Այսօր փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից հրապարակվել են Խծաբերդից գերեվարված 62 հայ ռազմագերիներից մի քանիսի նախաքննական ցուցմունքները, որտեղ ակնհայտորեն կարմիր թելով մի գիծ է տարվում, որ թշնամու զինվորներն ասել են՝ զենքերը վայր դրեք ու հանձնվեք, իրենք էլ հանձնվել են։ Պարզ է, որ այս նյութերը նպատակ ունեն արդարացնել նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ասածները, հաջորդիվ՝ Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանի մասնավոր զրույցի գաղտնալսման տեսանյութում ասվածը։ Մի ամբողջ տարի գերիներին փորձում էին հերոսացնել եւ նրանց հետ բերելն օգտագործել իրենց փիառի համար, ինչը հատկապես արեցին հունիսի 20-ի ընտրություններից առաջ՝ Վրաստանի վարչապետի ու ԱՄՆ միջնորդությամբ մի խումբ գերիներ բերեցին, դրանից հետո, երբ տեսան, որ այլեւս չեն կարողանում գերիներին բերել հայրենիք, սկսեցին մեղադրել նրանց, թե՝ հանձնվել են, հանցագործներ են։
Նշենք, որ գերիների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։ Ենթադրվում էր, որ դրանք միջազգային նշանակություն ունեն եւ ուղղված են Ադրբեջանի դեմ, որն ապօրինաբար մարդկանց զրկել է ազատությունից, խոշտանգել ու վնասներ պատճառել։ Բայց պարզվեց, որ ոչ միայն թշնամի երկրի դեմ է, այլեւ հենց իրենց՝ գերիների, որպեսզի պարզեն, թե ինչ պայմաններում են նրանք գերի ընկել, դա եղել է դեպքերի՞ բերումով, թե՞ գիտակցված, ինչը քրեական հանցանք է համարվում։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ ասաց, որ քրեական գործեր կան բոլոր այն դեպքերով, որոնցով ունենք գերեվարված անձինք։ Հարցին՝ այդ քրեական գործերով տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք կա՞ն, Աբրահամյանն ասաց․ «Գերիների մասով չունենք նման բան, բայց քրեական հոդվածները շատ տարբեր են, նկատի ունեմ՝ այդ գործերը քննվում են, այդ դեպքերը քննվում են հարուցված այլ գործերի շրջանակներում։ Այսինքն՝ շատ դեպքերում մենք ունենք կոնկրետ ոչ թե գերեվարման փաստով հարուցված գործ, այլ ունենք գործ, ենթադրենք, հակառակորդի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու հետ կապված, որի շրջանակներում քննության առարկա է գերեվարման խնդիրը»։
Իսկ կա՞ն հարուցված քրեական գործեր, որով անցնում են հենց գերի ընկածները, և քրեական գործը հարուցվել է պարզելու համար, թե ինչու են գերի հանձնվել։ «Որպես մեղադրյա՞լ նկատի ունեք։ Որպես մեղադրյալ չունենք»,-ասաց դատախազի խորհրդականը։
Փորձեցինք ճշտել` քրգործերը հարուցվել են Ադրբեջանի՞ գործողությունների մասով և նրանց դեմ, թե՞ նաև մեր զինվորների կամ այլ կառույցների մասով, Աբրահամյանն ասաց․ «Չէ, նաև մեր, բայց էսպես ասեմ՝ գերեվարման հանգամանքները պարզելու նպատակով։ Ամբողջ նպատակը հետևյալն է՝ պարզել, թե ինչ հանգամանքներում են մեր զինծառայողները հայտնվել Ադրբեջանի տիրապետության տակ, արդյոք դրանք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ապօրինի հանցավոր գործողություններո՞վ, թե՞ պայմանավորված են նաև հենց գերիների կամ, ասենք, նրանց վերադասների գործողություններով։ Էդ բոլոր հանգամանքները պարզվում են էդ քրեական գործի շրջանակներում՝ ըստ ձեռք բերված ապացույցների էլ արդեն նրանց արարքները որակվում են այս կամ այն ձևով։ Այսինքն՝ տրվում է իրավական գնահատական։ Բայց դեպք, որ կոնկրետ գերիներին ունենանք առաջադրված մեղադրանք, այս պահին չկա»։
Աբրահամյանը նաև նշեց, որ կա հարուցված քրեական գործ՝ Ջերմուկում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ տեղի ունեցած գերեվարման փաստով։ «Քրեական գործով տվյալներ ձեռք բերվեցին, որ գերեվարումը տեղի է ունեցել նաև գումարտակի հրամանատարի գործողությունների հետևանքով։ Հիմա էդ մասով կոնկրետ գումարտակի հրամանատարին մեղադրանք է առաջադրված, որի նկարագրության մեջ կա նաեւ գերեվարման հանգամանքը։ Այսինքն՝ արել է որոշակի գործողություն կամ ցուցաբերել է անգործություն, դրա հետ միասին նաև դիրքը լքել է, փախել է, որի հետևանքով մի խումբ զինծառայողներ հայտնվել են Ադրբեջանի գերության մեջ, նրանցից մեկի, թե երկուսի դիակը հետագայում վերադարձվել է։ Եթե հիմա մենք կպարզենք էդ գործով, որ գերության մեջ հայտնված զինծառայողներից որևէ մեկը արել է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են եղել, ասենք, իրենց ծառայության դեմ, պետության դեմ, կտրվի գնահատական։ Այս պահի դրությամբ մենք նման մեղադրանք չունենք»,-ասաց Գոռ Աբրահամյանը։
Հարցրինք նաև՝ ինչպե՞ս են գնահատում այն, որ փաստաբանի կողմից հրապարակվել են որոշ գերիների նախաքննական ցուցմունքներ, Աբրահամյանը նախ հիշեցրեց՝ նախաքննական նյութերը հրապարակման ենթակա չեն, ապա կոնկրետ դեպքով ավելացրեց․ «Ես պետք է հասկանամ՝ ինչի մասին է խոսքը, ինչքանով է դա նախաքննական գաղտնիք պարունակում, նոր ըստ դրա կասեմ»։
ՀԳ․ Ավելի ուշ Գոռ Աբրահամյանը դատախազության անունից պարզաբանում տարածեց, որտեղ ոչ հստակ, բայց ակնարկել է, որ դա փաստաբանի կողմից անթույլատրելի արարք է` փաստաբաններին հորդորելով, առհասարակ, «ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձեւավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից»։
Հետո ավելացրել է, որ վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները: Այսինքն՝ կարող ենք կանխատեսել, որ դեպքը կցրեն կգնա, քանզի ակնհայտ է, որ փաստաբանի կողմից գերիների ցուցմունքները «սլիվ» անելը հենց իշխանությունների ուղղորդմամբ եւ իմացությամբ է տեղի ունեցել։ Իսկ նախաքննական ցուցմունքներ հրապարակելու համար ժամանակին քննություն էին սկսել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ եւ խմբագրին պարբերաբար հարցաքննությունների էին հրավիրում։