Ընդդիմադիր դաշտն ունի այն պոտենցիալը, որը թույլ կտա հաղթահարել նաև բարձր շեմը․ Ալեքսանդր Մարգարով

Ընդդիմադիր դաշտն ունի այն պոտենցիալը, որը թույլ կտա հաղթահարել նաև բարձր շեմը․ Ալեքսանդր Մարգարով

Հայաստանում պայմանավորված քաղաքական ճգնաժամով 2021 թվականին հավանական են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ։

- Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ ի՞նչ մոտեցում ունեք; Այս իրավիճակն ինչպե՞ս է պետք լուծել։

- Ստեղծված ճգնաժամային իրավաճակում խնդիրն ավելի շատ վերլուծական բնույթի է՝ «ինչպե՞ս անդրադառնալ այն հարցերին, որոնք առկա են երկրում»։ Եվ դրանք իրենց մեջ պարունակում են անվտանգային տարատեսակ խնդիրների լուծումը, որը ներառում է և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ այլ տարրեր։ Այսինքն՝ բոլոր հարցերին կարելի է անդրադառնալ անվտանգային տեսանկյունից։ Ընդդիմադիր թևն ասում է, որ այս հարցերը կարող են լուծվել միայն առաջին քայլը կատարելուց հետո՝ «Փաշինյանը պետք է հեռանա»։ Դրանից հետո ես չեմ տեսնում հստակ գործողությունների ծրագիրը, որը որ ներկայացնում է ընդդիմությունը որպես միասնական ուժ։ Որտեղ առաջարկում են հաղթահարել այն ճգնաժամը, որի մասին մենք բոլորս խոսում ենք։ Իրավիճակը գնահատելիս նույնիսկ որոշակի համաձայնություն կա ընդդիմության և իշխանության կողմից (հուսով եմ, որ նաև իշխանությունը)՝ կա պոստպատերազմյան ճգնաժամ։ Լուծումները կամ ճանպարհային քարտեզը, որ իշխանությունները ներկայացրել են, էլի բավականին ընդհանուր են՝ տնտեսական բարեկեցություն, սոցիալական խնդիրներ, գերիների հարց և այլն։ Կոնկրետ գործողություններ, դե, որոշ չափով ներկայացված են, բայց մանրամասն այդպես էլ չենք տեսնում։ Ընդդիմության մոտ էլ է նույն խնդիրը, այսինքն՝ մենք չենք տեսնում հստակ գործողությունների ծրագիրը, բացառությամբ մեկ հիմնական կետից, նրան բոլորը միավորվել են (մի մասը դուրս է գալիս, մի ուրիշ մարդիկ միանում են, էլի մարդիկ դուրս են գալիս, ուրիշներն են միանում) մեկ ընդհանուր բանի շուրջ՝ «Փաշինյանը պետք է հեռանա։ Դրանից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարությունը, որը բաղկացած է պրոֆեսիոնալներից, արհեստավարժ գործիչներից։ Դրանից հետո 1 տարվա ընթացքում պետք է լինեն ընտրություններ»։

- Արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կտան այդ լուծումը։

- Ի՞նչ կձևավորեն ընտրությունները, իհարկե, այլ խորհրդարան։ Այն տեսանկյունից, որ դժվար է ակնկալել, թե «Իմ քայլը» կամ դրա նման ինչ-որ քաղաքական ուժ, որ սատարում է Փաշինյանին, կստանա նույն մեծամասնությունը, որ ստացել է 2018-ի ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական այլ քաղաքական ուժերին, ապա որոշակի վստահությամբ կարող ենք ասել, որ «Բարգավաճ Հայաստանը», երևի թե, կպահպանի իր տեղը, եթե նույնիսկ առանձին գնա։ «Լուսավորի» դեպքում հարցական է։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ձևավորվող (դեռ ձևավորված չէ) ընդդիմությանը, իրենց համար լինելու է հարց՝ դուրս գալ ընտրության մեկ միասնական ճակատով ու ձևավորել միասնական ընդդիմություն, թե՞ գնալ առանձին, որը կարող է ավելի վտանգավոր լինել։ Հասարակության մեջ մի կողմից անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, մյուս կողմից՝ ապատիա։ Այս պայմաններում մենք չգիտենք՝ կլինի բա՞րձր մասնակցություն ընտրություններին, թե՞ հակառակը՝ հարաբերականորեն ցածր մասնակցություն, որը լինելու է ստեղծված իրավիճակի արտացոլումը։ 3 ընտրություն 5 տարվա ընթացքում՝ 2017-ին, 2018-ին, Երևանի քաղաքապետարանի ընտրությունները, չմոռանանք, որ դա Հայաստանի բնակչության կեսն է։ Եվ ևս մեկ ընտրություն 2021 թվականին։

Այսինքն՝ հասարակության մեջ կարո՞ղ է լինել որոշակի հոգնածության զգացում, թե՞ մենք կունենանք հակառակը՝ մասնակցության բում, որովհետև կցանկանան մասնակցել ու տեսնել՝ ում են ձևավորում որպես ապագա։ Որովհետև, Դուք հիշում եք, ընտրությունները 2018-ին հեղափոխական ալիքի վրա, որտեղ մոբիլիզացումը բավականին բարձր է եղել, իսկ մասնակցությունն ընտրություններին՝ հարաբերականորեն ցածր (49 տոկոս)։ Այսինքն՝ կուսակցությունները պետք է ունենան մոբիլիզացման պոտենցիալն իրենց մոտ՝ հավաքագրելով սեփական կողմնակիցներին և ուղղորդելով դեպի մասնակցություն ընտրություններին։ Պատկերը կարող է լինել տարբեր։ Եթե կուսակցությունները, ընդդիմությունը միավորվում են, գուցե իրենք կարողանում են ստանալ որոշակի ձայներ, և այստեղ, իհարկե, անհրաժեշտ է լինելու ունենալ ոչ թե նեգատիվ ծրագիր, այսինքն՝ ինչ-որ մեկի դեմ, այլ որքանով են նրանք կարող ներկայացնել կառուցողական ծրագիր, թե որքանով է այն լինելու իրատեսական։

- Արդեն միտումներ կան խորհրդարան անցնելու անցողիկ շեմը 5-ից իջեցնել 2-3 տոկոս։ Այս իրավիճակում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ապագա խորհրդարանի ձևավորման համար։ Եվ ենթադրենք՝ այնպիսի մի օրինագիծ է բերում «Իմ քայլը», համաձայն որի՝ վարչապետի հրաժարականով տեղի չի ունենում խորհրդարանի լուծարումը, այլ՝ ինքնալուծարման հնարավորություն է ստանում խորհրդարանը։

- Եթե մենք հաշվի առնենք 5 և 7 տոկոսները կուսակցությունների և միավորումների համար, ապա ընդդիմությանն ավելի անհրաժեշտ կլինի միավորվել, այլ ոչ թե հանդես գալ առանձին։ Եթե իջեցվելու է մինչև 3 տոկոս, այս դեպքում կուսակցությունները կարող են որոշել, որ իրենք ի վիճակի են հաղթահարել այս շեմը և մուտք գործել խորհրդարան որպես առանձին կուսակցություն, այլ ոչ թե որպես միասնություն։ Կարող ենք նայել այլ երկրների օրինակին, որտեղ մի տոկոսանոց բարիերը գոյություն ունի կամ նույն մեր հարևան Վրաստանում, որն էլի ունեցել է համապատասխան ցածր բարիերը։ Մինչև 4 տոկոսը համարվում է ցածր։ Որքան ցածր է բարիերը, այդքանով ավելի մեծ է հավանականությունը, որ խորհրդարան կանցնեն ավելի շատ քաղաքական ուժեր։ Որքան շատ են քաղաքական ուժերը, այդքան մեծ է պոտենցիալ անկայունությունը խորհրդարանում։ Որքան բարդ է ստեղծել կոալիցիա, այդքան ավելի բարդ է պահպանել մեկ կոալիցիոն ուժը։ Որքան քիչ են կուսակցությունները կոալիցիայի մեջ, այդքան հարաբերականորեն հեշտ է լինելու պահպանել այս միասնությունը։

Հետևաբար, եթե մենք խոսում ենք գոյություն ունեցող իրավիճակով և առաջադրվող տարբերակի մասին, որը բերելու է, ըստ էության, նրան, որ խորհրդարան կարող են մուտք գործել նաև այն քաղաքական ուժերը, որոնք այսօր գոյություն չունեն կամ ձևավորվում են ու սատարում են, ենթադրենք, վարչապետին, իսկ պատճառներից մեկը կարող է լինել դա։ Այսինքն՝ փոքր քաղաքական ուժը, որը կարող է մուտք գործել խորհրդարան ոչ թե «Իմ քայլի» մեջ, այլ որպես առանձին և ստանա համապատասխան տեղեր։ Անուններ չտանք, բայց դա էլի հնարավորություն է, այսինքն՝ շատացնելու, պրոլիֆերացիայի ենթարկելու քաղաքական կուսակցությունների քանակը խորհրդարանում։ Կախված թե ինչ բարեիեր է լիենոլւ, դրանով պայմանավորված է լինելու կուսակցությունների ռազմավարությունը։ Եթե խոսքը գնում է վարչապետի հրաժարականի մասին, խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություններին բնորոշ է անվստահության քվեից հետո վարչապետի և նրա հետ միասին կառավարության հրաժարականը։ Մեզ մոտ գրված է այլ կերպ։ Դուք հիշում եք, այնտեղ գրված է, որ «երկու անգամ հրաժարական է տալիս» և այլն։ Ռազմական դրության պայմաններում՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող անվստահություն հայտնել կառավարությանը, որովհետև դա չի թույլատրվում գոյություն ունեցող Սահմանադրությամբ։

- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գուրգեն Արսենյանի (ՄԱԿ) հետ, Արամ Սարգսյանի (ՀԿ) հետ, Արման Բաբաջանյանի հետ (ՀՀԿ), ով «Լուսավոր»-ով մտավ խորհրդարան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ է հանդիպում։ Այս կուսակցություններն ինչ-որ շանսեր ունե՞ն։

- Կախված է նրանից, թե ինչպիսին է լինելու շեմը։ 5 տոկոսանոց շեմը բավականին բարձր է։ Եթե այս նշված բոլոր քաղաքական ուժերը կազմեն կոալիցիա, էլի հավանական չէ, կամ բարդ է լինելու հաղթահարել 7 տոկոսանոց շեմը։ Ինչ վերաբերում է առանձին կուսակցությունների հաղթահարելուն, եթե շեմն իջեցվի մինչև 2 տոկոս, չենք կարող բացառել, որ կհաղթահարեն։ Եթե մենք խոսում են նրանց մասին (չնշենք անունները), որոնց շանսերը խորհրդարան մուտք գործելու հարաբերականորեն ցածր է, իսկ մինչև 3 տոկոսը, ցածր շեմն է, այս ցածր շեմի առկայությունը բնականաբար մեծանում է։ Եթե 1 միլիոն 8 հարյուր հազարը կմասնակցի, 2 տոկոսը կկազմի ընդամենը 36 հազար մարդ, դա հնարավոր շեմն է, որը կարող է հաղթահարել։ Իսկ եթե լինի 1 միլիոն 8 հարյուր հազար մասնակից, շեմը լինի 5 տոկոս, 90 հազարանոց շեմն, իհարկե, բարդ է հաղթահարել այն կուսակցության համար, որը հիմնականում պտտվում է մեկ անձի շուրջ կամ չունի քաղաքական պատմություն վերջին ժամանակաշրջանում։ Որովհետև Ձեր կողմից նշված անունները հայտնի են։ Մեծամասնությունը կարող է ասել․ «Սարգսյանն այս մարդն է»։ Գուցե Արսենյանին կհիշեն, որ եղել է ժամանակին խորհրդարանում։ Բաբաջանյանին գիտեն, ու ինքն այսօր ստեղծում է կուսակցություն՝ օգտագործելով տարբեր ռեսուրսներ, այդ թվում՝ ինֆորմացիոն, որ ինքն ունի։ Նրանց համար բնականաբար 2 տոկոսանոց շեմը հաղթահարելն ավելի հեշտ է լինելու, քան 5 տոկոսանոց շեմը։ Արդյո՞ք դա արվում է, որ խորհրդարան մուտք գործեն այն քաղաքական ուժերը, որոնք կարող են սատարել կամ հանդես գալ որպես լրացուցիչ օժանդակող ուժ օրվա քաղաքական իշխանությանը, դա այլ հարց է։ Որովհետև դրա հետ միասին չմոռանանք, որ կան նաև ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնց համար 2 կամ 3 տոկոս հաղթահարելու հավանականությունն ավելի մեծ է, քան թե 5 տոկոսը։ Ընդդիմադիր դաշտը, որ միավորվի, ստեղծի դաշինք, 7 տոկոս շեմը հաղթահարելու ավելի մեծ շանսեր ունի, քան թե նշված քաղաքական ուժերը, որ ևս միավորվեն։ Այն իրենց համար բարդ խնդիր է, որովհետև ընդդիմադիր դաշտը, այսօր նույնիսկ ձևավորվելով, ունի այն պոտենցիալը, որը թույլ կտա հաղթահարել նաև բարձր շեմը։ Նոր ձևավորվող կուսակցությունների համար բնականաբար դա ավելի բարդ է։