Ինչ Հայաստանում ենք ապրում 2019-ի ապրիլի 23-ին

Ինչ Հայաստանում ենք ապրում 2019-ի ապրիլի 23-ին

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցավ իրադարձություն, որը ֆանտաստիկայի ժանրից էր․ ժամը 16․45 -ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Դրանից մոտ մեկ ժամ առաջ՝ կեսօրին ազատ էին արձակվել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և մնացած ձերբակալվածները, ինչը ցնծությամբ ընդունվեց վուվուզելներով ու մեքենանեի ազդանշաններով իր ցնծությունը տոնող առնվազն 80 տոկոս հայաստանցիների կողմից։ Իհարկե, դրանից  մեկ օր առաջ՝ ապրիլի 22-ի առավոտյան տեղի էին  ունեցել մեկ այլ անհավատալի իրադարձություն, երբ Երևանում և մարզերում  Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի զանգվածային  գործողություններից հետո, Երևանի «Մարիոթ» հյուրանոց եկավ Սերժ Սարգսյանը՝ բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ։

Իհարկե, Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին ասաց, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ: Բայց կեսօրից հետո  մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ, Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցան բազմահազարանոց հանրահավաքներ, Հանրապետության հրապարակում այդ օրվա  հանրահավաքին մասնակցեց ավելի քան 160.000 քաղաքացի, իսկ Ժամը 23:00-ին  մեկնարկեց երկաթյա կաթսաների համահայաստանյան միջոցառումը։

Ապրիլի 23-ից հետո մենք այլևս ապրում ենք ուրիշ՝ հետհեղափոխական Հայաստանում, բայց արդյոք այն Հայաստանում, որ խոստացվում էր հեղափոխության օրերին և որը պետք է ունենար երջանիկ անհատ, հոգատար հանրություն ու հզոր պետություն։ Հարցը, նախ,  ուղղում ենք հեղափոխության առաջամարտիկ Դանիել Իոննիսյանին, ով միայն թվարկեց, թե ինչ է փոխվել՝ ասելով․  «Հիմա էապես այլ իրավիճակ է՝ կապված մարդու իրավունքների, քաղաքական հետապնդումների, հավաքների ազատության, խոսքի ազատության (19 կետով առաջընթաց  է գրանցվել), ընտրությունները արդեն ազատ են։ Եվ սա ոչ միայն իմ գնահատականն է, այլև միջազգային հեղինակավոր կառույցների»։

Դիտարկմանը, թե այնքան էլ համաձայն չենք՝ խոսքի ազատություն կար նաև սերժսարգսյանական ու ռոբերտքոչարյանական Հայաստանում, Դանիել Իոննիսյանը փոխադարձաբար  չհամաձայնեց՝ ասելով, որ տարիներ շարունակ Հայաաստանում եղել է ակնհայտ գրաքննություն։ Հարցրեց՝ գիտե՞մ,օրինակ, թե Դանիել Իոննիսյանը Հանրայինում քանի տարի՝  «ոչ մի էպիզոդով չի երևացել»։
Դե, հանրապետականներն էլ հիմա  չեն երևում։ Հակադարձում՝ կներեք, հանրապետականները հեռուստաալիքներ ունեն և «նախկինում կա՞ր նման բան, որ հեռուստաալիքները իշխանություններին օրուգիշեր քննադատեն»։

Դանիել Իոննիսյանը կրկնում է նաև Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ այսօր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա և որ երկրի առաջին դեմքը կոռուպցիոներ չէ, ունի քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ։
Այս դեպքում՝ ինչ է Դավիթ Սանասարյանի դեպքը։ Իսկ Դավիթ Սանասարյանի դեպքը, ասաց, որ պետության համար լուրջ խնդիր է, բայց չի նշանակում, որ համակարգային կոռուպցիայի դրսևում է։

Ինչի դրսորում է, ուրեմն։ Ասաց՝ այլ խնդրահարույց բարքերի։ 
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը էլ վստահ է, որ ապրում ենք իր երազած Հայաստանում։ Ի պատասխան հարցին՝ թե արդյոք երկրում հաստատվել է սոցիալական արդարություն, ասաց՝  «մեծ և փոքր քայլերով, աստիճանաբար գնում ենք դեպի մեր երազած Հայաստանը։ Եվ կարող ենք ֆիքսել, որ այսուհետ Հայաստանում օրենքը բոլորի համար նույնն է» 

Արդեն կառավարությունում աշխատող մեկ այլ հեղափոխականից՝ Նորայր Հայրապետյանի հետ ևս փորձեցինք իմանալ՝ գո՞հ է արվածից և արդյո՞ք սա իրենց երազանքների Հայաստանն է։ Արդեն պաշտոնյա Նորայր Հայրապետյանը ժամանակ չուներ խոսելու (ինչպես նաև իմքայլական Լուսինե Բադալյանը,) և բավարարվեց միայն  2019-ից հունվարի 1-ից այս կողմ իշխանությունների  կատարած 80 քայլերի մասին տեղեկույթ տրամադրելով, որն այլ մեծ ու փոքր քայլերի մի կոնգլոմերատ է։

Ի դեպ, հարկե, այդ քայլերի մի մասը ապագայի քայլեր են և սկսվում է «կ» -ով․ կտրամադրվի, կհատկացվի․10%-ով կբարձրացվեն ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը, կառավարությունը կսուբսիդավորի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները, մայիսից կմեկնարկի «Աշխատիր Հայաստան» արշավը, որը կպայքարի կառուցվածքային գործազրկության դեմ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ կկոչվի  կառույցը, որն  կառավարության որոշմամբ  պետք է աջակցի օտարերկրյա  ներդրումների իրականացմանը։ Շարունակում ենք՝ «սահմանամերձ 16 համայնքների բնակիչների կտրամադրվւի բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում, զինվորները կստանան նոր և շատ ավելի որակյալ ճտքակոշիկներ, անօթևան անձը կամ ընտանիքը  կապահովվի ժամանակավոր կացարանով, եթե ունի  աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձ է» 

Իհարկե, կառավարության  որոշ քայլեր էլ արդեն անցած ժամանակով են․ մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին հնարավորություն է տրվել մեքենաները ներմուծել մինչև 2019թ․մայիսի 1-ը,  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցության արդյունքում, Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի 5 գրքերի 2500 օրինակ է նվիրաբերվել մարզային ու համայնքային գրադարաններին, Կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր, 2019թ․ ապրիլի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2008–2014թթ․ ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին, ինչպես նաև 2015–2016թթ․ մարտական պայմաններում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին,վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կրճատվել է և նախկին  50-ի փոխարեն մնացել են միայն 7-ը։ տնտեսվարողներին հնարավորություն է տրվել նոր սերնդի ՀԴՄ-ներ տրամադրող սարքերը գնել 160․000 ՀՀ դրամի փոխարեն՝ 60․000 ՀՀ դրամով, գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար ցուցաբերվել է պետական աջակցություն։2019թ․առաջին եռամսյակում էլ ՊԵԿ-ը գերակատարել է բյուջեի հավաքագրումների պլանը 11,4 միլիարդ դրամով։  Եվ մեկ ձեռբերում՝ տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, այսուհետ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Առավել ցուրտ և բարձրադիր շրջաններում հերթապահող զինծառայողները ապահովվել են մորթուց կիսավերարկուներով և քուրքերով։ 

Մեծ քայլերի առումով, ցավոք, առանձնապես բան չկա ասելու։ Այսինքն՝ աշխատատեղեր, առանց ծանոթի ու նախապես հաղթողների թափուր աշխատատեղերի մրցույթներ, ներդրումներ, տնտեսական աշխուժացում, ժողովրդի կենսամակարդակի բարելավում, ներգաղթ կամ առնվազն արտագաղթի կանգառ, և վերջապես՝ տնտեսական հեղափոխություն։