Դա կարելի է ձևակերպել սահմանադրական կարգի խախտում․ Արմենուհի Կյուրեղյան

Դա կարելի է ձևակերպել սահմանադրական կարգի խախտում․ Արմենուհի Կյուրեղյան

«Եթե մենք ցանկանում ենք կառուցել ժողովրդավարական պետություն, ապա առաջին փոփոխությունները հենց դատաիրավական համակարգում պիտի լինեին, որովհետև քաղաքացիները պետք է վստահ լինեին, որ այն բոլոր իրավունքները,որոնք որ կխախտվեին, վստահելի դատական համակարգի միջոցով կարելի է պաշտապնել»,- անդրադառնալով Փաշինյանի գրեթե մեկամյա իշխանավարմանը՝ ասաց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, ներկայումս անկուսակցական Էլինար Դանիելյանը․

«Ցավոք սրտի, այդ փոփոխությունները առայժմ չկան, և չի էլ ուրվագծվում ռեֆորմների համակարգը, որոնց շրջանակներում այդ փոփոխությունները պետք է կատարվեին։ Ուենք հայտարարություն, որ ունեն քաղաքական կամք, և դատարաններին այլևս ուղղություն ցույց չեն տալու, բայց դրա կողքին կա ձայնագրություն, որում պետական պաշտոնատար անձինք խոսում են դատավորների վրա ազդեցության վերաբերյալ, ունենք հայտարարություն, որ կոռուպցիան արմատախիլ է արվել, և չի կարող կոռուպցիա լինել, բայց դրան զուգահեռ ունենք առաջին հակակոռուպցիոներ համարվող անձի նկատմամբ հարուցված քրեական գործ և մեղադրանք։ Իսկ Մթնոլորտի մասին ընդհանրապես չխոսեմ, որովհետև այս մեկ տարվա ընթացքում հանրությունը այնքան է բաժանվել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, և այս մթնոլորտում ակնկալել զարգացում, ակնկալել դրական օրակարգ, տեղին չի լինում»,- շարոնակեց Վարդանյանը։

ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նշեց, որ այս առումով ինքը այլ մոտեցում ունի․ ոչ թե չկան փոփոխություններ, այլ կան, բայց դրանք բացասական երանգ ունեն․

«Մենք հետքայել ունենք, և ոչ առաջքայլեր։ Եթե հոկտեմբերի 2-ի մասին ենք սկսել խոսել, ապա այդ օրը գործադիր իշխանությունը փորձեց ամեն կերպ ազդել օրենսդիր իշխանության որոշումների վրա, փորձեց ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների որոշումների կայացման գործընթացի վրա, իսկ դա հակասում էր Սահմանադրության 4-րդ հոդվածում ֆիքսված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին, դա խախտում էր իշխանությունների տարանջատման սկզբունք, և դա կարելի է ձևակերպել սահմանադրական կարգի խախտում»։