Պուտինը փորձելու է ավելին կորզել, Թրամփը դժվար կացության մեջ է

Պուտինը փորձելու է ավելին կորզել, Թրամփը դժվար կացության մեջ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատիկի առթիվ հրադադար էր հայտարարել, որը պիտի շարունակվեր ընդհուպ մինչև կիրակի երեկո: «Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել էր Պուտինը, և ավելացրել էր, որ ուկրաինացիների պահվածքից հասկանալի կլինի, թե որքանով են նրանք պատրաստ այդ հրադադարին: Իհարկե, ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ ռուսական կողմը չի պահպանել հրադարարը, իսկ ուկրաինական կողմն արժանի հակահարվածներ է տվել: 

«Հրապարակը» քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ զրուցեց՝ հասկանալու համար, թե իրականում ո՞րն էր 90 ժամանոց հրադադարի նպատակը և ինչ ցույց տվեց այն: 

-Զատիկի առիթով հրադադար հայտարարելն ինչի՞ մասին է խոսում, որ Պուտինը լավ քրիստոնյա՞ է, թե՞ ուզում էր հասկանալ, թե որքանո՞վ են ուկրաինացիները պատրաստ խաղաղության: Գուցե նաև ինչ-որ առումով իր իմիջն էր ուզում մի փոքր մեղմացնել: 

-Պուտինի քրիստոնեական զգացմունքները չեմ կարող գնահատել, թե որքանով կարող էին դրանք պայմանավորել Զատիկի առիթով հրադադարի մասին հայտարարությունը, բայց ակնհայտ է, որ եթե այդ հայտարարությունը առավելապես պայմանավորված էր քրիստոնեական զգացումներով, իր մեջ պարունակում էր նաև քաղաքական տպավորություն գործելու շարժառիթ: Ես իհարկե չէի ասի՝ աշխարհի առաջ իր վնասված հեղինակությունը վերականգնելու միտումով, որովհետև այստեղ շատ հարաբերական է աշխարհի առաջ վնասված հեղինակություն ասվածը, որովհետև Պուտինի հետ կարծես թե ավելի շատ խնդիր ունի եվրոպական արևմտյան հանրությունը: Մնացյալ շրջանակներում կարծես թե այդ խնդիրը այդպիսի շեշտադրումով չկա: 

-Սա ևս մեկ ազդա՞կ էր Պուտինի կողմից, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների սեղանին նստել:

 -Պուտինն առանց դրա էլ հայտարարել է այդ մասին, բայց նաև նշել է, որ դրա համար կան պայմաններ: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Պուտինը ոչ թե աշխարհին կամ Ուկրաինայում` հակամարտության շարունակությամբ հետաքրքրված երկրներին կարիք ունի ցույց տալ, որ պատրաստ է խաղաղության, այլ այդ հարցի քննարկման շատ նեղ շրջանակում իր գործընկերներին՝ այսինքն, Թրամփին: Պատերազմի շարունակության կամ խաղաղության ցանկացած հարց քննարկվում է այդ նեղ շրջանակում, և չեմ կարծում, թե Պուտինն այդ հարցում ունի քարոզչական տպավորություն թողնելու կարիք: Բավական բազմաշերտ ու բավական խորքային են այդ քննարկումները, դրանց ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության տարբեր աստիճաններով ներգրավված են նաև այլ երկրներ և վճռորոշ համաձայնությունները կայացվելու են այդ շրջանակում: Այսինքն, սա հանրային քաղաքականության ինչ-որ մաս չէ: Պուտինը բավականին կոշտ պայմաններ է առաջադրել, քանի որ հասկանում է, որ Թրամփի համար բավականին կոշտ իրավիճակ է: Թրամփը խոստացել էր, որ կկանգնեցնի ուկրաինական պատերազմը և եթե նրան դա չհաջողվի, ապա սա որոշակի բումերանգի էֆեկտով կհարվածի Թրամփին՝ քաղաքական իմաստով: ԱՄՆ նախագահին պետք է այս պատերազմը կանգնեցնել, որպեսզի ինքը կարողանա կենտրոնանալ իր իշխանության ամրապնդման վրա, որպեսզի դրա միջոցով ավելի ընդգրկուն ու ավելի ակտիվ կարողանա զբաղվել համաշխարհային ճարտարապետության այն պատկերացումներով, որ ինքն ու իր թիմն առաջ են բերել: Սա հասկանալով, Պուտինը փորձելու է ավելին կորզել, որովհետև Պուտինից բացի չեմ կարծում, թե Թրամփն այս հարցում ունի պայմանավորվելու ունակ և վճռորոշ դեր ունեցող այլ գործընկեր: 

-Բայց կարծես թե ամերիկյան կողմն էլ որոշակի հետքայլ է անում գործընթացից: 

-Ֆրանսիա այցից հետո մենք տեսանք, որ Մարկ Ռուբիոն ԱՄՆ ղեկավարության անունից վերջնագրային հայտարարություններ արեց, որ եթե չհաջողվի պայմանավորվել Ուկրաինայի հարցում, ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից: Սա վերջնագրային ուղերձ էր, իմ կարծիքով, ուղղված Ուկրաինային և Եվրոպային: Ակնհայտ է՝ Ուկրաինան դիմադրում է, Զելենսկին ունի իր խնդիրները, նա չի կարող որևէ կերպ համաձայնել այն պայմաններին, որ քննարկում են ՌԴ-ն և ԱՄՆ-ն: Միևնույն ժամանակ Զելենսկին չի կարող իր պայմանները թելադրել․ հիշում ենք, թե Թրամփը Սպիտակ տանն ինչ ասաց, որ ուկրաինացիների խաղաքարտերը շատ թույլ են և նրանք չեն կարող պայմաններ թելադրել: Այստեղ Եվրոպայի հարցն է, արդյոք թիկունքից կհրե՞ն դիմադրության, թե՞ այդուհանդերձ կփորձեն նաև նպաստել, որպեսզի հնարավորինս արագ լուծումներ գտնվեն: ԱՄՆ-ի կողմից այդ վերջնագրային տեսքով հայտարարությունը խոսուն փաստ էր և կախված նրանից, թե Եվրոպայի դիրքորոշումից հետո ինչ կանեն իրենք: Բայց սա ցույց է տալիս, թե ինչպիսին է իրավիճակն այդ նեղ շրջանակում: 

-Խաղաղության գործընթացին ընդդիմացողը Զելենսկի՞ն է, թե՞ Եվրոպան, որը Զելենսկուն հույսեր է տալիս: 

-Զելենսկին ինքը, իհարկե, ընդդիմանում է, նրա հանգամանքը բավական հստակ է, բայց խնդիրն այն է, որ Զելենսկու դիմադրությունը շատ ավելի արագ կարող է հաղթահարվել, եթե նա չունենա թիկունքային աջակցություն: Եվ այստեղ Եվրոպայի դերն է կարևոր, որովհետև եվրոպացիները խրախուսում և ոգևորում են Զելենսկուն, աջակցություն են խոստանում, բոլորը հասկանում են, որ այդ ամենը չի փոխարինի ԱՄՆ-ի դերին, բայց հաշվի առնելով, որ Զելենսկին շատ մեծ ընտրություն չունի, եվրոպացիները օգտագործում են առիթն իրենց շահերը ներկայացնելու համար: