Արթմնի՝ ասես երազում
Ձախից՝ Արթուր Շահնազարյան, Էմանուել Մանուկյան, Վարազդատ Գրիգորյան, ես, կողքիս՝ Վարազդատի գեղեցկուհի, ջահել կինը՝ Աշխենը, ետեւի պլանում՝ Սվետա Դանիելյանը։ Ռիտա Շառոյանը, ափսոս, շուտ գնաց, իսկ խմբագրի քարտուղարուհի Անահիտը մեզ էր լուսանկարում։
Ձեզ հետ պատահե՞լ է, որ աներեւակայելին, անհնարը իրական դառնան։ Հրաշք՝ իսկական հրա՛շք եղե՞լ է ձեր կյանքում։ Ո՞չ։ Չգիտե՞ք։ Չե՞ք մտաբերում։ Ուշադրությո՞ւն էլ չեք դարձրել։ Ինձ գուցեեւ խելագար համարեք, բայց, հավատացեք, դա ինձ հետ իսկապե՛ս պատահեց։
Հուլիսչորսյան ցերեկվա մի տապոտ ժամի իմ քաղաքային հեռախոսը ձայնը գլուխը գցեց։ Տեսնես ո՞վ կլինի էս քարիդարյա տեխնիկայով զանգողը։ Երեւի «Բիլայնից» է՝ կանացի գեղգեղանքը հոգ է տանում, որ չմոռանաս պարտավորություններիդ մասին։ Կամ էլ գուցե սխալվել են։ Բարձրացրի ընկալուչը։ Սվետան է՝ քարիդարյա ժամանակների իմ հին ու սիրելի Սվետը, որ ինքն էլ չի քաշվում անկեղծանալ, թե էս նորագույն «տեխնիկայում-բանում չկա»՝ «եղբայր, ես հի՛ն մարդ եմ»։ Զանգել է՝ ասի, որ «Սովետական Հայաստան» թերթի աշխատակիցների հանդիպում է կազմակերպել իր տանը։ Շտապելով առաջ է ընկնում՝ չհարցնե՛ս, թե ովքեր են, սյուրպրիզ եմ անելու։ Եղեգի պես խոնարհվում եմ որոշման առաջ, բայց միտքս իսկույն սկսում է պրպտել հնարավոր հյուրերին։ Դե, Հակոբը կլինի երեւի՝ Մարտունի, Վարազդատը՝ «ֆիզկուլտուրնիկը», Ռիտան՝ Շառոյան, գլխավոր խմբագիր Էմանուել Մանուկյանին էլ՝ դե, չգիտեմ… կարող է պեղեն-գտնեն, կարող է եւ՝ չէ։ Մի խոսքով, նրանց, ում հետ Սվետլիկը (լուսահոգի Մհեր Դավոյանի անվանադրումն էր) կարծես թե կապեր ունի։ Իսկ ամենադոմինանտողը, որ ինձ տիրեց, շոկն էր, շփոթմունքը։ Ասես երազում լինեի։ Ու որ պիտի (օրենքով) զարմանայի, ուրախանայի, գովեի՝ օօօ, էս ի՜նչ լավ բան ես մտածել, տո հեր օրհնած, տո ընկերապաշտ, փոխարենը կարկամել էի, լալկվել մնացել։ Ընկերուհիս երեւի մտածեց՝ ծերունական պսիխոզ է մոտս, թե չէ՝ մա՞րդ էլ 40 տարի հետո հնարավորություն ունենա հանդիպել կոլեգաներին ու չզարմանա, չոգեւորվի։ Օր խնդրեցի՝ ուշքի գալու, մտքերս ժողովելու… Գալի՜ս եմ՝ հաջորդ օրը բացականչեցի քարիդարյա լսափողի մեջ։
Առինջ գյուղում՝ Ծառուկյանի «աչալուրջ եւ հոգատար հսկողության» ներքո, կատարյալ դրախտ է, խաղաղություն, նիրվանա։ Թվում է՝ տներում հեչ շունչ չկա, ու ինչ-որ վտանգից կարծես իրար սեղմ կպած մեծ ու մանրիկ տներն այնքա՜ն բարի են ինձ թվում։ Լաբիրինթի նմանվող ոլոր-մոլոր նեղլիկ ասֆալտներով փնտրում գտնում եմ Սվետլիկի տունն ու դարպասից ներս անցնում։ Համեստ, ոչ ընդարձակ, սակայն խնամված ու հյուրասեր այգուց իմ երեւալուն պես լսվում են օվացիաներ, ուրախության ճիչեր։ Ահա՝ արդեն գրկախառնվում եմ սիրելի Սվետլիկիս հետ, որին համարյա մի հավերժություն չեմ տեսել։ (Ա՜խ, գիտե՞ս ինչ արեց էս կյանքը մեզ…) Տեսնես ո՞վ կլինի բեսեդկայի՝ արդեն խնամքով ու ճաշակով ձեւավորված սեղանի շուրջ նստած սպիտակամազ տղամարդը, որ լուռ նստած՝ ուշադիր ինձ է նայում․ կա՛մ չի ճանաչել, կա՛մ ճանաչել է եւ ուզում է հասկանալ՝ իրեն տեղը կբերե՞մ, թե՞ չէ։ Անհեռատես աչքերս վայրկենապես ճանաչում են՝ Վարազդատ Գրիգորյա՜ն։ «Շփթփիկն» է, որին էդպես էին անվանում էն տարիներին, իսկ մեկ ուրիշը, որ շփոթելով ասել էր «Հապճեպիկ», ջահել տարիների նույն փութկոտությամբ ու ճարպկությամբ հայտնվեց ուղիղ գրկումս։ Սեղանի հակառակ կողմում լուռ, համեստ նստած տարեց տղամարդուն էլ տեղնուտեղը ճանաչեցի՝ հզոր «Սովետական Հայաստանի» հզոր խմբագիր Էմանուել Մանուկյանն է։ Ահա եւ Սվետայենց այգու նեղլիկ ասֆալտով դեպի մեզ է գալիս Շառոյան Ռիտան։ Սվետլիկը անգամ ընկեր Մանուկյանի քարտուղարուհուն է գտել-բերել՝ Քյավառի կոլորիտով սվոյ Անահիտ Ցոգոլակյանին։ Եվ այսպես՝ թերթի երբեմնի բազմամարդ կոլեկտիվի մի քանի ծվեններով փորձում ենք ամբողջացնել փազըլը։ Չի ստացվում։ Քանզի փազըլի բացակա ամեն կտորը մի հնչեղ անհատականություն էր, պրոֆեսիոնալ աշխատակազմի կարկառուն դեմք։
Հիշեցինք բոլորին՝ մեկ առ մեկ, պատմեցինք զավեշտալի դեպքերը, թե, օրինակ, ոնց եղավ, որ Հակոբ Մարտունու հրաշալի էսսեի վերնագրում՝ Չապլինի մասին, մի փնթի սրբագրիչի թեթեւ ձեռքով «անմահ Չապլինը» դարձավ «անհամ»։ Հռհռացինք, քրքջացինք։ Գովեցինք ամենաարժանավորներին, խնկարկեցինք ժամանակին եւ անժամանակ հեռացած մեր ընկերների հիշատակը։ Վարազդատը, որ էն ժամանակ սպորտի բաժնի լրագրող էր, քսան տարուց ավելի Նորվեգիայում է հաստատված, առաջին չորս ամիսներին նորվեգերեն է սովորել, արդեն երկար տարիներ իր բնակության վայրում նորվեգական լեզվով թերթ է խմբագրում՝ գլխավոր խմբագիրն է։ Ասում է՝ իր ղեկավարման տարիներին թերթը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այս երկրում բարձր են գնահատում մամուլի առաքելությունը, հարգում են իր աշխատանքը։ Նստում, վեր է կենում երկրի բարձր աստիճանավորների հետ։ Եվ մտածում ես՝ ինչպե՞ս մեղադրես մարդուն հայրենիքը լքելու հարցում, եթե վստահ ես, որ նույն հայրենիքում, հաստատ, էն բարձր գնահատանքին չէր արժանանա, ինչը վաստակել է օտար երկրում՝ օտարների կողմից։
