Ետընտրական մտորումներ-2

Ետընտրական մտորումներ-2

Սկիզբը՝ նախորդ համարում

Պատմության ամենակարեւոր դասը

Դարեր շարունակ հայը կքել է օտարի լծից, երազել անկախության մասին: Բայց դժվարությամբ ձեռք բերված անկախությունը խամրել ու կորցրել է իր արժեքը, երբ օտարի պարտադրած անարդարության մթնոլորտը փոխարինվել է ազգակցի կեղեքումով: Վերջիվերջո, եկել է մի պահ, որ նրա համար այլեւս միեւնույն է եղել, թե ով կկառավարի իրեն՝ օտա՞րը, թե՞ յուրայինը: Օտարի պարագայում դեռ եղել է արդարացում՝ եղածի հետ հաշտվելու: Իսկ յուրայինից պահանջներն ավելի մեծ են եղել: Ուստի ոչ մի կերպ չի կարողացել ներել ազգակցին իրեն օտարի պես պահելու համար: Հաճախ են ասում, թե հայը տիրասեր չէ: Իսկ արդյո՞ք հայոց տերերը միշտ են անհրաժեշտ չափով երկիր ու ժողովուրդ սիրել: Հայ պատմիչները քանի՜-քանի վկայություններ են թողել հայոց արքաների մասին, որոնք անձնապաշտության պատճառով երկիրը տարել են պառակտման, ներքաշել պատերազմների մեջ: Տերունական գործերը թողած՝ նրանցից շատերը տրվել են աշխարհիկ վայելքներին, չմտածելով պետության ու նրա հենարանը հանդիսացող շինականի մասին:

Վերջինիս ուզածը եղել է մի բան՝ իր հայրենիքում լինել ազատ ու չխաբված, ապրել չոտնահարված իրավունքով: «Հայրենիք», «անկախություն» հասկացությունները նրա համար կորցրել են կենսական նշանակությունը, եթե դրանք չեն ծառայել իր արժանապատվության հարգմանն ու բարեկեցության հաստատմանը: Այդ պարագայում երազանքները նրան կտրել են հողից, տարել հեռու: Որպես կանոն, հայը շատ հազվադեպ է դուրս եկել պայքարի սեփական իշխանների դեմ: Ավելի շատ նախընտրել է հեռացումը: Այդպես են դատարկվել մեր շեներն ու ոստանները: Նա կարող է տեւական ժամանակ դիմանալ փորձությունների, բայց չի կարող անվերջ հանդուրժել անարդարությունը: Հինգ հազար տարի առաջ է՞լ ենք եղել այդպիսին: Հավանաբար՝ այո:

Այդ չի՞ ուսուցանում մեր մեծ նահապետը: Հետեւաբար, պետականության մեր պատմական փորձը հուշում է, որ երկիրը պետք է ղեկավարեն անբասիր վարքուբարքի տեր մարդիկ, որոնք, հաշվի առնելով մեր ազգային ինքնատիպությունը, զերծ մնան իշխանատենչությունից ու նյութապաշտությունից: Այլապես կկորցնեն ժողովրդի հավատն ու վստահությունը իրենց ու պետության հանդեպ, մերժելի կերպարով կարժեզրկեն ամենավեհ գաղափարներն անգամ՝ թողնելով դրանք անպաշտպան: Ո՞վ չգիտե, որ իր զորավարին ու արքային չսիրող զինվորն ու երկրացին ի զորու չեն վերջնական հաղթանակներ կերտել: Բնականաբար, ժողովրդական ցասումը կարող է մի օր «կեղտաջրի հետ դուրս նետել նաեւ երեխային»: 

Նորօրյա դասեր

Արցախյան առաջին պատերազմի հաղթական արդյունքները ոչ թե ծառայեցին ընդհանրական նպատակներին, այլ մաս-մաս արվեցին երկրի ռազմաքաղաքական վերնախավի երեւելիների միջեւ: Այդպես ոմանք փորձեցին սեփականաշնորհել ժողովրդի տառապանքով ձեռք բերված հաղթանակը՝ իրենց նկատմամբ հարուցելով ժողովրդական լայն շերտերի ատելությունը, իսկ հաղթանակի նկատմամբ՝ անտարբերությունը: Մեր օրերում ընդվզումի քաղաքական հանգուցալուծումը կարող են տալ միայն օրինական ընտրութունները: Այլընտրանքը դարձյալ արտագաղթն է: Այս առումով անկախության տարիները պարարտ հող ստեղծեցին արտագաղթի համար: 

Ցանկանում ենք նկատել, թե՝ ոչ, խորհրդարանական արտահերթ ընտրություններն իրենց մեջ պարունակում են ժողովրդական ընդվզումի բաղադրիչներ: Իրավիճակի վրա ազդեցություն չթողեցին ազատագրված տարածքների, երբեմնի հաղթանակների ու երկրի շենացման մասին նախկինների հիշեցումները: Ընդհակառակը, դրանք ծնեցին զգուշավորության տրամադրություններ եւ մեծամասնությանը մղեցին, տարակուսանքներով ու երկփեղկվածությամբ հանդերձ, կրկին սատարել նոր իշխանությանը: Այս երեւույթը կարող է կրկնվել, եթե նախկին նախագահներից որեւէ մեկը վերադարձի հայտ ներկայացնի: Ուստի որքան էլ զարմանալի թվա, նախկիններն այս պահին հանդիսանում են նոր իշխանության յուրօրինակ հենարանը: Հետեւաբար, ենթադրելի է, որ առաջիկա տարիներին իրական ընդդիմությունը ձեւավորվելու է արտախորհրդարանական ուժերից, որն ընդդիմություն է լինելու ոչ միայն գործող իշխանությանը, այլեւ խորհրդարանական մյուս ուժերին:
 
Սպասվելիք վտանգները

Անկախ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած համակրանքից ու հակակրանքից, մենք պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ: Դա է պահանջում մեր պետության շահը: Եվ բոլորովին արդարացի չէ՝ թերագնահատել ժողովրդի հիշյալ հատվածին, նրան պիտակավորելով ոչ պարկեշտ արտահայտություններով: Իրականում ժողովուրդն ուզում է լինել իր բախտի տերը: Վաղը նա թույլ տված սխալների համար կբացասի նաեւ այսօրվա իշխանությանը: Իսկ այսօր կարեւորն ինքնուրույն որոշումների կայացման իրավունքի ամրապնդումն է ու այն իրացնելու ավանդույթների ձեւավորումը: Այդպես նա սովորում է օգտվել իր իշխանությունից: Դրա հետ մեկտեղ, իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով:

Կառավարման համակարգում մեզ սպառնացող ամենամեծ վտանգն այն մոլորությունն է, որ իշխանություննը իրավասու է անել ամեն ինչ, քանի որ ստացել է մեծամասնության վստահությունը: Իրականում, կան խնդիրներ, հատկապես երկրի սահմաններին ու անվտանգությանն առնչվող, որոնք չեն կարող լուծվել միանձնյա որոշումներով, առավել եւս, եթե նախընտրական քարոզներում նմանատիպ հարցերի առնչությամբ պարզաբանումներ չեն եղել: Իսկ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր արծարծելիս լուծումը պետք է տրվի միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Հետեւաբար, իշխանություններն ինչքան շուտ ազատվեն այդ մոլորությունից, իսկ նրանց ձայն տվողներն ինչքան շուտ հասկանան, որ իրենք ոչ թե սոսկ մեխանիկական սատարողներ են, այլեւ հետագա զարգացումների պատասխանատուներ ու վերահսկիչներ, այնքան ավելի կշահի մեր պետությունը: 

Հայաստանն անխուսափելիորեն գնալու է քաղաքական համակարգի վերափոխման ճանապարհով: Չափից ավելի մեծ իշխանությամբ է օժտված վարչապետական ինստիտուտը: Դրան հակառակ, աննշմար են նախագահական ինստիտուտի գործառույթն ու դերակատարումը:

Սահմանադրությունը բարեփոխելիս ոչ թե պետք է բավարարվել սոսկ նախագահական կամ կիսանախագահական մոդելի ընտրությամբ, այլ անհրաժեշտ է մանրակրկիտ կերպով մշակել փոխլրացումների ու հակակշիռների մեխանիզմներ: Չէ՞ որ այդ համակարգերն արդեն գործածվել են Հայաստանում եւ պակաս խոցելի չեն եղել, եթե առաջին դեմքերն ունեցել են որոշակի միտումներ: 
Հեղափոխական իշխանության երկրորդ մարաթոնը որոշակի հանգստության կմղի իշխող վերնախավին: Ինքնաբավությունն ի հայտ կբերի համակարգային արատներ: Հիշենք, որ ժամանակի որոշակի հատվածում առաջադիմական գործընթացներն անգամ կորցնում են իրենց նախնական փայլն ու բնույթը:

Օրինակներ՝ ինչքան ասեք. Ֆրանսիական հեղափոխության քսանհինգամյա երթն ավարտվեց հեղափոխական ուժերի հեռացումով ու Բուրբոնների արքայատոհմի վերահաստատումով: Այստեղ ոչ այնքան դեր խաղաց Բուրբոնների ցանկությունը, որքան նրանց վերադարձի հասարակական պահանջը, որին նպաստեցին հեղափոխության կողմնակիցների բռնություններն ու սխալները: Հայաստանյան իշխանություններին, ներքաղաքական հաղթության բերկրանքն ըմբոշխնելիս, չէր խանգարի ականջալուր լինել իրենց հասցեին հնչող քննադատություններին: Արձագանքի ու պատասխանի լավագույն օրինակը բոլորովին էլ մուրճի կիրառումը չէ: Ավելորդ ինքնավստահությունը չպետք է խանգարի՝ ըմբռնելու նախորդների մերժելիության պատճառները: Վերջին հաշվով, աննախադեպ կոչվող երեւույթներն անգամ ունեն իրենց թարմության ու «դուրսգրման» ժամկետները: Մինչդեռ հայ հանրությունը երազում է կայուն ու բարեկեցիկ Հայաստանի մասին:

Մեկ անգամ եւս՝ հնի ու նորի մասին

Որքան էլ առաջին հայացքից մեծ են հին ու նոր իշխանությունների միջեւ տարբերությունները, համեմատությունը բացահայտում է նրանց խորքային նմանությունները: Երկուսի համար էլ իշխանության պահպանումը եղել է գերխնդիր: Եթե նախկիններն այն պահպանում էին ընտրակաշառքի միջոցով, ներկաներն օգտվում են նախկինների նկատմամբ հանրության ունեցած ատելությունից: Հեղափոխական թիմը ողջ քարոզարշավը կառուցեց «հները վատն են», իսկ նախկինները՝ «երկիրն անպաշտպան է» գաղափարների շուրջ: Երկու ճամբարում էլ հասկանում էին, որ դրանք այսրոպեական գործոններ են, սակայն չփորձեցին զերծ մնալ դրանց շահարկումից: Ավելի շատ զգացմունքային խոսք, քան ծրագիր: Թե՛ մեկի, թե՛ մյուսի կողմնակիցները, բացառությամբ նեղ շրջանակի, այդպես էլ չիմացան՝ հանուն ինչ հասարակարգի են քվեարկում:

Խորհրդարանական գունապնակը ձեւավորվեց օրվա տրամադրությունների արդյունքում: Իրականում, համակարգային առումով, խորհրդարանական երեք ուժերն էլ գաղափարական նույն հենքն ունեն: Մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ նրանք արտահայտում են մասնավոր սեփականատերերի շահերը: Մենք գործ ունենք, մի դեպքում՝ լիբերալիզմի, մյուս դեպքում՝ նեոլիբերալիզմի դրսեւորումների հետ: Ցավոք, հանրությունն այս հարցերի մեջ խորանալու հնարավորություն չունի: Խորհրդարանում ներկայացված ուժերն առանձնապես հակված չեն բարձրացնելու մասսաների քաղաքական կրթվածության մակարդակը: Դրանով է պայմանավորված ինչպես նախկինում, այնպես էլ 2018-ին ու 2021-ին անցկացված ընտրությունների շեղող բնույթը, մի դեպքում՝ կաշառատվությամբ, մյուս դեպքում՝ հապճեպությամբ: Քաղաքական ուժերին չտրվեց բավականաչափ ժամանակ՝ գաղափարական հենքի վրա ընտրություններ կազմակերպելու համար: Մտավորականությունը եւս հայտնվեց ժամանակային ցայտնոտի ու երկընտրանքի ծուղակի մեջ: Մասնագիտական խոսքը մնաց ստվերում: Իսկ ինչի՞ մասին է պետք իրազեկել շարքային քաղաքացուն:

Շարունակելի

Ֆիրդուս Զաքարյան