Ի՞նչ է ասել Փաշինյանը Տոկաևին
Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն:
Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը:
Մեծարգո պարոն նախագահ,
Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»,- նշել է նա:
Կարծիքներ