Քաղաքացիություն՝ 400 հազար դոլարի դիմաց․ Թուրքիայում վրդովված են

Քաղաքացիություն՝ 400 հազար դոլարի դիմաց․ Թուրքիայում վրդովված են

Ինչպես հայտնի է, Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել, որով 2010 թվականից Թուրքիայում գործող այն օրենքը, ըստ որի՝ թուրքական պետության քաղաքացիություն կարելի է բացառության կարգով ստանալ այն դեպքում, եթե անձը 250 հազար դոլարի անշարժ գույք գնի Թուրքիայի տարածքում, փոփոխվում է, եւ 250 հազար դոլարի շեմը բարձրացվում է մինչեւ 400 հազարի։ Պայմաններից մեկն էլ այն է, որ այդ գույքը երեք տարի անձը պետք է լիարժեք տիրապետի եւ չօտարի։ Այս փփոխության որոշումն արդեն վավերացվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից։ Ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Սակայն թուրքական հասարակության շրջանում այս փոփոխությունը բուռն արձագանքի է արժանացել։ Շատ թուրք գործիչներ սուր քննադատության են ենթարկել իշխանություններին։

Օրինակ՝ «Լավ կուսակցության» շրջանային մարմնի ղեկավար Օղուզ Գյուրքան Ըշիկը գրել է, որ այս քայլով լրիվ ապացուցվում է, որ թուրքական տնտեսությունը ճգնաժամային վիճակում է, եւ իշխանություններն ամեն բանի պատրաստ են, միայն թե ստանան դոլարների հավելյալ քանակ։ Ու հանուն դրա վաճառում են ամեն բան՝ ապրանքներ, հողեր, անշարժ գույք եւ նույնիսկ՝ քաղաքացիություն։ Ամեն բան, ըստ Ըշիկի, Թուրքիայում հիմա վաճառվում է, ու ժողովուրդն էլ սպասում է ընտրություններին, որպեսզի հաշիվ պահանջի։ Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ իրականում թուրքական քաղաքացիությունը վաճառվում է բավական ցածր գնով, քանի որ այլ երկրներ նույն բանն անում են ավելի բարձր արժեքով։ Ոմանք կարծում են, որ չափազանց էմոցիոնալ արձագանքների իմաստ չկա, ու դա նորմալ է, իսկ ով հարցն ուռճացնում է, պարզապես «ջուր է պղտորում»։ Այն օգտատերերը, որոնք առավել հայրենասիրական ոգով են տոգորված, թերեւս, կարծում են, որ առնվազն սրբապղծություն է քաղաքացիությունը կոմերցիոն նպատակներով վաճառելը։

«13 թվականից սկսած՝ Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում ինչ-որ կասկածելի լաթակարկատ հոդվածներ են ներմուծվում։ Սկզբում խլեցին քաղաքացիների անշարժ գույքը, աշխատատեղերն ու դրանք վաճառեցին արաբներին, հիմա էլ սա են անում։ Մի օր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս ամենի համար պատասխան է տալու»,- գրում են տելեգրամյան շատ մեկնաբաններ։ Մեկնաբան Իխսան Էլմաջին էլ կարծում է․ «Երբ դուք սկսեցիք վաճառել քաղաքացիությունը 250 հազարով, Անթալիայում մեկ միլիոն արժեցող տները դարձան 3,5 միլիոն։ Հիմա, երբ դուք այդ շեմը դարձրել եք 400 հազար, Անթալիայում տները կդառնան 6 միլիոն։ Փայլուն բիզնես է, պարզապես տուժելու են հասարակ քաղաքացիները»։ Որոշ օգտատերեր էլ կարծում են, որ այս ամենի արդյունքում թուրքական ընդդիմությունը ստանալու է մեծամասնություն, եւ այս ու նմապատիպ քայլերով թուրքական գործող իշխանությունը խփում է իր «քաղաքական դագաղի» մեխերը։