Ընկեր Մանուկյանը… Համացանցում գտնում եմ երիտասարդ ժամանակների լուսանկարն ու պարզում իրեն։ «Էս եեես եմ…»,- միամիտ երեխայի պես՝ ասում է ընկեր Մանուկյանը։ Ու ես տեղափոխվում եմ հենց էդ տարիները, երբ ընկեր Մանուկյանը պատկառելի Էմանուել Ալեքսանդրովիչ էր՝ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսման Մանուկյանի եւ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանի ավագ որդին, սիրված դերասան Գուժ Մանուկյանի եղբայրը։ Փառահեղ, գեղեցկատես, ազդեցիկ, լեզվազգացողության բացառիկ տաղանդով ու ճաշակով օժտված, պրոֆեսիոնալ, որի խմբագրած թերթը փայլատակում էր մամուլի երկնակամարում։ Մարդ, որի ազդեցիկությունից անգամ ճանճն էր չորանում։ Ո՛չ միայն թերթի գլխավոր խմբագիր… Նաեւ կինոգետ, մանկավարժ, բազում պետական պաշտոններ զբաղեցրած… Հապա մի բացեք համացանցն ու ծանոթացեք բազմադրվագ կենսագրությանը եւ կհասկանաք, թե ինչպիսի մարդիկ իրավունք ունեն մոտենալ մամուլի մատույցներին, որպեսզի այս սուրբ «հողը» չաղտոտվի ամեն պատահական, ուղեղից զուրկ շնչավորներից։
87-ամյա այրը դեռ չի հոգնել աշխատելուց եւ հիմա էլ օպերային թատրոնում է իր փոքրիկ լուման ներդնում։ Վաղուց անցած-գնացած մի դեպք է հիշում։ Տարիներ առաջ, մի ուշ երեկո, երբ խիստ զբաղված՝ թերթն է խմբագրելիս լինում, քարտուղարուհին տեղեկացնում է, որ մի անծանոթուհի ուզում է իրեն տեսնել։ Մերժում է՝ զբաղվածության պատճառով, բայց երբ կրկին զեկուցում են, որ կինը ոչ մի կերպ չի լքում խմբագրությունը, ստիպված՝ ընդունում է։ Կինն ասում է, որ աշխատանքից իրեն հեռացրել են, եւ ինքն անհուսալի վիճակում է, քանզի խնամքին երեխաներ ունի։ Պատմում է ու թվարկում էն պաշտոնյաների անունները, որոնց դիմել է եւ հասել նրան, որ կինը վերականգնվել է աշխատանքում։ Առժամանակ անց մի բացիկ է ստանում, որում գրված է լինում․ ես այն կինն եմ, որին Դուք օգնեցիք։ Հակառակ դեպքում, այլ ելք չունենալով, պետք է ընտրեի Կիեւյան կամուրջը։ «Եթե մի բարի գործ էլ անի թերթը, հաշվիր, որ մեծագույն բան ես կատարել»,- տասնամյակներ անց իր երբեմնի աշխատողների հետ արդեն ընկերացած՝ անկեղծանում է ընկեր Մանուկյանը, որի հանդեպ ակնածանքից անգամ ճանճն էր շփոթվում։ Հիրավի՝ էն տարիներին մամուլն այնքան ազդեցիկ ու գնահատված էր պետական մակարդակով, այնքան կարեւորված ու վստահելի, որ Կենտկոմի, Գերագույն խորհրդի, Մինիստրների սովետի պաշտոնաթերթի մի հոդվածով անգամ մինիստր կարող էր պաշտոնազրկվել։ Պետությունը չորրորդ իշխանության կողքին էր եւ նույնքան անխնա իր իսկ պետական չինովնիկի «հանցանքների» նկատմամբ։ Լրագրողները բողոքների հետքերով գնալիս ոչ թե զանգում էին, այլ անձամբ գնում տեղից տեղ, լրագրողական տեւական հետաքննություն անում, եւ դրա արդյունքը՝ ինչպես ամպրոպը երկնքում։
Սվետլիկը հիշեցրեց, որ մի գործընկեր էլ ունենք, որ աններելի է նրան անտեսելը։ Միացյալ Նահանգներում բնակվող մեր Պատվական Շաքարյանը, որին ես էն տարիներին կատակով Честь Сахаров էի ասում, հիմա՝ ամերիկացիների ընկալմամբ, Պատրիկ է դարձել։ Անակնկալ արեցինք՝ տեսազանգով կապ հաստատեցինք հետը։ Զարմացավ, անչափ ուրախացավ…
Մթնում է, մի քիչ էլ՝ հաճելիորեն ցրտում։ Սվետան եւ իր ամուսինը՝ կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, մեզ առաջարկում են տուն բարձրանալ։ Սուրճի հյուրընկալ սեղանի շուրջ բոլորված՝ լսում ենք Արթուրի պատմությունները, թե ինչպես է արդեն 30 տարեկանում հինգ գիրք հրատարակել՝ բոլորն էլ կոմիտասյան խազերի, լադերի մասին։ Գրադարակներից մեկիկ-մեկիկ դուրս է հանում գրքերն ու բացատրում։ Բացատրում է՝ կոմիտասյան երգերից հատվածներ կատարելով։ Ու այդտեղ բացահայտում ես նաեւ Արթուր Շահնազարյան շնորհալի երգչին։
Պրոֆեսիոնալ երգը քեզ պարզլսելի է դարձնում հողիդ շնչառությունը… գյուղացու մենախոսություն-խնդրանքը իր «եզո-ջանին»։ Ասում է՝ էդ երգերը իրականում ո՛չ Կոմիտասի, ո՛չ էլ գյուղացու շնորհքն են։ Դրանք հողի ալիքներն են, որ իր հետ անմիջական շփվողի՝ գյուղացու ներսով դուրս են գալիս։ Մարդը, փաստորեն, տիտանական աշխատանք է արել, վիթխարի հետազոտություն, բացահայտել է Կոմիտասի՝ մինչ այդ մեզ անհայտ գործունեությունը, մանրամասն նկարագրել ու հիմնավորել ամենը իր հատորներում։ Ակնապիշ լսում ենք բոլորս՝ մեկ մարդու պես, իսկ ընկեր Մանուկյանը, անսպասելիորեն զայրացած, ըմբոստանում է՝ բա բոլորի՞ ձեռքերն էին կոտրված, որ ափսոսեցին քեզ մի կոչում գոնե տալ։ Մարդը, ինչպես ինքն է ասում, «չի զբաղվել» դրանով, սեփական փիառն ու հանրահռչակումը չեն կարեւորվել իր համար։ Իսկ իրականում հասկանում ես, որ նախընտրել է ժամանակն օգտակար, ազգանվեր գործի ծառայեցնել։ Նրա համար գերակա է եղել իր առաքելությունը՝ Կոմիտասին ավելի լուսե գույների մեջ ներկայացնելը, փորձել նրա գործը հնարավորինս «շարունակել»՝ կենդանի ու մշտարթուն պահել մեր ժողովրդից սերված իսկական, զուլալ հայկական երգը։ Գրել եւ ավարտին է հասցրել «Սասունցի Դավիթ» բալետ-օպերայի երաժշտությունը, որի բեմադրությունն իրականացնելուց առաջ նախ զբաղված են հատուկ ներկայացման համար՝ հին, մոռացված հայկական գործիքները վերաստեղծելով։
Մենք ըմբոշխնում ենք Արթուրի դաշնամուրային հրաշալի կատարումները, եւ ես հրաժեշտ եմ տալիս սիրելի «Սովետական Հայաստան»-ցիներիս, որոնց կողքին, շատ երիտասարդ, աշխատանքային առաջին քայլերս եմ արել։ Իսկ Վարազդատն ասում է, որ մինչեւ իր մեկնելը էլի պիտի պարտադիր հավաքվենք։
Հիրավի պատմական հանդիպում։ Իրոք որ երազ՝ արթուն աչքերով։ Հետաքրքիր է՝ մյուս հանդիպումն է՞լ է այսպես ֆանտաստիկ լինելու։
Կարծիքներ