Այս իրավիճակում գնալ ընտրության, դա աշխարհի համար զարմանք է, իսկ Ադրբեջանի համար երազանք... Հայի վերջին ճիչը..., կամ լավ է ուշ, բայց լավ...

Այս իրավիճակում գնալ ընտրության, դա աշխարհի համար զարմանք է, իսկ Ադրբեջանի համար երազանք... Հայի վերջին ճիչը..., կամ լավ է ուշ, բայց լավ...

Այն ինչ ասվելու է, ընդամենը մի վերջին ճիչ է, քանզի 33 տարի՝ մաս-մաս տված հազարավոր զոհերին կարող է միանգամից ավելանալ հազարավոր նոր պոտենցիալ զոհեր, քանզի անհամեմատելի երկու երևույթներ են այս պահին դրված սեղանին. առաջին. բացահայտ խախտել այն, ինչի մասին աշխարհն արդեն համարյա 3 ամիս ազդարարում է և այս պարագայում ընտրել նախագահ՝ ժողովրդին տանելով ընտրատեղամասեր և կանգնեցնելով մահվանը դեմ առ դեմ, երկրորդ. ուղղակի հետաձգել ընտրությունները՝ մինչև առաջին իսկ հարմար պահը: Աստված մի արասցե, կորոնավիրուսից կարող է աշխարհը քանդվել, սակայն Արցախի նախագահական ընտրությունների որոշակի ժամանակով հետաձգումից աշխարհը հաստատ չի քանդվի, քանզի կա ընտրված նախագահ, որն պաշտոնավարում է արդեն 13 տարի, այնպես որ, նա կարող է ևս որոշ ժամանակ ղեկավարել: Ակնհայտ է,  որ ամեն դեպքում մարդկանց վարակվելու վտանգը շատ մեծ է և նման քայլի կարելի է գնալ մի դեպքում միայն, եթե ասենք, ընտրությունները հետաձգելու պարագայում  Արցախի անվտանգությանը լուրջ վտանգ սպառնար, մնացած բոլոր պարագաներում մարտի 31-ին ընտրությունների անցկացումը չափազաց ռիսկային է: Իհարկե, ոմանք կարող են բերել հետևյալ հիմնավորումը. դե արդեն և պետության, և թեկնածուների կողմից բավականին ծախսեր են կատարվել, բա ինչ անեն, թողնեն, որ այդ գումարները գնան կորչեն: Իհարկե, մինչ այս պահն Արցախում արտակարգ դրություն սահմանված չէ, որն ադեն մեխանիկորեն կբերեր ընտրությունների հետաձգման, սակայն դա բնավ չի նշանակում, որ վիճակն այնքան վտանգավոր չէ, որ կարելի է նաև ընտրությունները չհետաձգել: Եթե նման քայլի դեպքում կա թեկուզ մեկ մարդու վարակվելու հավանականություն, ապա դա շատ ավելի գերակա արժեք է, այնպես որ միանշանակ արդարացված կլինի ընտրությունների հետաձգումը, քանզի կշեռքի մյուս նժարին դրված է ընդամենը նոր նախագահի ընտրությունը, որը մեծ հաշվով, զուտ մեկ անձի հարց է: Իհարկե, բազմաթիվ հարցեր կան և վիճակը չափազանց պարզունակ չէ, այնուամենայնիվ, ինչպես կարելի է մեկ անձի հարց լուծելու համար, մի ամբողջ ժողովրդի կանգնեցնել լուրջ վտանգի առջև ...
     Իհարկե քիչ, այնուամենայնիվ ժամանակ դեռ կա հեռու մնալու այդ լուրջ վտանգից, քանզի սխալվելու դեպքում ներելու տեղ չի մնում ...
     Նորություն ասած չեմ լինի, եթե բարձրաձայնեմ, որ յուրաքանչյուր երկրի նախագահի ամենաառաջնային ու սուրբ պարտականությունն է ցանկացած իրավիճակում պատասխանատվություն վերցնել և հանուն երկրի, պետության ու ժողովրդի կայացնել տվյալ իրավիճակին հարիր որոշում ...
     Նույնը վերաբերվում է Արցախի գործող նախագահին. հարգարժան պարոն Սահակյան, այս չափազանց պատասխանատու պահին, ելնելով զուտ Արցախի ժողովրդի անվտանգությունից, Դուք պարտավոր եք Ձեզ վրա վերցնել կարևոր պատասխանատվություն և հետաձգել ս.թ. մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացումը, քանզի անցանկալի հետևանքների պարագայում, ներում չեք ունենա Տիրոջ կողմից և անգամ ինքներդ Ձեզ չեք ների ...    
             
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