Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկել է, որ խղճի խայթ չունենա

Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկել է, որ խղճի խայթ չունենա

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որում, մասնավորապես, անդրադարձավ կոռուպցիոն մեղադրանքներով հարուցված քրեական գործերին․

«Թույլ տվեք ասել, որ ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամադրելի  քաղաքական գործիչ, մարդ, անհատ։ Պետք է միշտ հաշվի առնել, որ նույնիսկ գենետիկ մուտացիաների հնարավորություն տեսականորեն կարող է լինել, և կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիոն երևույթների մեջ, բայց ինչը, սակայն, համոզված եմ, որ բոլորդ գիտեք, որ տեղի չի ունենալու։ Ես ուզում եմ հաջորդ քաղաքական արձանագրումը անել՝ ընդգծելու համար, որ ի սկզբանե,երբ մենք ասում են՝ «պայքար կոռուպցիայի դեմ», քաղաքական իմաստով դա ընկալվում էր որպես պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ։ Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա  նախորդ և ներկա իշխանություն, որովհետև մեզ համար կրկնակի անընդունելի է իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, և ես հույս ունեմ, որ դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին մեկ ու կես տարվա ընթացքում  4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ  է առաջադրվել , և այս պրոցեսը շարունակվելու է, բացառված է, որ մենք որևէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի կրկնապատկմանը՝ ասելով, որ այդ որոշումն ինքը այժմ էլ արդարացված է համարում․

«Նախորդ շրջանում շատ քննարկվեց մասնավորապես իմ այն որոշումը, որով ես նախարարների և փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման ֆոնդերով սահմանել եմ բավականին բարձր վճարում՝ աշխատավարձ- պարգևատրում, որը հայաստանյան չափանիշներով բավական բարձր է։ Մեկնաբանությունը իրականում եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի։ Իրականում բովանդակային առումով, թերևս, դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով մեր կառավարության բոլոր անդամներից և պաշտոնյաներից, որոնցից որ այս որոշումը վերաբերվել է։ Այդ աշխատավարձ-պարգևավոճարների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները մեկ ու կես մլն դրամով, մեր փորձը ցույց է տալիս, որ չի բավարարվելու,  դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով․ երբ որ նման անձանց կոռուպցիոն գործընթացների մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, էդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես, չասենք, որ մենք այս մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ ճանապարհ չենք թողել, քան գնալ կոռուպցիոն գործարքներ փնտրելու։ Իհարկե, սա չի կարող արդարացում լինել, բայց կարծում եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով շատ կարևոր բաղադրիչ է բարոյահոգաբանական տեսանկյունից, և ես կրկին այդ որոշումը արդարացված եմ համարում հենց այս տրամաբանությամբ»։