Օրենքդ հեռու տար, քանի դեռ քֆուր չեմ տվել

Օրենքդ հեռու տար, քանի դեռ քֆուր չեմ տվել

Կար ժամանակ, որ ՀՀ «հեղափոխական» իշխանությունների մասին ասում էին՝ թողեք աշխատեն… Երեւի նկատի ունեին, որ մի քիչ կաշխատեն, կսովորեն երկիր կառավարել, հունի մեջ կընկնեն: Անցել է 3 տարի, բայց սրանք ոչինչ էլ չեն սովորել: Դժվար, չսովորող, «ջանին ջափա չտվող» երեխաների մասին մեր թաղում ասում էին՝ «էշ կերել, մունդռիկ մեծացել ա»: Նրանք սովորաբար այդպիսին էլ մնում էին, մինչեւ դպրոցն ավարտում էին, հետո ծնողները նրանց մի տեղ էին խցկում, որ սովորեն, մարդ դառնան: Միշտ չէ, որ հաջողվում էր, բայց դե՝ հույսը վերջինն է մեռնում:

ՀՀ իշխանությունների պարագան ընդհանրապես անհույս է: Նրանց ուղղակի չի կարելի թողնել, որ աշխատեն, «եթե աշխատելով սովորեին, էշը հիմա գիտնական էր դարձել» փիլիսոփայությամբ…
Ահավասիկ՝ Քրեական օրենսգիրքը լրացրել են ծանր վիրավորանքի մասին հոդվածով, որն ուժի մեջ մտավ օգոստոսի 30-ից։ Լսողն էլ կմտածի՝ մարդիկ աշխատում են, վիրավորանքների դեմն են առնում: Տո չէ, այ ձեր ցավը տանեմ, նման օրենքների պակաս մենք երբեք չենք ունեցել: Սա ձեզ ասում եմ որպես հին լրագրող եւ նման օրենքների հետ բազմիցս գործ ունեցած մարդ: Նախկինում դրանք քրեական պատասխանատվություն էին ենթադրում, ավելի ուշ՝ սկսեցին տուգանել: Սրանց արածն այն է, որ տուգանքների շեմն են բարձրացրել՝ հայհոյելու եւ վիրավորելու մենաշնորհը թողել հարուստներին: Այսուհետ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով: Իսկ ահա՝ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Պարզ է, չէ՞, որ հայհոյանքն այժմ թանկ հաճույք է, եւ մեր հարեւան Շմավոնը՝ իմ իմացած ամենաքֆուրչի մարդը, որ երազում էլ 1 միլիոն դրամ տեսած չկա, պետք է բերանը փակի:

Անցյալ օրը Շմավոնին հատուկ կոնսուլտացիա արեցի այս հարցով, հորդորեցի՝ քֆուր չտալ միառժամանակ, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում: Դուք նրա բարձրացրած աղմուկը պետք է լսեիք՝ համեմված ժողովրդական բառուբանով: Ում ասես՝ չանդրադարձավ՝ Նիկոլից մինչեւ Լոսի Քիսո… Եվ այդ շարքում, անշուշտ, իր ուրույն տեղն ուներ Ալեն Սիմոնյանը՝ այս օրենսդրական «բարեփոխության» հեղինակը: Ճիշտը որ ասեմ՝ ես էլ պակաս չվրդովվեցի հայհոյանքի գները կտրուկ բարձրացնելու կապակցությամբ, բայց մի կերպ ինձ զսպեցի, որովհետեւ, ի տարբերություն Շմավոնի, ես գրեթե ամեն օր հոդված եմ գրում, եւ մեծ է ռիսկը, որ որեւէ մեկին կարող եմ վիրավորել: Չէ, եղբայր, ասացի ինքս ինձ, դու ինչի՞ տեր ես, որ 1 միլիոն դրամով ինչ-որ ոչնչության հայհոյես: Ո՞վ է լեզվիցդ քաշում՝ կա՛մ մի գրի, կա՛մ էլ այնպես գրի, որ գրածիդ մեջ հայհոյանք չլինի:

Նույնիսկ Նիկոլի մասին բանաստեղծական այսպիսի տողեր հղացա.
Թույլ տուր ես քեզ ողջունեմ,
Թեեւ այդքան փող չունեմ…

Տեսնես այս երկտողի համար կտուգանե՞ն: Մեկ ուզում էի «ողջունեմ»-ը դնել չակերտների մեջ, մեկ էլ ասի՝ շառից հեռու, այ մարդ… Դատախազը որ հարցնի՝ էդ ի՞նչ նկատի ունես «ողջունել»-ը չակերտի մեջ առնելով, ի՞նչ պետք է պատասխանեմ: Այն էլ ասեմ, որ պարոն Փաշինյանին հայհոյելը կամ վիրավորելը մի քանի անգամ ավելի թանկ արժի, քան որեւէ շարքային ուսապարկի: Օրենսդրական փոփոխության հեղինակները, փաստորեն, լավ էլ գիտեն, թե որտեղից ավելի շատ փող կգա՝ իհարկե, Նիկոլից: Նիկոլն այն մարդն է որին նոյեմբերի 9-ից սկսած ոչ միայն պարբերաբար, այլեւ զանգվածաբար են հայհոյում ու վիրավորում: Եվ օրենքում, ահա, սեւով սպիտակի վրա գրել են. «Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»:

«Մերկ թագավորին» թողնենք հրապարակում եւ անցնենք կրկեսի ծաղրածուներին, որոնք պահանջում են տուգանել «թագավորը մերկ է» գոռացողներին: Ապուշներ, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչ է նշանակում «միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար ծանր վիրավորանք հասցնելը» արտահայտությունը: Ինչո՞ւ են մարդիկ հենց նույն մարդուն պարբերաբար ծանր վիրավորանք հասցնում, մտածե՞լ եք: Պետք էր գնալ հակառակ ուղղությամբ՝ առավոտից երեկո «հայհոյվող» այդ մարդուն պետք է հարցնեիք պատճառների մասին: Ի վերջո՝ գիժը մեկն է լինում, ոչ թե բոլորը:

Իսկ եթե ձեր ծաղրածու հալով, այնուամենայնիվ, որոշել եք ինձ դնել գժի տեղ, հույս չունենաք, որ ձեր այս օրենքն ինձ մոտ կանցնի: Ես թքել եմ այն օրենքի վրա, որ արգելում է չինովնիկին վիրավորել ու հայհոյել ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված որոշակի վարքագիծ ցուցաբերելու համար, բայց դատախազին արտոնում է քրեական գործ հարուցել ու դատել մի մարդու, որ, լինելով ՀՀ նախագահ, 2008թ. մարտին կատարել է իր ծառայողական պարտականություններն ու ցուցաբերել այդ պաշտոնից բխող վարքագիծ:
Դե տարեք ու այս օրենքը մտցրեք․․․ քանի դեռ քֆուր չեմ տվել: