Բոլոր աղետները սիրո պակասից են

Բոլոր աղետները սիրո պակասից են

1830 թվականին բռնկված խոլերայի համաճարակը ռուս բանաստեղծ Պուշկինին ստիպեց երեք ամիս մեկուսանալ Բոլդինո գյուղի փոքրիկ մի առանձնատանը։ Իր բազմաթիվ ստեղծագործություններ Պուշկինը գրեց կարանտինի այդ ամիսների ընթացքում։
Ինքնամեկուսացման շրջանում անավարտ ստեղծագործություններն ավարտելու լավ հնարավորություն ունի նաև հայ ժամանակակից բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Իսկ ժամանակի «ավելցուկը» բանաստեղծը կնվիրի նաև դասականներին։ «Շատ գրքեր կան, որ կարոտել եմ, վերընթերցել և՝ վերընթերցելու եմ, առավելապես լայն կտավի գործերը․ «Խաղաղ Դոնը», «Պատերազմ և խաղաղությունը»․․

Բանաստեղծի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի «Մնա տանը» հորդորի փոխարեն  ճիշտ կլինի ժողովրդին դիմել «Ինքդ քեզ հետ մնա»-ի կոչով։ «Մարդկանց հնարավորություն է տրվել օտարելու հոգիներում կուտակված աղբը և մոտենալ ինքնաճանաչման սահմանին։ Համաշխարհային քաղաքականության այս ընթացքը, այս ահագնացող ուրբանիզացիան մարդուն կտրում է իր արմատներից․ ստեղծող-արարողից վերածում է սպառողի, և անհագությունը անասնակալածների շլինքից բռնած տանում է բազմազան ու բազմերևույթ թալանի և ինքնաչնչացման»։

Մտավորականը ցավում է՝ ոգեղեն արժեքները զոհաբերվում են նյութապաշտությանը։ Իսկ առավել ցավոտ է տեսնել, թե ինչպես է բանական մարդը ընտելանում այդ զավեշտին։ «Մենք այդ տրագիկոմեդիայի դերակատարներն ենք, ցավալիորեն ընտելացած մեր կարգավիճակին»։
Բոլոր աղետները սիրո պակասից են՝ համոզված է բանաստեղծը։ Ըստ նրա՝տիեզերքում ոչինչ պատահական չէ։Կորոնավիրուսը և՝ոչ միայն, պատասխանն է բնության նկատմամբ մարդու վերաբերմունքին։ Ասում է՝Երկիր մոլորակն առավել հաստատուն օրենքներ ունի, քան փորձում ենք սահմանել։ Ըստ նրա՝ ոչ մի տեղ չտանող մրցավազքի մեջ կորցրել ենք մարդուն։ Իսկ մարդկային ընչաքաղցությանը հագուրդ տալու համար, փոխանակ մոլորակի կենսավետ ընթացքն ապահովելու, տեղի-անտեղի փորփրում ենք նրա մարմինը։ 

«Հազարամյակի շեմին հայտարարեցին, թե մարդկության համար հարաբերությունների նոր շրջափուլ է սկսվում։ Նույնը կրկնեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ Հիմա էլ, ակնկալվող կտրուկ շրջադարձերը կապում են կորոնավիրուսի հայտնվելու հետ։ Իսկ իրականում՝ոչինչ էլ չի փոխվել․ ուղղակի անբարոյականությունն ավելի համարձակորեն է ծավալվում՝ ինքնահաճ ցինիզմը հաղթականություն կարծելով»։

Այնուամենայնիվ,ամեն վատից պետք է կարողանալ օգուտ քաղել։ Խաչիկ Մանուկյանը գրեթե վստահ է՝ եթե չվերադառնանք ոգեղեն արժեքներին ու, եթե մեր բազմադարյան մշակույթի ապրեցնող գանձերը վեր չհանենք, կորչելու ենք։

«Մարդուն մարդ պահող արժեքները մերժելով, գրականության և արվեստի օջախները բիզնես կենտրոնների վերածելով, ամեն ինչի մեջ նյութական շահ փնտրելով՝ մենք  մղվում ենք ավերիչ պատերազմների, որոնք շատ ավելի դաժանորեն են ընթանալու։ Գուցե փորձենք վերաիմաստավորե՞լ մեր մարդկային գոյը։ Գուցե կուսակցական և այսպահական դրսևորումներից դուրս՝ փորձենք ճանաչել մարդու անշպար էությո՞ւնը։ Գուցե թույլ չտա՞նք անբարո գոյանքներին սրբերի դիմակներով հոշոտեն աստվածային լույսն ու ճշմարիտ արարումը․․․Իսկ այս մահաբեր վիրուսն իր վախճանը կգտնի և տագնապի օրերը կմոռացվեն, ցավոք, առանց ուսնելի դաս թողնելու»։