ՔՊ-ն ամենամեծ վտանգը տեսնում է ՀՅԴ-ի՞ց

ՔՊ-ն ամենամեծ վտանգը տեսնում է ՀՅԴ-ի՞ց

ՔՊ-ական ուսապարկերն, իրար հերթ չտալով, հակադաշնակցական ճառեր են ասում` թիրախավորելով ՀՅԴ-ին և դաշնակցական պատգամավորներին: Հատկապես ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է սիրում երկար-բարակ ճառեր ասել դաշնակցության դեմ, եւ ՀՅԴ անդամներին անգամ սպանությունների մեջ է մեղադրում: «Հրապարակը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի հետ: 

- ՔՊ-ականներն ինչո՞ւ են Դաշնակցության վրա սևեռվել, թիրախավորել դաշնակցականներին: Հայաստանում շատ կուսակցություններ կան, որոնք ավելի ազդեցիկ են, օրինակ` «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ-երում է ներկայացված, ՀՀԿ-ն ողջ երկրով մեկ կառույցներ ունի, Բեւեռը իշխանափոխություն է պահանջում, սակայն ամենասուր քննադատության արժանանում է ՀՅԴ-ն: Ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ինձ թվում է ակնհայտ է, որ այս իշխանությունը պայքարի է դուրս եկել ամեն ազգայինի դեմ: Ցանկացած ազգային երևույթ, մշակույթ իշխանության համար մերժելի է: Ազգային գաղափարախոսության դեմ նույնպես պայքարում են, ուստի բնականաբար ամենաազգային գաղափարախոսությամբ հանդես եկող Դաշնակցությունը չէր կարող նրանց աչքից վրիպել: Ես ունեմ ողջամիտ կասկած, որ ՔՊ-ն Ադրբեջանից և Թուրքիայից հատուկ հրահանգ է ստացել` պայքարելու Դաշնակցության դեմ: Այս մարդիկ անգամ Ադրբեջանի հրահանգով սահմանադրություն են փոխում, քանի որ այնտեղ հստակ ուղերձ կա Անկախության հռչակագրին: Բնականաբար այդ ամենի դեմ պայքարող առաջին ուժը ՔՊ-ն տեսնում է մեզ: Սա է ողջ խնդիրը: Բերել են 24 թ. ծրագրի կատարման զեկույց են ներկայացնում, փոխանակ խոսեն բուն զեկույցից, ասեն ինչ են արել, ինչպես են արել, ամբողջ ելույթները նվիրեցին Դաշնակցությանը: Նրանց խնդիրն այն է, որ Թուրքիան տեսնի, որ հրահանգները կատարում են, իսկ հրահանգների առաջին խոչընդոտը Դաշնակցությունն է, բնականաբար հարձակվում են մեզ վրա:

- ՀՀԿ-ն էլ ներկայանում է նժդեհյան գաղափարախոսությամբ, այսինքն, Հանրապետականներն էլ ազգային ուժ են համարվում, սակայն այդքան շատ ՔՊ-ի թիրախում չեն հայտնվում:

- Հակընդդեմ ուժ ՔՊ-ն տեսնում է Դաշնակցությանը: Ըստ էության քննարկումներին ավելի շատ մենք ենք մասնակցում, այդ պատճառով էլ մեր ասածներն են ավելի ցավոտ նրանց համար: Այնպես չէ, որ Հանրապետականներին չեն անդրադառնում: Անդրադառնում են բոլոր նրանց, ովքեր կարևորում են ազգայինը:

- ՔՊ-ականները արդեն բաց տեքստով Դաշնակցությանը սպանությունների մեջ են մեղադրում, անմեղության կանխավարկածը շրջանցելով:

- Գիտեք ինչ, այդ մարդիկ երբեք անմեղության կանխավարկածը հաշվի չեն առնում, տեսական խոսում են ինչ-որ բաների մասին, բայց գործնականում վարվում են այնպես, ինչպես իրենք ուզում են: Եթե այսօր իրենք խնդիր ունեն սահմանադրության հետ, ապա կլուծեն այդ խնդիրները։ Վաղը այլ բան պետք լինի, այսինքն` այլ հրահանգ ստանան, դա կանեն, նրանք հո չե՞ն մտածում` ինչպես երկիրը ծանր վիճակից հանեն, հակառակը` ծրագրված երկիրը գցեցին այս վիճակի մեջ: Ես մշտապես ասում եմ, այստեղ ոչ թե հարիֆ, կամ տգետ լինելու խնդիրն է, այլ հենց ծրագրված երկիրը ոչնչացնելու, և իրենք հրաշալի իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Դաշնակցությունը որոշ հարցերում իրենց խանգարում է, նրանց հակադաշնակցականությունն առաջին հերթին ապացուցում է դա: ՔՊ-ն իշխանությունը կորցնելու ամենամեծ վտանգը տեսնում է ՀՅԴ-ից:

- Այսինքն` մտածում են` ռեպրեսիաներ կիրականացնե՞ք:

- Չեմ կարող ասել, ամեն ինչ էլ կարող են մտածել, բայց մեզնից են տեսնում իշխանությունը կորցնելու վտանգը, Դաշնակցությունը բազմիս ապացուցել է, որ ՔՊ-ն հակազգային ուժ է, իսկ մեր նպատակը երկիրը ապազգային ուժերից փրկելն է: Նրանք լավ հասկանում են, որ մենք երբեք հետ չենք կանգնելու մեր առջև դրված խնդիրներից, իսկ առաջին խնդիրը իրենց հեռացնելն է: Բնական է, որ չեն ուզում հեռանալ, որովհետև գիտակցում են, թե ինչ տեսակի պատասխանատվության են ենթարկվելու իշխանությունը կորցնելուց հետո: Ոչ ոք այդքան լավ չգիտի, որքան ՔՊ-ականները, թե ինչեր են արել Հայաստանի գլխին: Իրենցից լավ ոչ մեկս չգիտենք…. իսկ Թուրքիան և Ադրբեջանը սարսափում են ՀՅԴ-ից, որովհետև իրենց կաշվի վրա են զգացել, որ իրենց դեմ 100 տարուց ավելի Դաշնակցությունն է պայքարում: Այս պայքարը Հայաստանում ազգայինը վերացնելու համար է: Ամենահետևողական ու կայուն ազգային ուժը ՀՅԴ-ն է, այդ պատճառով էլ իրենց հիմնական խնդիրներից մեկը մեզանից ազատվելն է: Պատահական չէ, որ հակադաշնակցականությունն օր օրի մեծ թափ է առնում: