Արտահերթ պառլամենտական ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանում «լրատվամիջոցների համաներում» է հայտարարվել

Արտահերթ պառլամենտական ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանում «լրատվամիջոցների համաներում» է հայտարարվել

Ադրբեջանում, ինչպես հայտնի է, հաշված օրեր անց տեղի են ունենալու արտահերթ պառլամենտական ընտրություններ։ Ահա այդ ընտրություններին ընդառաջ, ադրբեջանական իշխանությունները բավական հետաքրքիր քայլ են իրականացնում՝ «լրատվամիջոցների համաներում» հայտարարելով։ Եվ այսպես, Ադրբեջանի Տպագրության խորհուրդը, որը զբաղվում է նաեւ մամուլի հարցերով, իր հերթական նիստում, որը տեղի է ունեցել նախօրեին, որոշում է կայացրել այսպես կոչված «ԶԼՄ-ների սեւ ցուցակից» հանել այնտեղ ներառված բոլոր ԶԼՄ-ներին, ասել է, թե՝ համաներում հայտարարել։

Նշված ցուցակում ընդգրկված են այն ԶԼՄ-ները, որոնք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, չարաշահել են լրագրության ընձեռած հնարավորությունները։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ցանկում տեղ գտած ԶԼՄ-ների մի մասը այլեւս չգործող է, իսկ նրանք, որոնք գործում են, արդեն «վտանգ չեն ներկայացնում հասարակության համար» եւ «ռեաբիլիտացված են լիովին կերպով»։ Թե ինչ կարելի է հասկանալ այս ձեւակերպումների ներքո, դժվար չէ կռահել, հաշվի առնելով, որ մամուլը Ադրբեջանում գտնվում է իշխանության տոտալ վերահսկողության ներքո։ Ուշագրավ է թերեւս այն, որ ընտրություններից առաջ այս «համաներումը» ինչ հեռահար նպատակներ է հետապնդում։