Հայկական հիվանդություն
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին խորհուրդ է տվել «կարգավորման» իր ծրագիրը քննարկել Արցախի հետ: Երեկվանից ֆեյսբուքի հայկական տիրույթում Միրզոյանի, Փաշինյանի, հեղափոխական կառավարության հասցեին ով ասես՝ ինչ չի գրում: «Բա որ ասում էի Նիկոլը գալիս է Արցախը ծախելու, չէիք հավատում»- սա է մոտավորապես գլխավոր միտքը, որ հայ օգտատերերն շտապում են ներկայացնել հանրությանը՝ միաժամանակ կոչ անելով համախմբվել եւ հակահարված տալ նոր իշխանության «պարտվողականությանը»:
Խնդրին սպառիչ եւ հիմնավոր բացատրություն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է տվել: «Սա այն պատասխանն է, որ իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը խոսում է Արցախի հետ իր հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին գոնե վերադառնա բանակցային լիարժեք ձևաչափին և խոսի Արցախի հետ»- ասել է նա:
Բայց Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը քչերն են կարդում, ավելի քչերը՝ կարողանում ընկալել՝ ինչն ինչոց է, իսկ կարգավորման բանակցային գործընթացից կարող են գլուխ հանել եզակի թվով մարդիկ: Ֆեյսբուքը, մինչդեռ, արտահայտվելու եւ ամենաբազմազան կոնսպիրոլոգիական գաղափաներ շրջանառելու անսպառ հնարավորություն է տալիս: Եւ ըստ երեւույթին, հասարակության մի զգալի հատվածը հենց ֆեյսբուքյան մակարդակով էլ դատում, գնահատում եւ ըստ այդմ էլ չարանում է, ապա անցնում սպառնալիքների՝ հիփոթետիկ «հող հանձնողների» հասցեին: Իսկ ադրբեջանական մամուլում, սոցիալական ցանցերում Մամեդյարովի հայտարարությունը կամ չի կարեւորվում, կամ արժանանում է հերթապահ վերաբերմունքի այն իմաստով, որ ԱԳ նախարարն այլ կերպ չէր կարող արտահայտվել:
Ադրբեջանում այդ կարգի «խաղաղասիրությանը» լուրջ նշանակություն չեն տալիս, որովհետեւ գիտեն, թե որն է իրենց երկրի իրական նպատակադրվածությունը: Եւ ադրբեջանական ընդդիմությունը Մամեդյարովին պետական դավաճանության մեջ չի մեղադրում: Չի վկայակոչում սահմանադրությունը, որով Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չունի: Չի ասում, թե ԼՂ-ին «Ադրբեջանի կազմում բարձր ինքնակառավարում շնորհելը» չի կարող լինել մեկ մարդու կամ իշխող վերնախավի կամքով: Դրա համար հարկ կլինի սահմանադրություն փոխել՝ հանրաքվեով եւ այլն: Բոլորը հասկանում են, որ Մամեդյարովի ասածը դիվանագիտական «փոխզիջում է»: Գործնականում Ադրբեջանը բոլորովին այլ նախապատրաստությունների մեջ է: Իսկ մենք չենք կարողանում մարսել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն էլ կարող է շրջանառության դնել հայկական կողմի «փոխզիջումը»՝ Մամեդյարովին խորհուրդ տալ, որ գաղափարները քննարկի Արցախի հետ:
«Բանակցություններին Արցախի մասնակցությունն անհրաժեշտ, բայց բավարար չէ»,- ձեւակերպում է դաշնակցական քաղաքական գործիչը՝ բացահայտ ակնարկելով, որ խնդիրն ինքնորոշման իրավունքի իրացումը չէ, այլ՝ Հայ դատը, որի մի բաղկացուցիչ է Արցախի հարցը: Նրան չի հետաքրքրում, որ միջազգային հանրության համար ազգային պահանջատիրությունը, պատմական արդարության վերականգնումը եւ այս կարգի մյուս զեղումները ոչ միայն ընդունելի, նույնիսկ ընկալելի չեն:
Որ ինքը կամա, թե ակամա նպաստում է ադրբեջանական քարոզչությանը, որը խնդիրը սահմանում է «հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտություն», եւ տարբեր հարթակներում բարձրաձայնում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային նկրտումների» մասին: Մի՞թե մենք իրոք այսքան անլուրջ ենք: Մի՞թե պատմական փորձը, երբ ծովից-ծով Հայաստանի երազանքով տարված՝ կորցրել ենք ունեցածի մեծ մասը, ոչինչ չի հուշում: Իսկ գուցե կա՞ այդ «հայկական» կոչվող հիվանդությունը, որ ամեն անգամ ճարակում եւ մթագնում է մեր հավաքական գիտակցությունը: Գուցե նախ դրանից բուժվելու՞ անհրաժեշտության կա...
Կարծիքներ