Ես դա գրել եմ 2018-ի ընտրություններին․ Տիգրան Ուրիխանյանը մանրամասնում է

Ես դա գրել եմ 2018-ի ընտրություններին․ Տիգրան Ուրիխանյանը մանրամասնում է

Այսօր ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության վերաբերյալ հերթական տեսանյութը տարածեց, որում նկարահանել էին Ծառուկյանի տանը գտած ինչ-որ փաստաթղթեր։ Հետագայում տարածվեցին նաև դրանց ստոպ-կադրերը։ Այդ թղթերից մեկը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից էր գրված, որում նա նշել է․

«Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե, լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»։

Մեզ հետ զրույցում Ուրիխանյանը ասաց, որ նման բան ինքը գրել է, բայց դա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չի վերաբերում, այլ հեղափոխությունից հետո՝ 2 տարի առաջ, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Ուրիխանյանին հարցրինք, թե ի՞նչ եղանակով ինքը պետք է ապահովեր այդ 8 հազար ձայնը, պատասխանեց՝ «Այն եղանակով, որով ապահովել եմ՝ քարոզչության միջոցով»։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Նաիրա Զոհրաբյանից, սակայն նա նշեց, որ չի ցանկանում անհեթեթություններ ու հումորներ մեկնաբանել։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ պայմաններում։ Եւ եթե հիմա Գագիկ Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականին կատարած ընտրակեղծիքների համար, ապա պետք է նույն սկզբունքով գործ հարուցվի նաեւ 2018-ի ընտրությունների վերաբերյալ եւ եթե հաստատվի մեղադրանքը, ապա ենթադրվում է, որ այդ ընտրությունները պետք է չեղյալ համարվեն։