Ադրբեջանական ջախջախիչ «հոդված»

Ադրբեջանական ջախջախիչ «հոդված»

Տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի ռոմանտիկ հեքիաթները թեև արժանացան ամենակոշտ արձագանքների և քննադատվեցին խստորեն, նաև՝ ազգային անվտանգության նոր մարտահրավեր լինելու տեսանկյունից, այս իշխանությունները շարունակեցին պատմել՝ թքած ունենալով բոլոր հակադարձումների, բոլոր աշխարհաքաղաքական ու տնտեսագիտական  վերլուծությունների վրա․ սովորականի պես։ Նրանց հեքիաթներում թուրքական խալին շարունակեց  «փռված» մնալ բոլոր այն առևտրային ճանապարհների վրա, որոնցով պիտի հայոց բեռները պայծառ ապագայում ուղևորվեն դեպի Ռուսաստան և Իրան՝ մեծ առևտրի հեռանկարով վառ պահելով բարեկեցիկ երկիր կառուցելու իշխանությունների «տեսլականը», որով նրանք կերակրում են ամեն տեսակ պողոսների։

Եվ ահա հարևան բարեկամական Վրաստանի Մառնեուլի շրջանում հայկական բեռնատարները ջարդուխուրդ անելու լուրը, որ լրատվամիջոցներով տարածվել է այսօր, վերջնականապես ջարդուխուրդ է անում նաև ՀՀ իշխանությունների մանկական պատրանքները ապաշրջափակման հեքիաթների մասին։

Ըստ ամենայնի՝ Մառնեուլի թուրք-ադրբեջանցիները ամենաջախջախիչ աշխարհաքաղաքական «հոդվածն» են գրել մեր անգրագետ իշխանությունների համար, որ սեփական աչքերով «կարդան»՝ տեսնեն իրենց մանկամիտ ակնկալիքների ամբողջ պերճանքն ու թշվառությունը։