Գույքահարկի բարձրացման նախագիծը տագնապ է առաջացրել Հայաստանում

Գույքահարկի բարձրացման նախագիծը տագնապ է առաջացրել Հայաստանում

Այսօր գործադիրը նիստի ժամանակ ընդունեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարությունը գտնում է, որ գործող կադաստրային արժեքները խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։ Ուստի որոշել է փոխել անշարժ գույքի կադաստրային արժեքների գնահատման կարգը: Ստեղծվել է տարածագնահատման գոտիավորման հետազոտական թիմ, որն էլ զբաղվում է նոր հաշվարկային համակարգով: 

Կադաստրային արժեքի գնահատման և գոտիավորման համար այս անգամ հիմք է ընդունվել գույքի շուկայական միջին արժեքը, ինչը զարմացրել է անգամ պետական չինովնիկներին: Մասնավորապես, կադաստրի կոմիտեի մարզային կառույցների աշխատակիցները նախագծի շուրջ քննարկումների ժամանակ, որոնք արդեն կայացել են Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ոլորտային մասնագետների մասնակցությամբ, հարց են բարձրացրել՝ իսկ ինչպե՞ս են հաշվարկվում շուկայական արժեքները, ինչպե՞ս համոզվել, որ շուկայական արժեքի հաշվարկը ռեալ է, և ո՞վ է դա անելու: Տարածագնահատման գոտիավորման հետազոտական թիմի անդամ, փորձագետ Վահան Ղազարյանը շտապել է նրանց հանգստացնել՝ ասելով․ «Դուք եկել եք մի հիմնարկ, որը միակն է, որը տիրապետում է հանրապետությունում անշարժ գույքի գործարքների վերաբերյալ տվյալներին»։

Որպես նպատակ՝ ազդարարվում են «հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքները», հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում և այլն: Բայց հանրության սպասումները, օրինագծի հետ կապված, տատանվում են բացասականից շատ բացասականի միջակայքում: Լուրեր են տարածվում, որ գույքահարկի չափը բարձրանալու է 8-10 անգամ, ինչը կհարվածի հատկապես մայրաքաղաքի կենտրոնում բնակվող ոչ հարուստ ընտանիքների գրպանին, իսկ անշարժ գույքի շուկան պարզապես կմեռնի: Կադաստրի կոմիտեն շտապում է հանգստացնել քաղաքացիներին։ «Ընդամենը սահմանվում է անշարժ գույքի հարկման բազայի ձևավորման համար անհրաժեշտ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, որի վրա կիրառելով նոր սահմանվելիք դրույքաչափերը՝ կստանանք հարկի չափը»,- ասվում է կոմիտեի տարածած հաղորդման մեջ, և նոր դրույքաչափերը, նոր չհարկվող շեմի չափը սահմանվելու են ՀՀ հարկային օրենսգրքով և գործելու են միայն 2021 թվականի հունվարի 1-ից, և այս պահին գույքահարկի բարձրացման մասին էական կամ ոչ էական չափով խոսելը վաղ է:  

«Ենթադրվում է, որ սահմանվելիք հարկման մեխանիզմը կապահովի հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց անապահով կամ ցածրարժեք գույք ունեցող հարկ վճարողների հարկային բեռի ավելացման՝ փոխարենը ապահովելով համայնքների բյուջեների լրացուցիչ հարկային մուտքեր բարձրարժեք գույքի հարկումից»,- խոստանում էր Սարհատ Պետրոսյանը: Բայց ՀՀ քաղաքացու ինտուիցիան հուշում է, որ երբ չինովնիկը խոսում է բյուջեի եկամուտների ավելացման մասին, ուրեմն մեծ է հավանականությունը, որ քաղաքացու շահի վրա թքած ունի, և պետք է պատրաստվել ամենավատ սցենարին: 

Տնտեսագետ Արայիկ Այվազյանը գտնում է, որ օրինագիծն այս բարի նպատակով ու վատ հետևանքներով հերթական թերի փաստաթուղթն է լինելու։ «Արդար է, իհարկե, որ մարդկանց համար, ովքեր կենտրոնում թանկարժեք գույք են ձեռք բերում, բարձր գույքահարկ վճարեն։ Բայց կան մարդիկ, որոնք վճարունակ չեն, թեև նրանց գույքը շուկայական բարձր գին ունի։ Ես չեմ տեսել նախագծում, թե ինչ մեխանիզմ է նախատեսել կառավարությունը, որ այս խնդիրը լուծի, դրա գործիքները չեմ տեսել»։ Տնտեսագետը գտնում է, որ հատկապես կտուժի տուրիզմի ոլորտը։ «Ունենք Ծաղկաձորում թանկարժեք հյուրանոցներ, դա լավ տարածք է, և եթե դրանց գույքահարկն ավելի բարձրացնեն, մեր հյուրանոցային ծառայությունների գները, որոնք առանց այդ էլ բարձր են, ավելի կաճեն։ Առանց այդ էլ մարդիկ Վրաստան են գնում հանգստանալու»։ Փաթեթը բազմակողմանի քննարկված չէ, կիսատ է և ծանր սոցիալական հետևանք է ունենալու։

«Ի վերջո, եթե գույքահարկը բարձրանա, բիզնեսն այդ բարձրացումը ներառելու է իր ծառայությունների գների մեջ, կփոխհատուցի քաղաքացու գրպանի հաշվին,ու վերջնական տուժողը նորից քաղաքացին է լինելու»,- ասում է Արայիկ Այվազյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն էլ, որը 6 տարի զբաղեցրել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը և նախկին վարչապետների օրոք կառավարությունում առանցքային դիրք է ունեցել, առանձին հոդված է գրել օրինագծի թեմայով։ Նա կանխատեսում է, որ գույքահարկի ավելացումը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազմանը, օտարերկրյա ներդրողների, հատկապես՝ սփյուռքի մեր հայրենակիցների հետաքրքրությունն անշարժ գույքի շուկայում կնվազի, կբարձրանան ծառայությունների արժեքը, տարածքների վարձավճարները, ինչը բացասաբար կանդրադառնա բիզնեսի վրա: