Էս քաղաքն էդ քաղաքը չի, որ հազիվ յոլա գնա. Գյումրու ավագանին հստակեցրեց ամանորյա ծախսերը

Էս քաղաքն էդ քաղաքը չի, որ հազիվ յոլա գնա. Գյումրու ավագանին  հստակեցրեց ամանորյա ծախսերը

Այսօր Գյումրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երրորդ նիստին քննարկման դրված հարցերից մեկն էլ ամանորյա միջոցառումների համար հատկացվող գումարն էր: Համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի խոսքերով շատ զուսպ նախահաշիվ են կազմել՝ 7մլն. դրամ՝ 2020-ը դիմավորելու համար:  

«3մլն.100հզր.դրամ փողոցների գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքների, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժում և ապամոնտաժումը ապահովելու համար է: Շատ քիչ է,բայց ինչ արած»,-նշեց  նա: Ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանն էլ հետաքրքրvեց՝  զարդ ու զարդարանքի համար նոր դեկորներ են գնվելո՞ւ, թե՞ հներն են վերանորոգվելու: «Հատ-հատ հանել ենք բոլոր դեկորները, վերանորոգում ենք, որ հազիվ յոլա գնանք, մինչև մյուս տարի տեսնենք՝ ինչ ենք անելու»,-փոքր-ինչ սրտնեղած պատասխանեց տիկին Ջիլավյանը, ինչն էլ դուր չեկավ քաղաքապետին: «Լավ էլ կսարքեն, տիկին Ջիլավյան, էս քաղաքն էդ քաղաքը չի, որ հազիվ յոլա գնա, բարդությունը  գլխավոր տոնածառի քանդել-հավաքելու հետ է կապված»,-վրա բերեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Բայց ամոթ է,պարոն քաղաքապետ, ամեն տարի վերանորոգում ենք»,-իր հերթին հակադարձեց տիկին Ջիլավյանը:

Նշենք,որ այս տարի էլ նախատեսվում է երկու անգամ Ամանորին հրավառություն կազմակերպել, ինչի համար հատկացվելու է 1մլն դրամ: 2 300 000 դրամով ամանորյա պարկեր են ձեռք բերվելու, կազմակերպչական և հյուրասիրության ծախսերը կազմելու են 600 հազար դրամ: