Կուկուռուզնիկի մոտով որ անցնում եմ, ներաշխարհս խառնվում է

Կուկուռուզնիկի մոտով որ անցնում եմ, ներաշխարհս խառնվում է

Փաստաթղթերի տրցակը ձեռքին «Հրապարակ»-ի խմբագրություն այցելած Ասքանազ Խաչատրյանը մեզ հետ զրույցում քանիցս շեշտում է, որ ինքը հավատավոր կոմունիստ է։ Նա վառ հուշեր է պահպանել Երեւանում տարիներ առաջ վեր խոյացած Երիտասարդության պալատի, կամ, ինչպես ասում են՝ Կուկուռուզնիկի մասին, որը Հայաստանի անկախանալուց հետո դառը ճակատագրի արժանացավ։ 

Ասքանազ Խաչատրյանը հիշում է, որ տասը տարի եղել է տրամվայի պարկի տնօրեն, առողջապահության համակարգում  «Շտապ օգնության» մեքենաների աշխատանքն է ղեկավարել, հանդիպելիս միշտ ձեռքով է բարեւել  ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին։ Հետո ցույց է տալիս ռուսերեն հրատարակված «Ճանապարհ կյանքի միջով» ինքնակենսագրական գիրքը։

Ասքանազ Խաչատրյանը եղել է նաեւ կոմերիտմիության սկզբնական կազմակերպության քարտուղար։ Եվ այդ ընթացքում էլ, երբ կոմերիտմիությունը կառուցում էր Երիտասարդության  պալատը, շատ-շատերն են մասնակցել այդ պալատի կառուցման աշխատանքներին։ 

«Մենք տասնհինգ-քսան հոգով  մասնակցում էինք այդ կառույցի աշխատանքներին, քար ու ավազ տեղափոխում։ Հիմա դիմում եմ բոլոր նրանց, որոնք մասնակցել են պալատի կառուցման աշխատանքներին, որպեսզի պահանջենք, թե ինչու քանդեցին Երիտասարդության պալատը, որն այսօր գոյություն չունի»,- ասում է մեր զրուցակիցը։

Ասքանազ Խաչատրյանը ցույց է տալիս Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս․ Դանիելյանի  կողմից 20․10․2005թ․ տրամադրված քանդման թույլտվությունը։ Թույլտվությունը տրված է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին գլխավոր հատակագծի վրա հետեւյալ համարներով նշված շենքերը, շինությունները եւ կառույցները քանդելու համար։ Փաստաթղթում նշված է, որ նախկին «Երիտասարդության պալատ» հյուրանոցային մասնաշենքը 19830․0 քմ մակերեսով քանդվում է «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի հ․ 11-2/324 եզրակացության հիման վրա։ 

Ասքանազ Խաչատրյանը Երիտասարդության պալատը համարում է իր բնակարանը, այն մարդկանց բնակարանը, որոնց ջանքերով կառուցվել է այդ շենքը։ 
«Որ շենքի մոտով անցնում եմ՝ ներաշխարհս խառնվում է, աչքերս լցվում են»,- զրույցը եզրափակում է Ասքանազ Խաչատրյանը։