Շիշ բռնողի եւ լրագրողի գործն ուղարկվել է ՀՔԾ

Շիշ բռնողի եւ լրագրողի գործն ուղարկվել է ՀՔԾ

Հունիսի 3-ին ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը, փողոցում հափշտակել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել փախուստի։ Դրանից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։

Քննիչ Հայկ Սահակյանից հետաքրքրվեցինք՝  ավարտվե՞ց նյութերի նախապատրաստման փուլը, պատասխանեց․ «Նախապատրաստված նյութերն ուղարկել ենք դատախազություն։ Ըստ երևույթին, պետք է, որ արդեն ուղարկած լինեն Հատուկ քննչական ծառայություն»։

Հարցին, թե Հայկ Սարգսյանին կանչե՞լ են բացատրություն տալու, տվեց բացասական պատասխան՝ ասելով, թե բացատրություն չի վերցրել ԱԺ պատգամավորից։

Դատախազությունից հայտնեցին, թե իրենք էլ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու․ «Ընթացքի մեջ է»։

ՀՔԾ-ից էլ փոխանցեցին՝ նյութերը ստացել են, ընթացքի մեջ է։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին լրագրող Անուշ Դաշտենցը տեսել էր, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի դիմաց՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել և փորձել էր հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել էր հեռախոսը, փորձել էր ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ էր դրված եղել, չէր կարողացել։ 
Ապա հեռախոսը ձեռքին նստել էր մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Շիշ բռնող հայտնի անձը, որը գողականների հետ շատ է շփվում, լրագրողների վրա հարձակվելու, նրանց գույքը հափշտակելու հակումներ ունի։ Օրեր առաջ նա ԱԺ-ում խլել էր «Yerevan Today»-ի լրագրողի խոսափողը, մտել իր աշխատասենյակ եւ դուրս չէր գալիս։