Գործնական առաքելություն, որ իրականացվում է սիրով

Գործնական առաքելություն, որ իրականացվում է սիրով

 ՀՀ կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հանրապետության բոլոր մարզերում իրականացվում է «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը.  արվեստագետները այցելում են Հայաստանի հանրակրթական, վիճակահանությամբ ընտրված, դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը:  Թեև արդյունքներն «աշնանն են հաշվվելու», մեկնարկն արդեն շատ կարևոր է ու խրախուսելի, իսկ ծրագրի ընթացքը խոստումնալից: Դրամաշնորհային այս մրցույթում հաղթող ճանաչված 50 մասնագետներից մեկի՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի գրողների միության անդամ Լիլիթ Անտոնյանի հրավերի շնորհիվ ինձ նույնպես բախտ վիճակվեց մասնակից լինել ծրագրի իրականացմանը՝ Արագածոտնի մարզում: Մինչ այդ, տիկին Անտոնյանը գրողներ էր հրավիրել Լոռի, հաջորդիվ լինելու էր Գեղարքունիքը: Նրա ցանկը խոսուն էր, խոսքը, ինչպես միշտ՝ բովանդակալից և միտված բարձրացնելու աշակերտների հետաքրքրությունը ժամանակակից գրականության և գրողների նկատմամբ:
  

 Դպրոցականների հետ հանդիպումները երկուստեք դաս են բոլորիս համար՝ թե գրողներիս, թե՛ աշակերտների և թե՛ մանկավարժների: Դասագրքերից ու համացանցից դուրս այսպիսի իրական հանդիպումներն ավելի հիշարժան են և չեն մոռացվում երկար ժամանակ: Երբ մտածում ես, որ մի հատիկ գիտելիք, կյանքի փորձառնություն, սեր տվեցիր կամ ուղղակի պարզ մարդկային շփման ուրախություն ավելացրիր ինչ-որ մեկի սրտում, ինքդ ես փառավորվում: Իսկ եթե պատկերացնենք, որ հանդիպման տպավորությունները սովորողը փոխանցելու է իր ընկերոջն ու մերձավորին, այս գործը բազմապատկված ազդեցություն է կանխատեսում: Եվ որքան որ դպրոցականների համար է կարևոր ժամանակակից գրողի ու գրականության հետ ծանոթ լինելը, ավելի քան գրողին է անհրաժեշտ ներկայացվել ընթերցողներին ու հանրությանը, առավել ևս՝ Լիլիթ Անտոնյանի խորքային ու ընդգրկուն մատուցմամբ:     Գրականությունն ուղղակի պահանջում է, որ գրողը շփվի սովորողների հետ, ինչպես նաև հաղորդակցվի երկրի տարբեր բնակավայրերի ու ազգաբնակչության կյանքին: Ամեն գյուղ մտնելուց, մինչև դպրոց հասնելը և ետդարձի ճամփին, շնչում ես հայրենիքիդ սարերի օդը, նրա նորոգ ու քանդված ճանապարհներին աչքովդ տեսնում քո իմացածից դուրս կյանքեր, ապրում ավելի քան իրական զգացողություններ, վերաարժեվորում այդ պահերից հետո քո իսկ շարունակելիք կյանքն ու գործունեությունը: Լիլիթ Անտոնյանի հետ ես եղա Ապարանի թիվ 2, Թալինի Ակունք և Ցամաքասար գյուղերի դպրոցներում: 
    

Ապարանում թեև մեծ ու լեցուն դահլիճում բավական տարածություն կար մեր և ունկնդիրների միջև, և զրույցն ավելի հանդիսավոր բնույթ էր կրում, ի վերջո կարողացանք մտքերի աշխույժ փոխանակության հասնել ու անկեղծանալ: Խոսեցինք գրքերում ամփոփված պատմական իրողությունների, Ապարանում հաստատված ավանդույթների ու ազգային արժեհամակարգով ապրելու մասին: Փորձեցինք հասկանալ, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել ազգի համար ու երկրի շենացման գործում և պարզեցինք, որ նախ ամեն մեկն իր գործը պետք է մասնագիտորեն գրագետ ու ճիշտ կատարի, իսկ քանի դեռ աշակերտ է, պիտի սովորի դասագրքերի ու կյանքի դասերը: Հրաշալի էր տեսնել ստեղծագործող աշակերտների, որոնք արտասանեցին իրենց գրածները և ինքնագիր ցանկացան:
    

Ակունք գյուղի դպրոցում նույնպես հասկացանք, թե ինչ է հայրենիքին արմավիրցի Հրանտ Մկրտչյանի նման անձնուրացաբար նվիրվելը, այստեղ խրամատների կյանքի մասին խորազգաց ասմունք լսեցինք (աշակերտուհու անունը Վարդուհի Կիրակոսյան էր), ասացինք, թե ինչ ենք մենք սիրում և, ընդհանրապես, ում ենք ուզում նմանվել: Ինչպես Լիլիթ Անտոնյանն ասաց՝ «Մեր դարի մարդիկ հեռավորությունների վրա կարողանում են անմիջապես շփվել, և տաղանդավոր հայ ազգի զավակները, որ միշտ ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի զարգացման գործում, առավել ևս պարտավոր են կարդացած և զարգացած լինել, հասկանալ միմյանց: Աշակերտները պե՛տք է իմանան, թե ժամանակակից գրականության մեջ ինչ նոր գրողներ ու գրվածքներ կան, և այդ գրողները ինչպես են իմաստավորում մեր ժողովրդի անցյալը, արժեվորում արցախյան գոյամարտն ու տեսնում ապագան»: Նա խոսեց նաև դասագրքերի անկատարության, դրանցում ժամանակակից գրականության ոչ բավարար ներկայացվածության, հասարակության մեջ գրողի դերակատարության և այլ հարցերի մասին: Կարևորեցինք, թե ինչ միջավայրում է մարդը ձևավորվում, ինչ հայերենով է արտահայտվում, ինչպիսի հայի կերպար ենք ուզում տեսնել մեր գրքերում ու կյանքում: Դիտեցինք «Անահիտի աղբյուրը» փաստագրական վեպի մասին տեսանյութ, ճանաչեցինք իրական հերոսների, ազգի փրկության համար իրենց անձը զոհաբերած մարտիկների, որոնց շնորհիվ է կերտվում ազգի հազարամյակների պատմությունը: Աշակերտների հետ խոսեցինք դեմ առ դեմ՝ իրար աչքերի մեջ նայելով: 
    

Փոխադարձաբար անհրաժեշտ այսպիսի ծրագրային հանդիպումները ոչ միայն ճանաչողական նշանակություն ունեն և հնարավորություն են տալիս պարզաբանելու մշակութային երևույթներ, այլև հաղորդում են իմացություն, փորձառնություն, որ չեն հանդիպելու դասագրքերում: Այսպիսի ծրագրերն ի զորու են լուծելու նաև բարոյահոգեբանական հարցեր և գուցե մի գեղեցիկ օր էլ ազդեցություն ունենան համայնքային ու սոցիալական խնդիրների վրա:
  

 Ցամաքասար գյուղը գազաֆիկացված էր, բայց ոռոգման ջուր չուներ, իսկ դպրոցը և՛ գազի, և՛ ջրի խնդիր ունի: Մեր զրույցն ընթացավ ամենամտերմիկ մթնոլորտում՝ ստեղծագործող և չստեղծագործող մարդկանց սկզբունքների, մարդ անհատի նախասիրությունների, հայրենիքը լքել-չլքելու և կյանքում սեփական տեղը գտնելու մասին: Աշակերտներից յուրաքանչյուրը պատմեց իր երազանքների ու նպատակների, իրենց գյուղը շենացնելու իր տեսլականի մասին:
  

 «Դասը» վարող գրականագետը, ամփոփելով, խոսեց կյանքի իմաստի, գեղեցիկը գնահատելու, սեր ու նվիրումի, համամարդկային զգացումների, ազգային էպոսի կերպարների, նրանց խրոխտության ու իմաստնության արժեհամակարգը ժամանակակից գրականություն բերող գրվածքների մասին: 
  

 Մաքուր, անաղարտ բնության գրկում ծվարած գյուղի երեխաները սակավաթիվ էին, բայց հաստատակամ՝ ապրելու միայն իրենց ծննդավայրում, ուստի ուզում են, որ իրենց փողոցները լույս ունենան, իսկ ճանապարհները նորոգվեն: Նրանք մեզ սիրել տվեցին իրենց գյուղը: Ավագներն էլ՝ ուսուցիչներն ու աշխատողները, պատմում էին իրենց գյուղի հիմնադրման պատմությունը և ասում էին, որ գյուղը գարնան կանաչների մեջ շատ գեղեցիկ է լինում: 
    

Երեք դպրոցների գրադարանները նվեր ստացան «Անահիտի աղբյուրը», «Սիրո կեռմաններ», «Լևոն Իսահակյանի դարակազմիկ կյանքը հայ կինոյում» գրքերը:

Անահիտ Արփեն