Ռադիոյի տնօրենի թեկնածուները շատ էին, բայց կրկին ունեցանք «չընտրություն»
Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի կազմած մրցութային հանձնաժողովը երեկ վերջապես հայտնեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ նոր գործադիր տնօրենի անունը՝ «Լրատվական ռադիոյի» հիմնադիր եւ տնօրեն Գարեգին Խումարյան։ Այս պաշտոնը թափուր էր մնացել կոլեկտիվի բողոքի ակցիաների արդյունքում նախկին տնօրենի հրաժարականից հետո, որն այդպես էլ չպարզաբանված մնաց։
Երեկ հեռուստառադիոխորհուրդը հայտարարություն տարածեց, որում ասվում է․ «Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել եւ հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին։ …Որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»: 30 մասնակիցներից մեկը՝ քաղաքական վերլուծաբան Արման Գալոյանը, չի ներկայացել հարցազրույցի։
Ո՞վ է ձայն տվել Գարիկին․ հանձնաժողովականները չեն խոստովանում
Հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը վստահեցնում է, որ ընտրությունը դժվար են կատարել։ Գարեգին Խումարյանը հինգ հնարավորից երկու ձայն է ստացել։ Ովքե՞ր են եղել այդ երկուսը, Երզնկյանը չասաց՝ պատճառաբանելով քվեարկության գաղտնիությունը։ «Հանձնաժողովի մնացած երեք թեկնածուները տարբեր մարդկանց օգտին են քվեարկել։ Երեք հոգի ստացել են մեկական ձայն։ Երկրորդ փուլ չի եղել, բայց մենք 30 հոգուց մի 6-7 հոգու առանձնացրել էինք, որոնք ավելի հավանական էին որպես հաղթողներ։ Դժվարությունն այն է, որ 30-ի մեջ շատ էին մարդիկ, որոնք պիտանի են Ռադիոյի համար։ Մեկը՝ լրատվական, մյուսը՝ գեղարվեստական, երրորդը՝ գիտական մասով, բայց այն մարդիկ, ովքեր կարող էին այդ բոլորին միասին ղեկավարել, շատ չէին»,- ասում է հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովականների կողմից առանձնացված թեկնածուներին հրավիրելու են Ռադիոտուն՝ զրույցի։ Հնարավոր է, որ նրանք պաշտոններ ստանան։ «Մնացածը դուք մտածեք, մենք բոլորս էլ Ռադիոյի համար ցավող մարդիկ ենք»։
Շիրինյանը պարտադրե՞լ է, թե՞ նրա միջոցով են պարտադրել
Երզնկյանը չժխտեց, որ հեռուստառադիոխորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը եկել է Ռադիոտուն արդյունքները հայտարարելուց առաջ։ «Մենք նրա հետ զրուցել ենք, ասել ենք՝ սենց մարդիկ կան, եւ նա ասել է՝ տղերք, դուք ընտրեք, այդ մարդկանց ես էլ եմ հավանում։ Պարզապես այսպես ստացվեց։ Ոչ մի ճնշում նրա կողմից չի եղել»,- նշեց մաեստրո Երզնկյանը։ Իսկ հանձնաժողովականների ու մրցույթի մասնակիցների շրջապատից արդեն երկրորդ օրն է՝ լուրեր են հասնում, որ ճանաչված ռադիոլրագրող Կորյուն Խումարյանի որդին՝ Գարիկ Խումարյանը, հանձնաժողովի ընտրած պոտենցիալ հաղթողների թվում չի եղել եւ միայն Արա Շիրինյանի միջամտությամբ է «հաղթել»։ Խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանի ֆինանսական հարցերով տեղակալ Ստեփան Զաքարյանը, որն անցողիկ թեկնածու էր, նույն միջամտության արդյունքում դուրս է եկել մրցույթից։ Զաքարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարվել է մասնակցությունից՝ չասելով, թե ինչու։
Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց ընկերոջ փոխարեն
«Ստեփանը դուրս եկավ, որովհետեւ Արայիկն իր կուրսեցին էր,- ասաց Տեր-Գուլանյանը, որը հանձնաժողովի կազմում էր։- Ստեփանն ինձ ասեց՝ եղբայր, ես հանեմ թեկնածությունս։ Ես եթե ընտրվեմ, կասեն՝ եկավ, իրեն կուրսեցուն տոն տվեց։ Նա նախքան Շիրինյանի գալն էր հրաժարվել։ Հաջորդ օրը եկավ Արան»։ Չգիտեմ ինչու, հիշեցի դատարանի էպիզոդը «Միմինո» ֆիլմից, երբ Ֆրունզիկը դատարանում ասում է․ «Этот подсудимый открыл дверь, а Валико джан сказал, здравствуй, дорогой»: Գարիկ Խումարյանին Տեր-Գուլանյանը չի ճանաչել։ Տեսել է հարցազրույցի ժամանակ, իսկ Շիրինյանի հետ խորհրդավոր զրույցի մասին հայտնեց․ «Նա եկել էր շենք՝ մեզ հետ զրուցելու, մեզ հետաքրքիր էր, թե ինչ նախագիծ է նա տվել այն մյուս մրցույթին։ Նա ներկայացրեց իր պատկերացումները ռադիոյի եւ հեռուստատեսության մասին։ Բացարձակ զրույց չի գնացել Ռադիոյի տնօրենի թեկնածուի մասին։ Ինձ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել։ Արա Շիրինյանն էլ լրջագույն, համեստագույն տղա է, պրոֆեսիոնալ մարդ է, նոր չենք ճանաչում իրեն։ Արայի պես մարդը ո՞նց կարող է ճնշում գործադրել։ Ոչ մի ճնշում չի եղել հանձնաժողովի վրա։ Չգիտեմ, գուցե մեկ-երկու հոգու, բայց ոչ Արայիկի կողմից։ Ընտրությունն անցել է շատ ազնիվ։ Ինչո՞ւ չեք ուրախանում, որ ընտրվողն ընդամենը երկու ձայն է ստացել»։ Թե ում է ինքն ընտրել, չասաց, բայց այդ անձը Գարիկ Խումարյանը չէ։
Վճարովի ռադիոընկերության տնօրենը՝ հանրայինի ղեկավար
Երեկ մեկնաբան Տիգրան Հարությունյանի կողմնակիցները՝ Հանրային ռադիոյի շուրջ 20 աշխատակիցներ, դիմել էին հանձնաժողովականներին՝ պահանջով, որ միայն Հանրային ռադիոյից ընտրեն իրենց ղեկավարին, իսկ խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը պատասխանում էր․ «Մեր ժողովուրդն է։ Կքննարկենք»։ Փաստորեն, ընտրվեց մեկը, ով ոչ միայն կապ չունի Հանրային ռադիոյի հետ, այլեւ մասնավոր եւ վճարովի ռադիոընկերության տնօրեն է։ Գարեգին Խումարյանը քաղաքական հաղորդումներ էր վարում սեփական ռադիոյում, սիրում է Արցախի թեման։ Նա հաճախակի արտասահմանյան գրանտներ է ստանում, որոնց հաշվին կարողանում է առաջ տանել իր «ռադիո՝ առանց գովազդի» գաղափարը։ Գովազդի փոխարեն Գարեգին Խումարյանն առաջարկում էր ռադիոն պահել բաժանորդագրության հաշվին, ինչն էլ իրագործել է իր ռադիոկայանում։ Նրա եթերում առավել հաճախ հյուրընկալվում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, ինչը կարող է նրա քաղաքական կողմնորոշման վկայությունը լինել։
Մասնակիցները գնահատում են
Եթե պարտադրված հաղթող է եղել, ապա ինչո՞վ էր զբաղված հանձնաժողովը մեկ ամսից ավելի։ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը, որը 8 տարի «Ռադիոլուրի» խմբագիրն է եղել, ասաց․ «Հանձնաժողովի անդամները զբաղված էին իրենց ընկեր Ստեփան Զաքարյանին ինչ-որ ձեւով Ռադիոյի տնօրեն դարձնելով, քանի որ խորհրդի նախագահ չկար, եւ իրենք ուզում էին իրենց ընկերոջն «արագի մեջ» կարգեին տնօրեն։ Մամուլի աղմուկից հետո այդ գործընթացը դադարեցրին»։ Հիմա ավելի մեծ աղմուկ չեղա՞վ։ «Հիմա էլ երկրորդ փուլ չանցած մարդը դարձավ տնօրեն, քանի որ Շիրինյանն իր ընկերոջն ուզեց նշանակի։ Վերջ։ Ես իմ գործով եմ զբաղված, ես թատրոնի տնօրեն եմ, շարունակում եմ իմ ակտիվ աշխատանքը։ Սա նաեւ մի հետաքրքիր փորձ էր ինձ համար՝ հասկանալու, թե արդյո՞ք մեր երկրում իրավիճակը փոխվել է։ Պարզվեց՝ ոչ»։ Ռադիոյի նախկին աշխատակից, հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանն էլ ասաց, որ մրցութային հանձնաժողովից որեւէ լրացուցիչ տեղեկություն այս օրերի ընթացքում չի ստացել։
«Մրցույթը հայտարարելու շտապողականությունն ու դրան հաջորդած ձգձգումները հստակ վկայում էին, որ ինչ-որ բանի են սպասում։ Սա ակնհայտ էր արդեն։ Սպասում էին խորհրդի նախագահի ընտրությանը։ Սա բաց մրցույթի կանոնների լուրջ խախտում էր, բայց, անկեղծ ասած, ինձ համար հասկանալի էր, խորհրդի նախագահն ու տնօրենն իրար հետ արդյունավետ աշխատելու համար հայացքների որոշակի ընդհանրություններ պիտի ունենան։ Ասում են՝ արդար չէր մրցույթը։ Ոչ, էս երկրի ամենամեծ խնդիրը լուռ ու համակերպվող մտավորականներն են, եւ շատ մրցույթներ, խնդիրներ, հարցեր, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա արդար չեն լինելու, քանի դեռ ունենք լուռ, համակերպվող, ենթարկվող, հլու ու հնազանդ մտավորականներ, ովքեր նույնիսկ համարձակություն չեն ունենում հրաժարվել մրցութային հանձնաժողովի անդամ լինելուց՝ իմանալով հանդերձ, որ միշտ կլինի մեկը, որ իրենց կասի՝ «ձեզնից ի՞նչ տնօրեն ընտրող»»։
Ռուբեն Ջաղինյանը «Նաիրի» կոնյակ է ուղարկել խորհրդի նախագահի աշխատասենյակ՝ ընտրվող նախագահին։ Երեկ Արա Շիրինյանը հանձնաժողովականներին խոստացել է բացել կոնյակը եւ միասին ըմպել, երբ իր հրամանը լինի։ Իր շուրջ պտտվող խոսակցություններին նա դեռ չի արձագանքել։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։
Կարծիքներ