Դավաճանություն`ապուշության քողի տակ

Դավաճանություն`ապուշության քողի տակ

Պատերազմի մեջ գտնվող երկրի սահմանները պաշտպանված չեն, երբ թշնամին ամեն օր սպառնում է նորանոր տարածքներ գրավել եւ հասնել մինչեւ մայրաքաղաք: Երբ քո ինքնիշխան պետության տարածքը համարում է իր պատմական հայրենիքը: Եվ մեր մեջ չկա մեկը, որ ասի` դու հայրենիք չունես, փսլնքոտ, պատմության ժամանակների համար փսլնքոտ եւ առհասարակ: Երբ պատերազմական իրավիճակում չես պաշտպանում երկրի սահմանները, չունես խրամատում հսկող գոնե մեկ դիրքապահ, նշանակում է, որ ծայրագույն կերպով վստահում ես թշնամուն: Իսկ մարտադաշտում վստահես թշնամուն, թե քեզ վնաս չի տա, եւ զենքը վայր դնես, մեղմ ասած` ապուշություն է, ապուշներին բնորոշ վարքագիծ: Բայց մենք սրանց ապուշ ասելով` դարձնում ենք անմեղսունակ եւ ազատում պատասխանատվությունից: 

Երկրի վարչապետը, պատերազմի ժամանակ` գերագույն գլխավոր հրամանատարը, պատասխանելով այն հարցին, թե ինչու կահավորված չէ մեր առաջնագիծը, ասում է, որ կահավորված է, բայց այդ կահավորումն անտեսանելի է ինչպես մեզ, այնպես էլ թշնամուն: Ապուշություն: Իսկ թշնամին առանց մեկ փամփուշտ կրակելու եկել եւ քո անպաշտպան դիրքերում է նստել` ի չիք դարձնելով երկրիդ անվտանգությունը: Դավաճանություն: Ոմն պատգամավոր, որ նաեւ պատերազմական իրավիճակներ քննող գերագույն գլխավոր մասնագետ է հռչակվել, ասում է, որ մի անկարեւոր բարձունք են գրավել, այն էլ՝ չհսկվող, իսկ այդպիսի բարձունքներ ամեն տեղ կան: Ապուշություն: Խոսքն Իշխանասարի մասին է, Սեւ լճի, որ ջրային պաշար է, խոսքը Հայաստանի պետական սահմանի մասին է: Դավաճանություն:  

Թշնամին Քարվաճառում տիրացավ ջրային պաշարներին, Սյունիքում տիրանում է, Սեւանում տիրանում է: Երկու կողմից մտել է պետական սահմաններից ներս, որ չենք պաշտպանում մենք եւ թույլ ենք տալիս, որ տիրի մեր երկրի ողջ ջրային պաշարներին, հանձնում ենք: Այսօր գնաց, վաղը թափով է ետ գալու, որովհետեւ մենք չենք պաշտպանվում, հանձնվում ենք:  

Մարզպետը ստում է, գեներալի ուսադիրներով մարզպետը, թե մոլորվել են թշնամու զինվորները եւ եկել ու նստել մեր անպաշտպան դիրքերում: Իսկ մինչ այդ, դիրքերից վար են բերում դիրքապահներին, զինաթափում ինքնապաշտպանություն կազմակերպել փորձողներին, ձերբակալում: Այդպես երիտթուրքերն էին վարվում հայերի հետ, պարզապես այն նուրբ տարբերությամբ, որ նրանք սպանում էին, իսկ մերոնք ուղարկում են` նրանց ձեռքով սպանվելու: Սա ապուշություն չէ, դավաճանություն է, թրքություն: ԱԱԾ-ն հոխորտում է, սպառնում, թե այս ինչեր եք տարածում, ամեն ինչ հրաշալի է ու հաղթական, հաղթում ենք: Սա ազգային անվտանգության երաշխավորի վարքն է, որի համար ազգ, պետություն, պետականություն ընդամենը մեկ անձ է, եւ հենց նրա պաշտպանությամբ էլ զբաղված է բացառապես: Սա ապուշություն չէ, սա պետական դավաճանություն է:  

Դավաճան է մի ամբողջ պետական համակարգ` առաջին դեմքից մինչեւ վերջինը: Այդ կառույցներում չկա մեկը, որ զերծ լինի սույն ծանրագույն մեղքից, եթե լիներ` կընդվզեր. ընդամենն այն մի քանիսն էին, ովքեր դուրս եկան այդ կառույցներից: Սրանք ձեւանալով ապուշ ու անմեղսունակ` ապուշության քողի տակ իրենց համար բաղձալի ավարտի են հասցնում պետության ավերումը, պետականության անկումն ու օրհասը, մեր ինքնաոչնչացումը: Շահեկան է ապուշությունը, որովհետեւ այդպես ապուշացնում են մի ամբողջ ժողովրդի` Հայաստան եւ Սփյուռք, որ ցնծում են` կարծելով, թե մահը հարսանիք է: 

Եթե վաղն անգամ մի հայ մնա աշխարհի որեւէ ծայրում, նրա համար դուք մնալու եք դավաճան, երկիր ծախող, պետություն ոչնչացնող, հայրենազրկող: Որեւէ պատմիչ չի արդարացնելու ձեզ, եւ որեւէ պատմություն չի ներելու ձեզ: Որքան էլ ապուշ ձեւանաք եւ ապուշացնեք, միեւնույն է, պատմությունն անողոք է գտնվելու, դատաստանը` բիրտ ու դաժան: Եթե անգամ չդատվեք երկրի վրա, դժոխքը ձեզ է սպասում:

Հուսիկ Արա