ՀՀ քննչական կոմիտեն կեղծ դիպլոմների վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

ՀՀ քննչական կոմիտեն կեղծ դիպլոմների վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

Մամուլը, այդ թվում նաեւ՝ «Հրապարակը», քանիցս անդրադարձել է իսրայելական կողմի ահազանգին, որը վերաբերում էր հայկական որոշ բուհերի կողմից իսրայելցի բժիշկներին կեղծ դիպլոմներ տալուն։ Մեր մի քանի հրապարակումներից հետո, որոնցում հղում էինք կատարել ՀՀ քննչական կոմիտեից եւ կրթության եւ գիտության նախարարությունից մեզ տրամադրած տեղեկատվությանը, «Հայբուսակ» համալսարանը դատի տվեց մեզ՝ համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը վարկաբեկող որակումներ հրապարակելու համար։

Ապրիլյան հեղափոխությունը շատ բան փոխեց մեր երկրի կյանքում, եւ, «Հայբուսակ»-ն էլ հետամուտ չեղավ իր բարի համբավն ու հեղինակությունը մեր թերթից պաշտպանելու հարցում։ Դա, սակայն, չխանգարեց, որ Իսրայելում կրկին հիշեն ու անդրադառնան մեր բուհական համակարգին, ոչ պետական բուհերի տրամադրած դիպլոմներին։ Եվ այսպես․ հայկական մամուլը դեռ ամսվա սկզբին ծանուցեց՝ ըստ newsru.co.il-ի՝ դեկտեմբերի 2-ին Իսրայելում, հարավային Լակիա քաղաքից մինչեւ հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների եւ դեղագործների, որոնք կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։

Կայքը տեղեկացրել էր, որ նրանք այդ փաստաթղթերի հիման վրա սատցել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ «Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր բուհերում, սակայն երբ չեն կարողացել ավարտել ուսումը, կապի մեջ են մտել խարդախի հետ, որը նրանց ուղղորդել է «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ» եւ «Հայբուսակ» համալսարաններ, որտեղ էլ կարճ ժամանակ սովորելուց հետո նրանք դիպլոմներ են ստացել»,- տեղեկացնում է վերոնշյալ կայքը։

ՀՀ քննչական կոմիտեին հարցում էինք հղել՝ տեղեկանալու, թե իսրայելական կողմի ահազանգից հետո ի՞նչ բացահայտումներ են արել, ո՞ր բուհերն են, որ կեղծ դիպլոմներ են տրամադրել արտասահմանցի ուսանողներին, քանի՞ դիպլոմ են տրամադրել եւ ի՞նչ վճարի դիմաց։ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից, ի պատասխան մեր հարցման, արձագանքել են․ «Ըստ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների եւ ստորաբաժանումների ներկայացրած տեղեկատվության «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ» եւ «Հայբուսակ» համալսարանների կողմից արտասահմանցի ուսանողներին կեղծ դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ քրեական գործեր չեն քննվել։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում «Հայբուսակ» եւ «Մխիթար Գոշ» համալսարանների վերաբերյալ հարուցվել է երկու քրեական գործ․ Դրանք են՝

1․ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հարուցված քրեական գործը՝ «Հայբուսակ» համալսարանի եւ մի շարք ուսանողների միջեւ Հայաստանի Հանրապետությունից վերջիններիս բացակայության ժամանակահատվածում «ուսումնառության ժամանակաշրջանի վարձի վճարման եւ գանձման սկզբունքների եւ ժամկետների մասին» պայմանագրեր կքնելու վերաբերյալ, որով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (Քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կրճատման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա)։

2․ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում գտնվող «Հայբուսակ» համալսարանի քոլեջի եւ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան ՀՁ ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Վերը նշված քրեական գործերով արտասահմանցի ուսանողներին կեղծ դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»։