ԱԺԿ-ն սկսում է. ո՞վ դուրս կմնա դասավորությունից

ԱԺԿ-ն սկսում է. ո՞վ դուրս կմնա դասավորությունից

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» հայտարարել է  քաղաքական գործունեության նոր փուլի մեկնարկի մասին , որը «ներառելու է առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզչական գործընթացը եւ դրան զուգահեռ՝ 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»:

ԱԺԿ առաջնորդ, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը թիմակիցների հետ սկսել է բնակչության հետ հանդիպումների շարք: Մեկնարկը տրվել է Քարվաճառի շրջանում, որտեղ ԱԺԿ-ն, ի դեմս պետական մի քանի պաշտոնյաների, որոշակի հենարան ունի: Դատելով համացանցում տարածված լուսանկարներից, ընտրվել է ոչ պաշտոնական հանդիպումների ձեւաչափ: Ավելի վաղ Աշոտ Ղուլյանը չէր բացառել, որ կառաջադրվի նախագահի թեկնածու, ինչի մասին կհայտարարվի կուսակցության համագումարում: Մինչ ԱԺԿ-ի քաղաքական գործունեության նոր փուլի մասին հայտարարության տարածումը Ստեփանակերտում ԱՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում Աշոտ Ղուլյանի անունը գրեթե չէր շրջանառվում: Անցած շաբաթ, սակայն, հրապարակվեցին սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որոնք ԱԺ գործող նախագահին բավական բարձր վարկանիշ բացահայտեցին:

Ո՞վ եւ ու՞մ պատվերով է անցկացրել հարցումը՝ հայտնի չէ: Ընդհանուր տպավորություն է, որ սոցհարցման պատվիրատուն գործող իշխանությունն է, որն այդ կերպ փորձում է կողմնորոշվել նախագահի նախընտրելի թեկնածուի հարցում: Եւ եթե մինչ այդ խոսակցություններ կային, որ դա արտգործնախարար Մասիս Մայիլյանը կարող է լինել, խորհրդարանի խոսնակի՝ վերջինիս համեմատ գրեթե եռակի բարձր վարկանիշը եւ ԱԺԿ քայլերի տրամաբանությունն այլ բան են հուշում: Աշոտ Ղուլյանը փորձառու քաղաքական գործիչ է, 2005թ.-ից անընդմեջ ղեկավարում է Ազգային ժողովը, նախկինում գլխավորել է ԱԳՆ-ն, ունի դիվանագիտական աշխատանքի փորձառություն: Խնդրահարույց է, սակայն, նրա գլխավորած կուսակցության վարկանիշի պարագան: Խորհրդարանական վերջին ընտրություններում ԱԺԿ-ն զիջել է նույնիսկ Դաշնակցությանը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ չնայած պետական համակարգի աջակցությանը: Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մնացել է 6-7 ամիս:

Այդ կարճ ժամանակամիջոցում ԱԺԿ-ն կկարողանա վերականգնել վարկանիշային կորուստները, նրա առաջնորդին կհաջողվի՞ ձեւավորել նոր եւ, որ շատ կարեւոր է, մրցունակ եւ հասարակության վստահությունը վայելող թիմ: Արցախի պետական կառույցներից ամենսուր քննադատության արժանանում է Ազգային ժողովը, որն այդպես էլ չի դարձել քաղաքական մարմին: Այդուհանդերձ, շատ մեծ է հավանականությունը, որ Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Հարցն այն է, թե նա մրցապայքարի մեջ կմտնի բացառապես իր կուսակցության ռեսուրսներո՞վ, թե՞ որեւէ այլ քաղաքական ուժ կսատարի նրան: Ստեփանակերտում տպավորություն կա, որ

Դաշնակցությունը չի աջակցի Աշոտ Ղուլյանին եւ կփորձի որոշակի կոնսոլիդացիա ձեւավորել Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Ո՞վ դուրս կմնա դասավորությունից: Շատերը հակված են այն կարծիքին, որ նախագահի թեկնածու չի առաջադրվի Վիտալի Բալասանյանը եւ ում կսատարի՝ մրցապայքարի սրությունը պայմանավորված կլինի դրանով: