Պետությունը ժողովրդավարական բռնապետությունից վերափոխվում է բռնապետական ժողովրդավարության

Պետությունը ժողովրդավարական բռնապետությունից վերափոխվում է բռնապետական ժողովրդավարության

Ճգնաժամի մեջ գտնվող հայ հասարակության հաճախադեպ իրողություններից է դարձել անտարբերությունը: Հանկարծահաս հեղափոխությունը, դրան հաջորդած պատերազմը, չդադարող սահմանային բախումները մաշում են մարդկանց համբերության պաշարները, կորսվում է հավատն ամենքի ու ամենի նկատմամբ: Հայաստանցիներս օր-օրի դառնում ենք առավել անտարբեր դիտորդ։

Մեր անտարբերությունը քաղաքական է եւ ցույց է տալիս, որ մտել ենք երբեմնի ժողովրդավարության նվաղման շրջան։ Դիտորդն այլեւս քաղաքացի չէ, օտար է` ոչ նրբանկատ, ոչ կարեկից, զոմբի։ Երեկվա ըմբոստներն այսօր պարտված են զգում իրենց եւ ակամա ստվարացնում են «միաչափ մարդկանց» բանակը։ Թվում է` այդպիսի մարդկանց համար հեշտ է կառավարել պետությունը, եւ իշխանությունը զանազան մեքենայություններով նպատակասլաց գնում է անտարբերության վերարտադրության` չնկատելով, որ նվաղած հասարակությունը ծնում է նվաղ պետություն, իսկ նվաղ պետությունն առանց դիմադրության ընկրկում է արտաքին անգամ ամենաթույլ ճնշումների առջեւ: 

Իսպանացի մտածող Խոսե Օրտեգա ի Գասետը 90 տարի առաջ նկարագրել է մեր այսօրվա վիճակը: Գոյատեւման ելքի փնտրտուքներում մարդը կառչում է կեցության փշրանքներից, օտարվում բոլորից, աշխարհին հետեւում ինքնամփոփ անտարբերությամբ։ Կյանքի անորոշությունից սերված գռեհկությունն ու առընթեր դեպրեսիան այլակերպում, հավատազրկում են ճգնաժամային հասարակության մարդուն, նրան վերածում սոսկ նյութական բարիքներ սպառողի: Եվ ժողովուրդն աստիճանաբար ամբոխանում է, ասպարեզը մնում է հոգեբանորեն խոցելի զանգվածին։ Աշխատանքն ու ստեղծարարությունը մերժող այսպիսի հասարակությունը երկնում է բողոքի ու ապստամբության իր պատկերացումները, որտեղ շրջապատի հետ մարդու հարաբերակցման գերակա ձեւեր են դառնում անբանությունն ու կրավորականությունը։ 
Ամենօրյա կենցաղային հոգսերի բեռի տակ կքած ճգնաժամային հասարակության մարդն աստիճանաբար քաղաքացուց վերածվում է զուտ սպառողի։ Եթե մարդը՝ որպես քաղաքական էակ, աշխարհի հետ կապված է հուզական ամուր թելերով, իրեն ընկալում է այս կամ այն սոցիալական հանրության լիիրավ անդամ, իսկ հասարակությունն իրեն առաջարկում է այնպիսի արժեհամակարգ, որն օգնում է ապրել եւ պահպանել անօտարելի սոցիալական արժեքները, ապա սոսկական սպառողի վերածված ճգնաժամային հասարակության մարդն իր էկզիստենցիալ պահանջմունքները բավարարելու այլ եղանակ է գտնում` դրսեւորելով ծայրահեղ պատեհապաշտություն: Նա իրեն դուրս է դնում որեւէ սոցիալական խմբից, չի ընդունում արժեքային որեւէ գերակայություն, եթե այն սպառնում է իր շահին ու օգուտին։ Արդյունքը լինում է այն, որ անհատական գոյատեւման ասոցիալ  հիմունքները ձեւախեղելով  մարդկանց` հասարակականի նկատմամբ նրանց դարձնում են իներտ եւ անտարբեր զանգված։ Իսկ զանգվածները, ինչպես հայտնի է, առաջնորդվում են կարծրատիպերով, նրանք պատրաստ են ընկալել միայն այն, ինչը մատուցվում է որպես ներկայացում, հանդիսություն: 
 Ասվեց, խնդրահարույց գոյության շրջապտույտում հայտնված մարդն սկսում է կարեւորել միայն առկան, օգուտն ու շահը։ Եվ ամենեւին բացառված չէ, որ նման մարդկանցով լեցուն մեր երկիրը, որտեղ բացակայում են քաղաքացիների կողմից իշխանությունների վրա ներազդման լեգալ միջոցները, կարող է հայտնվել հերթական հեղափոխական խռովության կրակներում։ Խոստացված բարեկեցության պտուղները չեն երեւում, մինչդեռ մարդկանց անասելի տառապանքներ են պատճառում վերջին պատերազմի զոհերը, ադրբեջանական զնդաններում հեծող գերիները, մարդկանց հանգիստ չի տալիս դավադրության մասին կասկածը: 
Ինչ ենք տեսնում մեր շուրջը: Անտարբերության շարունակական այլակերպումներ` կենսակերպի վերածվող անգործություն, փախուստի պաշտամունք, ճարահատ տոկում, լատենտ անհամաձայնություն, մոտալուտ կռվի համար ուժերի խնայում: Ժամանակավոր ու հարկադիր դադարի այս վիճակը իշխանությունը սխալմամբ ընկալում է իբրեւ ընտրություններում եւ Սահմանադրական դատարանում իր պյուռոսյան հաղթանակին հաջորդած կայուն կարգուկանոն: Սակայն այդպիսի կայունությունը չի կարող նպաստել հասարակության եւ նրա տարրերի արդյունավետ ու ներդաշնակ համագործակցությանը, առավել եւս` զարգացմանը: Քանի որ կարծեցյալ կարգի վրա հիմնված գործառությունն անիշխանության եւ անտարբերության դրսեւորում է։ 
Ճգնաժամային փուլում մեր պետությունը ժողովրդավարական բռնապետությունից վերափոխվում է բռնապետական ժողովրդավարության: Իրավունքի եւ օրենքի մասին մարդկանց մոտ ձեւավորվում է պարզունակ կամ մերժողական վերաբերմունք։ Կա՞ արդյոք ելք այս ճգնաժամից: Իմ պատասխանն աներկբա է` ելք կա: Երբ արթնանա վստահության ու հավատի ոգին, եւ ստեղծվեն քաղաքական որոշումներ ընդունելու եւ իրագործելու այնպիսի ընթացակարգեր, որոնք կերաշխավորեն յուրաքանչյուրի եւ բոլորի անվտանգությունը, կխրախուսեն ազգային արժանապատվության զգացումները, կապահովեն սոցիալական իրավունքները, ապա հնարավոր կլինի գոյատեւման ճգնաժամային փուլից դուրս գալ եւ ոտք դնել ազգային միասնության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցության եւ զարգացման կենսահաստատ ուղի։


Արա 
Սահակյան