Նպատակն արդարացնու՞մ է միջոցը

Նպատակն արդարացնու՞մ է միջոցը

Հունվարի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը տեղի համակիրների հետ: Դատելով սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններից, դա խիստ սակավամարդ միջոցառում էր, թեեւ գրեթե մեկ ամիս անընդմեջ այդ մասին ծանուցում արվում էր: «Սասնա ծռերն» Արցախում հանրային աջակցություն չունեն: Դա այլեւս ակնհայտ իրողություն է: Իրականության դեմ աչք փակել չեն կարող նաեւ գործի կազմակերպիչները: Ու, թերեւս, դրանով պետք է բացատրել Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունը, թե մտադիր են խորհրդատվություններ անցկացնել արտաիշխանական քաղաքական ուժերի եւ անհատների հետ՝ նպատակ ունենալով ձեւավորել, ինչպես ինքն է ասել, «առաջնորդող խումբ»:

Ըստ երեւույթին, խոսքը մարդկանց մի խմբի մասին է, որն ապագայում պիտի առաջ մղի «ծռերի» գաղափարախոսությունը եւ փորձի հասնել հանրային որոշակի աջակցության: Սեֆիլյանն ասել է, որ Արցախի ներկայիս իշխանությունը «պետք է հեռանա, ձեւերի մասին կարող ենք խոսել»: Ստացվում է, որ ոչ ավելի, քան երկու տասնյակ համակիր ունեցող ուժի հայաստանյան ներկայացուցիչը դնում է Արցախում իշխանափոխություն իրականացնելու նպատակ եւ անոնսավորում դրան հասնելու շուրջ երկխոսություն, բայց քանի որ իրականության զգացողությունը լիովին չի կորցրել՝ նաեւ ավելացնում է, որ եթե մինչեւ հաջորդ տարի ոչինչ տեղի չունենա, ապա բացառված չէ, որ «առաջնորդող խումբը մասնակցի նախագահական ընտրություններին» եւ փորձի այդ ճանապարհով իրացնել Արցախի միավորումը Հայաստանին:

Այստեղ արդեն գործ ունենք «նպատակն արդարացնում է միջոցը» մտայնության հետ: Փաստացի դեմ լինելով Արցախի անկախությանը, Արցախն անվանելով Հայաստանի մարզ՝ «ծռերը» դնում են Արցախի նախագահի պաշտոնին հասնելու քաղաքական նպատակ: Բայց նրանք այնքան են կտրված արցախյան իրականությունից, որ չգիտեն՝ սահմանադրությամբ նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն կուսակցությունները: Որեւէ «առաջնորդող խումբ» չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ «ծռերի» տեղական կառույցը, եթե նույնիսկ գրանցված է որպես կուսակցություն, իր շարքերում չունի ընդգծված եւ հանրությանը քաջածանոթ ներկայացուցիչ:

Մեկ-երկու ֆեյսբուքյան աղմկարարներ ունենալով բացառված է քաղաքական լրջագույն գործընթացի դերակատար լինել: Վստահաբար կարելի է ասել, որ «ծռերի», արցախյան առաքելությունը հիմնավորապես ձախողված է: Համակիրների փոքրաթիվ ջոկատը կարող է դառնալ որեւէ կուսակցության արբանյակը, եթե, իհարկե, քաղաքական տվյալ ուժը համաձայնի համագործակցել նրա հետ: Ավելի հավանական է, որ «ծռերը» երբեմն-երբեմն իրենց մասին կհիշեցնեն սոցիալական ցանցերում սկանդալային գրառումներով եւ այդպես էլ կմնան քաղաքական դաշտի լուսանցքում: