«Հրապարակ». Հրահանգել է` Աղազարյանին ու Ասլանյանին անգամ թաքուն պաշտպանողներին պատժել

«Հրապարակ». Հրահանգել է` Աղազարյանին ու Ասլանյանին անգամ թաքուն պաշտպանողներին պատժել

Նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը որոշել է «ստերիլացնել» իշխող խմբակցությունը` դարձնել էլ ավելի հլու-հպատակ, որ այսուհետ չկարողանան իրենց նման շռայլություն թույլ տալ եւ անձնական կարծիք հայտնել: Բոլորը պարտավորված լինեն՝ զինվորի պես կատարել իր հրահանգները, հակառակ դեպքում կարժանանան վարչապետի «խնդրանքը» մերժած Հովիկ Աղազարյանի եւ Աղազարյանին պաշտպանելու փորձ արած Հակոբ Ասլանյանի ճակատագրին․ նրանց կհեռացնեն ՔՊ-ից, անձնական կյանքը կդարձնեն բոլորի քննարկման առարկա, շանտաժ ու սպառնալիքներ կտեղան: Հիմա ՔՊ-ականներն արդեն վախենում են բարեւել լրագրողներին, որ չկասկածվեն արտահոսքեր կազմակերպելու մեջ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մասամբ հասավ իր նպատակին, եւ ՔՊ ոհմակը, փոխանակ դիմադրելու, հաճույքով միացավ նրան` խժռելով իրենց երկու գործընկերներին: Այն արագությունը, որով հեռացրին երկու տարեց պատգամավորներին, վկայում է այս թիմի ստորաքարշության եւ վախկոտության մասին: Բայց եթե Աղազարյանի դեպքում գոնե ինչ-որ ժամանակ տեւեց դա, ինչ-որ ձեւակերպում տվեցին կատարվածին, Հակոբ Ասլանյանի դեպքում զավեշտական հապճեպություն ու ստրկամտություն դրսեւորեցին:

Մեզ պատմեցին, որ երբ Ասլանյանը հայտարարել է իր գործունեությունը կուսակցությունում մեկ ամսով դադարեցնելու մասին, նրա հետ է կապվել իր մտերիմ՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ խորհուրդ տվել խմբագրել հայտարարությունը, ավելին` վստահեցրել է, որ այդ դեպքում կներեն իրեն եւ չեն դնի խմբակցությունից նրան հեռացնելու հարցը: Հավաստիացրել է, որ ինքն անձամբ զրուցել է ՔՊ խմբակցության ղեկավարության հետ ու երաշխավորում է՝ եթե հայտարարի, որ էմոցիաների ազդեցության տակ է նման բան հայտարարել` կանցնի-կգնա, հարցը կփակվի։ 

Այդ օրը ՔՊ-ական պատգամավորներին նախապես ծանուցել էին, որ 16.30-ին խմբակցության նիստ է լինելու` Ասլանյանի հարցով, հետո հավելյալ տեղեկացրել էին, որ հնարավոր է նիստը չկայանա կամ հետաձգվի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը զանգել է խմբակցության ղեկավար կազմին եւ հորդորել է վայրկյան առաջ նիստ հրավիրել եւ Հակոբ Ասլանյանին վտարել ՔՊ շարքերից: Այնքան հուժկու հրահանգ է եղել, որ անգամ գործուղման մեջ գտնվող Հայկ Կոնջորյանին են բերման ենթարկել։ Կոնջորյանը դեկտեմբերի 9-12-ը գործուղվել էր Բրյուսել, բայց վերադարձել է դեկտեմբերի 11-ին եւ կազմակերպել Ասլանյանին բզկտելու օպերացիան։

Ի դեպ, նիստին փոքրաթիվ ՔՊ-ականներ են մասնակցել՝ մոտ երկու տասնյակ, եւ մի քանի մարդով որոշում են կայացրել, ավելի ճիշտ՝ կատարել են «շեֆի» կամքը: Ասլանյանին անգամ խոսելու, պարզաբանելու հնարավորություն չեն տվել, ոհմակով հարձակվել են` վիրավորել, անպատվել, պնդել, որ մանդատից հրաժարվի, ակնարկել, որ իրեն էլ լավ օրեր չեն սպասվում։ Ասլանյանը միայն հասցրել է ասել, որ չի հրաժարվելու մանդատից: Սակայն թե որքան կկարողանա դիմադրել` դժվար է ասել։ Ի դեպ, ասում են՝ նա ՔՊ նիստին գնացել է այն հույսով, որ կուսակիցների հետ կզրուցի, կբացատրի, որ իր վաղեմի ընկերոջն է ընդամենը պաշտպանել, ինչը մեծ հանցանք չէ, մանավանդ` Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ ոչինչ չեն անելու, բայց շոկահարվել է, երբ ամենակոշտ հանդիմանանքներին ու ամոթանքներին է արժանացել: Անգամ նրա տարիքը չեն հարգել երիտքպականները, ասել են, որ ինքն անադեկվատ է, ոչինչ չի հասկանում, թե ինչ է ասում, եւ այլն։

Ասլանյանի հարցը հրատապ ռեժիմով լուծելու նպատակը մեկն է՝ կատարվածը պետք է դաս լինի յուրաքանչյուր ՔՊ-ականի համար, որ հասկանան, թե ինչ է լինում, երբ փորձում են հակադրվել Փաշինյանի ապօրինի հրահանգներին։ ՔՊ-ում խոսակցություններ կան, որ պատիժ է սպասվում բոլոր նրանց, ովքեր հրապարակային կամ թեկուզ փակ ֆորմատով պաշտպանել են Հովիկ Աղազարյանին: Փաշինյանը հանձնարարել է՝ բոլոր «դավաճանների» մասին իրեն զեկուցել, անգամ նրանց մասին, ովքեր ասել են, որ Աղազարյանի անձնական կյանք ներխուժելն անթույլատրելի էր։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ական տղամարդ պատգամավորներից շատերը հրաժարվել են կարդալ Աղազարյանի հեռախոսային խոսակցությունների «ռասպեչատկաները»՝ համարելով դա ամոթալի քայլ: Ոմանք ՔՊ նիստում միամտաբար արտահայտել են իրենց առարկությունները ու հայտնվել Նիկոլի սեւ ցուցակում: Նրանց թվում են նաեւ Գագիկ Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը, Տրդատ Սարգսյանը եւ ուրիշներ: