Արագածոտնում սասունցիների, մշեցիների ժառանգներից ոչ մեկը չհակադարձեց Փաշինյանին

Արագածոտնում սասունցիների, մշեցիների ժառանգներից ոչ մեկը չհակադարձեց Փաշինյանին

Վերջին շրջանում իշխանական վերնախավը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով է հանդես գալիս։ Անցած շաբաթ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը խոսեց Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու մասին՝ նշելով, որ քանի դեռ մենք մեր հակառակորդներին որպես թշնամի ենք դիտարկում, նրանք էլ մեզ են դիտարկում, եւ այդ «փակ շղթայից» պետք է դուրս գալ։ Օրեր առաջ էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում շտկումներ մտցնել, որի ուղղությամբ իրենք արդեն աշխատում են։ 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այս հայտարարությունները գնահատում է ոչ միայն բացասական, այլ նաեւ՝ գիտելիքների ակնհայտ պակաս պարունակող, մանիպուլյատիվ,  պատմական իրականությունից հեռու։ Նա կարծում է, որ դրանք պետք է դիտարկենք մի ամբողջության մեջ, քանի որ նույն քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից են հնչում, ավելին՝ ակնհայտ է, որ դա նրանց ծրագրի եւ մոտեցումների մի մասն է․ «Եթե մենք համադրենք Փաշինյանի, ԱԽ քարտուղարի եւ այլ պաշտոնյաների հայտարարությունները, իշխող կուսակցության պատգամավորների ելույթներում հնչած ակնարկները, դիցուք՝ լավ թուրքերի կամ թուրքերի հետ հաշտության գնալու մասին, ինչպես նաեւ տարբեր պաշտոնյաների քայլերը, որ, օրինակ, Թուրքիայի դրոշն ապրիլի 23-ին այրելն անթույլատրելի քայլ է, այդպես էր որակել կրթության նախարարի խորհրդականը, ապա պատկերը շատ ամբողջական կդառնա, եւ կարող ենք վստահաբար ասել, որ դա նույն ծրագրի տարբեր դրվագներն արտացոլող հայտարարություններ են»։ 

Սա, ըստ թուրքագետի, սխալ է նրանով, որ հակասում է ոչ միայն մեր հավաքական հիշողությանը, ազգային արժանապատվությանը, պատմական իրողություններին, այլեւ տեղավորվում է Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների ծիրում։ «Թուրքիան հարաբերություններ հաստատելու համար, Հայաստանի առջեւ մշտապես դրել է 3 նախապայման։ Մեկն Արցախի հարցն էր, որն արդեն տեսնում ենք՝ որոշակիորեն արդեն լուծված է ի նպաստ Թուրքիայի եւ Ադրբեջանի, մյուսը Հայոց ցեղասպանության խնդրի միջազգային արծարծումն է, եւ 3-րդը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եվ եթե Փաշինյանը հայտարարում է, որ պետք է թշնամանքն ինչ-որ կերպ դադարեցնենք, ապա այստեղից բխելու է հաջորդ հարցը՝ ո՞րն է Հայաստանից բխող թշնամանքը Թուրքիայի համար, արդյո՞ք դա հայկական բանակից բխող սպառնալիքն է՝ իհարկե ոչ, արդյո՞ք Հայաստանի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական էմբարգոյի սպառնալիքն է՝ իհարկե ոչ։ Թուրքիայի կողմից որպես թշնամական քաղաքականություն՝ հստակ ընկալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ցանկացած թուրք քաղաքական գործչի, հասարակ քաղաքացու կողմից այդ հարցին առաջին ու միակ պատասխանը դա կլինի։ Եթե այս իշխանությունները փորձում են թշնամանքը մեղմել, ապա ավտոմատ հայտնվում են թուրքական այս երկրորդ նախապայմանի ճիրաններում, այսինքն՝ դուրս մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, իսկ արդեն 3-րդ նախապայմանը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, ավելի հեշտ է մանիպուլյատիվ մեթոդներին հմտորեն տիրապետող իշխանությունների կողմից ներկայացնելը հասարակությանն ու իրենց համախոհներին»,- ընդգծում է Մելքոնյանը։ 

Արդյոք այս հայտարարությունները պետական մակարդակով կխոչընդոտե՞ն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ ապրիլի 24-ին կանխատեսվող ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր հայտարարությանը, Մելքոնյանը կարծում է, որ կխոչընդոտեն․ «Ստացվում է շատ զավեշտական եւ միեւնույն ժամանակ ողբերգական իրականություն, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու դեմ համատեղ պայքարում են Թուրքիան եւ Հայաստանի իշխանությունը»։ Պետական մակարդակով տարվող այս խաղաղության քարոզներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հանրության վրա։

