Տղամարդու բամբասկոտ տեսակը

Տղամարդու բամբասկոտ տեսակը

Ես սովորաբար չափից դուրս հանդուրժող եմ մարդկային կարծիքի նկատմամբ: Հատկապես երբ խոսքը վերաբերում է ինչ-որ մի երեւույթ վերլուծելուն, այդտեղ բացարձակ ճշմարտություն լինել չի կարող: Ուստի անգամ այն տեսակետներին, որոնց հետ համակարծիք չեմ, հիվանդագին չեմ վերաբերվում: Ինչքան մարդ` այդքան կարծիք: Այդպես եմ մտածում: Բայց երբ ազատ խոսքի անվան տակ մարդը սկսում է չարախոսել, թիրախավորել մարդկանց, վիրավորել, այդ ամենին էլ գումարած` սարսափելի սուբյեկտիվ է իր հնչեցրած գնահատականներում, թերեւս մի բան է նշանակում` մարդը զբաղվում է բամբասանքով: 

Տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում ապրող Արա Ղազարյանը եւ Մհեր Բաղդասարյանը փոդքասթ են վարում, որը կոչվում է` «Օձի լեզու»: Փոդքասթի շրջանակներում խոսում են ամենատարբեր հարցերի մասին, անգամ քաղաքական հարցեր են քննարկում, անդրադառնում են շոուբիզնեսին, դրա շուրջ ծավալվող իրադարձություններին: Հայաստանը վաղուց լքած, բարեկեցիկ ու ապահով կյանքի հետեւից անվերադարձ գնացած այս երկու անձը բացառապես չարախոսում են հայ երգիչների, երգչուհիների, դերասանների հասցեին, անդրադառնում են «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ընդ որում` մշտապես չիրականացող կանխատեսումներ անում: Օրինակ` նախորդ տարի նրանք վստահ էին, որ «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլում» եզրափակիչ չի անցնելու, այնինչ Ժակոն արձանագրեց վերջին տարիների ամենալավ ցուցանիշը: 

Բայց ես այս հոդվածը չէի գրի, չէի անդրադառնա այդ փոդքաստին, եթե նրանք չանդրադառնային վերջերս «Օսկար» մրցանակի արժանացած դերասան Վաչե Թովմասյանին: Արա Ղազարյանը անդրադառնալով Վաչեին մասնավորապես նշել է. «Իմ համար Վաչեն բացառիկ դեմք ա, որովհետեւ էն Վաչեն, որը կա էկրանին, բեմում, եւ էն Վաչեն, որի հետ զրուցում ես, երկու տարբեր մարդիկ են։ Վաչեն վերջին տարիներին շատ խորացրել ու զարգացրել է իր անգլերենը։ Վաչեի օրինակը հաջողակ լինելու դասական նմուշ ա։ Վաչեն չունի դերասանական կրթություն, սակայն հայտնվել է մի ֆիլմում, որը ստացավ գլխավոր մրցանակ»։ Այս հայտարարությունից հետո ֆեյսբուքյան օգտատերերը ամոթանք էին տալիս Արա Ղազարյանին, մեկնաբանություններում գրում, որ ամոթ է, հայի այս նախանձ տեսակը մեզ տանում է կործանման, փոխարենը ուրախանաք, որ հայ դերասանն «Օսկարի» է արժանացել, երկու «տանը մնացած» կնոջ պես չարախոսում եք.... Նա էլ որպես արդարացում նշել էր, որ լրատվամիջոցներն են մանիպուլացրել, ինքը դա ասել է, սակայն ասել է այլ կոնտեքստում` ոչ վատ իմաստով:

ՀԳ. Ի՞նչ սպասես մի մարդուց, որն իրեն համարում է տաղանդավոր, կայացած պրոդյուսեր, մեծ արվեստագետ, սակայն Ֆեյսբուքի իր էջում Դոգի հայհոյախառն վիդեոներն է տարածում: Ի՞նչ սպասես մի մարդուց, որը «Օձի լեզու» փոդքասթի շրջանակներում խոսում է ամեն ինչի մասին, օրինակ` աշխարհաքաղաքական հարցեր է քննարկում` քաղաքագետի, լրագրողի կամ վերլուծաբանի մասնագիտություն չունենալով, սակայն Վաչեին կսմթում է, թե նա չունի դերասանի կրթություն, սակայն «Օսկար» է ստացել: Կարծես թե Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում համաշխարհային կարգի արտիստներ են դասավանդում, եւ չափանիշը այդ խղճուկ ինստիտուտն ավարտելն է: