել, այն աղմկում է արյան մեջ։ Ձեր արյան մեջ այդ ցավը չկա։ Դրա համար լուռ եք։