«Ցանկացած քաղաքակիրթ պետություն, առավել եւս՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած հայ ժողովուրդը, միշտ էլ կողմ է հաշտությանը եւ նորմալ հարաբերություններին, բայց դրան հնարավոր է հասնել միայն երկկողմանի ջանքերով, այսինքն՝ չի կարող Թուրքիան շարունակել մեր հանդեպ թշնամական քաղաքականությունը, թուրքական հասարակությունը ներծծված լինի հայերի հանդեպ ատելությամբ, նույնը դրսեւորվի Ադրբեջանում, ու այս պայմաններում Հայաստանում քարոզվի հաշտություն, խաղաղություն։ Այս քարոզը միտված է ոչ թե թշնամու ատելության մեղմացմանը, այլ հակառակը՝ միտված է հասարակության դիմադրողականության թուլացմանը։ Այսինքն՝ իշխանության այս քարոզի թիրախը ոչ թե թշնամին է, այլ մեր հասարակությունը, եւ հետեւանքը դառնալու է հասարակության թուլացումը։ Իսկ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ թուլացած պետականություն, դրան զուգահեռ մի հատ էլ թուլացած հասարակություն՝ մեծագույն սպառնալիք է»։ 

Թուրքագետը ցավով նկատում է, որ Փաշինյանի մարզային հանդիպումների ժամանակ հավաքվածների արձագանքը նրա հնչեցրած հայտարարություններին շատ մտահոգիչ է․ «Օրինակ, Արագածոտնում սասունցիների, մշեցիների ժառանգները, որոնք Թալինում են հայտնվել Հայոց ցեղասպանության հետեւանքով, այդտեղ նրանց ժառանգների կողմից ես չտեսա որեւէ հակադարձում Փաշինյանի ձեւակերպումներին։ Արմավիրում եւս տեսա ծափողջույններ։ Սա տպավորություն է թողնում, որ ուղղակի հասարակության մի հատված ուշադրություն չի դարձնում Փաշինյանի հայտարարության բովանդակությանը, այլ տարված նրա անձով՝ ողջունում է այն ամենը, ինչ արտաբերում է այդ անձը։ Մյուս կողմից էլ, եթե նայում ենք հասարակության ավելի գիտակից հատվածին, տեսնում ենք, որ կա հասարակության մի զգալի մաս, որի համար այս ամենն ընդունելի չէ։ Մեր հասարակությունը կարող է տարբեր հայացքներ ունենալ այլ հարցերի շուրջ, բայց եթե հասարակությունը նաեւ պառակտվում է մեզ համար զգայուն, մեր ինքնությունը ձեւավորող հարցի շուրջ՝ հայոց ցեղասպանության խնդիր, հակաթուրքական եւ մեր ինքնության պայքար, դառնում է շատ մտահոգիչ։ Ու եթե հիմա էլ ադրբեջանցիները շարունակում են հայերի, հայ գերիների, Արցախի քաղաքացիների հանդեպ ցեղասպանական քայլեր, ու մենք էլ այս ամենը տեսնելով դեռ կասկածում ենք՝ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան թշնամիներ են, ուրեմն սա իրոք ողբերգություն է»։ 

Ինչ վերաբերում է ապրիլքսանչորսյան երթին, ապա «այստեղ որոշակի երեսպաշտական հանգամանք կա, եթե կարելի է Արագածոտնում ու Արմավիրում հավաքել որոշակի խմբով մարդկանց եւ անել չհայտարարված քարոզարշավ, ապրիլի 24-ին կարելի է անվտանգության կանոնները պահելով՝ իրականացնել այն երթը, որը, սկսած 1965-ից, Հայաստանում իրականացվել է անընդհատ, եւ որը միասնականության խորհրդանիշ է եղել անգամ խորհրդային շրջանում։ Ես մտածում եմ, որ հայաստանյան հասարակությունը շարունակում է պառակտվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ցավով ուզում եմ կանխատեսել, որ ապրիլքսանչորսյան խորհուրդն ու երթը այս տարի չեն կարողանալու իրենց շուրջ միավորել այս պառակտվող հասարակությանը։ Կարելի է կանխատեսել, որ իշխանական տարբեր շրջանակներից կշարունակեն հնչել սկանդալային հայտարարություններ։ Չմոռանանք, որ ամեն ապրիլի 24-ին, դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում տարատեսակ սկանդալային հայտարարություններ են դրվում շրջանառության»։ 

Այդուհանդերձ, Մելքոնյանը կարծում է, որ այդ օրը հասարակությունը պետք է թոթափի ցանկացած քաղաքական տարաձայնություն եւ դրսեւորի միասնականություն․ «Այստեղ չեն կարող լինել հներ, նորեր, տարբեր քաղաքական ուժեր, այստեղ կա միայն հայ ազգ, որ միասնական է այս հարցի շուրջ։ Եթե այստեղ էլ նահանջենք, մեր անկումը կարող է դառնալ կանխատեսելի»։