«Հրապարակ»․ Մենք շատ ժամանակ չունենք

«Հրապարակ»․ Մենք շատ ժամանակ չունենք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

- Արցախում տեղի ունեցած հանրահավաքից հետո հայաստանյան ընդդիմությունը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հերթական բողոքի ակցիան է նախաձեռնում: Դուք մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

- Այո, միանշանակ մասնակցելու եմ:

- Ի՞նչ եք կարծում` Արցախում կայացած հուժկու հանրահավաքը Հայաստանում ունեցա՞վ իր ազդեցությունը: Նման պատկեր, ինչը տեսանք Ստեփանակերտում, Դիմադրության շարժումը կարո՞ղ է ստանալ Երեւանում:

- Կարեւորը մարդկանց քանակը կամ անգամ որակը չէ: Ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունը նախեւառաջ հասկանա, որ առանց Արցախ Հայաստան չի լինելու:

- Ո՞վ է Դիմադրության շարժման համակարգման աշխատանքներն իրականացնում:

- Ոչ մի կոնկրետ մարդ: Մենք եւ «Պատիվ ունեմ»-ն աշխատում ենք միասին, եւ, ինչպես ասաց Իշխան Սաղաթելյանը, սա մեկ անձի, մեկ կուսակցության պայքար չէ, սա ամբողջ հայ ազգի շարժումն է:

- Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես է համախմբվել արցախահայությունը: Նման միտում մեզանում կա՞, եւ, վերջապես՝ դա հնարավո՞ր է:

- Համախմբվել ո՞ւմ հետ, Նիկոլ Փաշինյանի՞: Ես դա բացառում եմ: Նիկոլ Փաշինյանն այնպիսի վիճակի է հասցրել Հայաստանը, որ ի՞նչ համախմբման մասին կարող է խոսք լինել: Նիկոլ Փաշինյանը միայն մեկ դրական քայլ կարող է անել՝ հեռանալ մեր կյանքից:

- Պարտությունից արդեն երկու տարի է անցել: Երկու տարի շարունակ այս իշխանություններին հեռացնել չհաջողվեց: Հիմա ի՞նչ է փոխվել, որ հաջողվի:

- Հասարակության մտածելակերպը, եւ մենք շատ ժամանակ չունենք:

- Վերջերս, երբ խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ պառլամենտ, շատերը համարեցին, որ դուք ընդունեցիք ձեր պարտությունը:

- Շատերն ասելով ո՞ւմ նկատի ունեք: Ո՞վ է վերադարձել:

- Հասարակության մի ստվար զանգված….

- Մենք հայտարարել ենք, որ միայն հայտարարությունների ժամերին ենք գնալու խորհրդարան: Դա պառլամենտ վերադառնա՞լ է: Ես դա վերադարձ չեմ համարում: Մենք մեր իրավունքից ենք օգտվել: Ինձ այդ շատերի կարծիքը չի հետաքրքրում:

- Դուք պատգամավոր եք, Ձեզ պետք է հասարակության բոլոր անդամների կարծիքը հետաքրքրի, այդպես չէ՞:

- Մենք չենք վերադարձել, պարզապես մեր գործընկերներից յոթն օգտվել են իրենց իրավունքից եւ հայտարարությունների ժամին արել են հայտարարություններ: