Հայաստանի տասնյակից ավելի դպրոցներում վերջին զանգը չի հնչի

Հայաստանի տասնյակից ավելի դպրոցներում վերջին զանգը չի հնչի

Հունիսի 3-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Եվ այս տարվա շրջանավարտները կյանք մտնեն:

Սակայն հայաստանյան տասնյակից ավելի հանրակրթական դպրոցներում վերջին զանգը չի հնչի, քանի որ ավարտական դասարաններ չունեն: Նման խնդիր առկա է հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներում: Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ մարզպետարանի ենթակայության տակ գործում է 116 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից միջնակարգ դպրոցների թիվը 89-ն է, հիմնականը՝ 25, եւ 2 տարրական դպրոց։

«9-րդ դասարան ավարտում է 2 հազար 365 շրջանավարտ: Մարզի 4 դպրոցներում՝ Կալավան, Սեմյոնովկա, Ազատ, Ջաղացաձոր, 9-րդ դասարանցիների թիվը 1-ական շրջանավարտ է: Միջնակարգ 4 դպրոցներում՝ Անտառամեջի, Կուտականի, Վանեւանի, Տրետուքի 12-րդ դասարաններում 1-ական շրջանավարտ կա: Արեգունու, Կախակնի, Ջաղացաձորի դպրոցներում չկան շրջանավարտներ: Ծափաթաղի դպրոցում ընդհանրապես շրջանավարտ չունենք: Նախնական տվյալներով՝ ավարտելու է 1206 աշակերտ, որը 92 շրջանավարտով պակաս է անցած տարվանից»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:

Ծափաթաղ գյուղի Հենրիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Պարգեւ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 2 տարի դպրոցում վերջին զանգ չի նշվում. «Ցավոք, ունենք այն, ինչ ունենք, աշակերտ չկա, երկրորդ տարին դպրոցում վերջին զանգը չի հնչում: Այս տարի երեւի առաջին դասարան կունենանք չորս աշակերտով»: Ջաղացաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են պատրաստվում նշել վերջին զանգը։ «Այս տարի 12-րդ դասարանում շրջանավարտ չունենք: 9-րդ դասարանում 1 շրջանավարտ է: Մեր դպրոցն աշակերտների առումով սակավաթիվ է, եւ մենք փորձում ենք ամեն միջոցառմանը ներգրավել բոլոր աշակերտներին` անկախ տարիքային խմբից: Այս անգամ էլ որոշել ենք, որպես ուսումնական տարվա վերջ, մի փոքրիկ միջոցառում անել եւ հաջորդ օրը կգնանք Մաքենյանց վանք: Մյուս ուսումնական տարում ունենք 12-րդ դասարանի 1 շրջանավարտ, եւ 1 աշակերտ սեպտեմբերին կհաճախի առաջին դասարան»: «Այդ մի շրջանավարտն է: Շնորհավորելու համար մի 15 րոպեանոց միջոցառում ենք անելու` երեխային հաջողություն մաղթենք: Անցած տարի ունեինք 2 շրջանավարտ, էլի նույն ձեւով ճանապարհել ենք: Ցավոք սրտի, մյուս տարի շրջանավարտ չունենք»,- ասաց Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տարիել Մանուկյանը: