Ովքեր են նոր Սահմանադրություն գրողները

Ովքեր են նոր Սահմանադրություն գրողները

Վարչապետի կողմից ստեղծված և վարչապետի ներքո գործող սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սահմանադրական փոփոխությունների հերթական հանձնաժողովն է ձևավորում։ Վարչապետի որոշմամբ՝ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 5 անդամից, որոնցից 2-ին արդեն խորհուրդն ընտրել է, իսկ մյուս 3-ին ընտրելու համար մրցույթ են հայտարարել։ Հանձնաժողովի ընտրված անդամներն են Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը։

Ռաֆիկ Գրիգորյանը արդարադատության նախկին փոխնախարարն է, նա այդ պաշտոնին նշանակվել է 2019 թվականի հուլիսի 19-ին, իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ին ազատվել է այդ պաշտոնից։ Նա փոխնախարար է եղել Ռուստամ Բադասյանի օրոք։ Գրիգորյանը «Սիգմա լոու գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիրն ու տնօրենն է։ 2021 թվականի օգոստոսի 27-ին Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել, այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով էր կոչել՝ «Էյվազլի», «Չայզամի»։ Այս կապակցությամբ Գրիգորյանը մեջբերել էր նրա խոսքն ու գրել էր․ ««Էյվազլի և Չարզամի հատվածում ճանապարհի բացումը կարևոր ազդակ կարող է լինել». Մեկդ կանգնացրեք էս մարդուն, կողքիններից մեկը գնացեք ձեռը բռնեք, հերիք ա ամեն ինչ գլխով անեք»։

Ինչ վերաբերում է Դավիթ Հակոբյանին, ապա նա եւս փաստաբան է, «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» հայ- բրիտանական իրավաբանական գրասենյակի հիմնադիրն ու տնօրենն է, նա նաև Dimension ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

Նշենք, որ սա սահմանադրական փոփոխությունների առաջին հանձնաժողովը չէ, որ ձևավորվում է, օրինակ՝ 2020 թվականից ձևավորվորվող ու անընդհատ փոփոխվող հանձնաժողովի կազմում էին գլխավոր դատախազի ներկայիս տեղակալ Անահիտ Մանասյանը, Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը և այլք։ Նրանց մի մասը հրաժարական տվեց, օրինակ` Մանասյանը, եւ հանձնաժողովը համալրվեց նոր անդամներով: