Գործարար Ծառուկյանն ընդդեմ ԲՀԿ-ի առաջնորդի

Գործարար Ծառուկյանն ընդդեմ ԲՀԿ-ի առաջնորդի

Ես հազվադեպ եմ անդրադառնում ծառուկյանական ֆենոմենին՝ մեր կարգավիճակներն են խիստ տարբեր ու անհավասար. Ծառուկյանը հայաստանյան ամենախոշոր գործարարն է, ես «խրուշչովյան» երկսենյականոցի բնակիչ ու այսօր էլ գործազուրկ:  Իսկ, ինչպես արվեստի ոլորտում է ասվում, հանճարին քննարկելու համար գոնե նրանից մի քիչ պակաս հանճար պետք է լինել. ի դեպ, դա ասում եմ առանց հեգնանքի: Ինչ վերաբերում է տրամաբանությանը, ապա այդ հարցում կարող ենք համադրելի լինել՝ ես հասարակագիտության, ինքը բիզնես ոլորտում:

Այսօր որոշեցի մի թեթև անդրադառնալ  ծառուկյանական թեմային, բնական է, պատճառը զավակի շքեղ հարսանիքն էր ու դրա անդրադարձը լրատվամիջոցներում ու սոցցանցերում: Գործարար Ծառուկյանն ունի դրա հնարավորությունը, իսկ իրավունքն էլ, ըստ սոցցանցային մեկնաբանությունի, ձեռք է բերել մինչ այդ 100 մլն դրամ փոխանցելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Սակայն ի՞նչպես կանդրադառնան այդ երկու հանգամանքները  ծառուկյանական ԲՀԿ-ի վրա այսօրվա Հայաստանում:

Սկսեմ մի քիչ անցյալից. Գագիկ Ծառուկյանը ժամանակին ընդգրկված էր նախկինների թվում: Եվ դա բնական էր՝ նրա մասշտաբի գործարարը չէր կարող չլինել իշխանությունների մեջ կամ գոնե կողքին: Իշխանության կողքին էր ոչ միայն որպես խոշոր գործարար, այլև որպես ԲՀԿ առաջնորդ: Իհարկե, ժամանակի որոշ հատվածներում պատահում էր, որ ԲՀԿ-ն իշխանությունների կողքին չէր, բայց ընդհանրապես և սկզբունքորեն չէր կարող չլինել: Առաջին հանգամանքը (իշխանությունների կողքին չլինելը) երևաց Լ. Տեր-Պետրոսյանի «նախաձեռնած» բուրժուա-դեմոկրատակ հեղափոխության օրերին, դա երևում է այս օրերին: Բայց մնացած ժամանակ Ծառուկյանը իշխանության կողքին էր, ու, ինչպես ասվեց, դա նորմալ էր: 

Ծառուկյանի աստեղային ժամն այն տարիներին էր, երբ ինքը նախարար նշանակելու-հանելու լիազորություն ուներ: Պատկերացնո՜ւմ եք՝ կար վարչապետ, սակայն ԲՀԿ-ական նախարարներին նշանակում կամ հանում էր հենց ինքը: Իհարկե, դրանից ում գլուխն ասես կարող էր պտտվել, ու ինքը կորցներ իրականության զգացողությունը և հայտնվեր իշխանության թիրախում: Ինչը և տեղի ունեցավ 2015-ի սկզբին: Ինչևէ, այդ հրաշալի ժամանակներն անցան՝ սկզբում փաշինյանական ինքնահռչակ «սիրո և համերաշխության» (իսկ իրականում «ստի և կեղծիքի») հեղափոխության պատճառով: Իսկ այնուհետև այդ հեղափոխության առաջնորդի դավաճանությամբ և կամ անմեղսունակությամբ պայմանավորված պարտության պատճառով:  

Որպես խոշոր գործարար, որ ներդրումներ է անում ու աշխատատեղեր ապահովում՝ ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանն ունեցել է և ունի իրենից կախվածության մեջ գտնվողների հսկայական բանակ: Գործարար Ծառուկյանն ունեցել է և երևի դեռևս ունի «գաղափարական» հետևորդների մեծ բանակ, որոնց իդեալը ոչ թե կիսասոված գիտնականն է կամ արվեստագետը, այլ ամրոցում բնակվող և թիկնապահների ջոկատ (մեղմ ասած) ունեցողը: Դա էլ է նորմալ դեռևս կապիտալի նախնական կուտակման փուլում գտնվող աղքատ երկրի համար: 

Բայց 2018-ի նիկոլական հեղափոխությունից և 2020 թվականի պարտությունից հետո Ծառուկյանը չի կարող համատեղել խոշոր գործարարի շքեղությունն ու քաղաքական գործչի հեղինակությունը: Չնայած կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մեր երկիրն ավելի է աղքատացել, բայց նախարար նշանակելու վայելքին չի կարող վերադառնալ նույնիսկ հայաստանյան մասշտաբներով գերհարուստ Ծառուկյանը: Թեև ինքը կարող է փորձ կատարել, ինչ ասես կարող է պատահել կյանքում, բայց դա կտևի այնքան, որքան կբավարարեն նրա գումարները՝ և ոչ մի ժամ ավելի: Այնպես որ գործարար Ծառուկյանը կարող է ամենաարքայավայել ձևով ամուսնացնել իր զավակին, սակայն դա, իմ կարծիքով, խանգարելու է ԲՀԿ-ի առաջնորդին: Խանգարելու է, քանի որ մեր պայմաններում առաջնայինը լինելու է ոչ թե փողը, այլ մարդկային գործոնը: Այսօր մեր երկրին անհրաժեշտ են այնպիսի լուծումներ, որոնք հիմնված են լինելու պրոֆեսիոնալզմի և նվիրյալ լինելու գաղափարների վրա: Այդ երկուսի առկայության պայմաններում փողի խնդիր չենք ունենալու՝ լինի այն ներսից թե դրսից:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին, ազատվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից: Մնացածն արդեն լուծելի է: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