Պայքար՝ հանուն կեղտի մեջ ապրելու իրավունքի

Պայքար՝ հանուն կեղտի մեջ ապրելու իրավունքի

Փիլոնազրկված Տեր Ղազարին հիշո՞ւմ եք: Նրա թատերական ներկայացումներն իհարկե անմոռանալի են, բայց իմ մոտ ամենից շատ տպավորվել է Խաչատուր Աբովյանի նկատմամբ նրա խորը ատելությունը: Իմ համոզմամբ դա մասնավոր մոտեցում չէր, այլ հավաքական տեսակետի մասնավոր դրսևորում, որն է` հայ պահպանողականության թշնամանքը լուսավորական, ռեֆորմիստական շարժման նկատմամբ:
Արդեն երեք հարյուր տարի է նրանք կատաղի պայքար են մղում սեփական կեղտի մեջ ապրելու իրավունքը ամրագրելու համար: Եվ հանուն այդ վեհ նպատակի թաքնվում են ազգային արժեք և ինքնություն եզրույթների ետևում:
Այդ նույն տրամաբանությամբ ժամանակին մեծ լուսովորիչ Աբովյանն էլ էր մեղադրվում ազգային արժեքները պղծելու մահացու մեղքի մեջ: Ասում էին, թե գրաբարը մեր ինքնության մեխն է, ինչպես կարելի է ոտնահարել այդ մեծագույն արժեքը: Բնականաբար Աբովյանը լուրջ չէր վերաբերվում նմանատիպ խոսակցություններին և գլուխը կախ իր գործն էր անում` հասկանալով, որ չի կարելի նոր աշխարհակարգ մուտք գործել միջնադարյան ժանգոտած բարքերով և քայքայված եկեղեցական լեզվով:
Մխիթար Սեբաստացին դավաճան գրանտակեր էր, իսկ Մադրասի խմբակը, Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ, ընդհանրապես ապրում ու ստեղծագործում էր Էջմիածնի պատժիչ մահակի պայմաններում:
Բայց մխիթարյաններն ու մադրասցիները իրարից անկախ առաջնային պլան էին մղել հոգևոր Հայաստանի գաղափարը` մեկնարկելով երկու տարբեր ելակետներից: Առաջինները վերաիմաստավորում էին անցյալը` փորձելով վերականգնել օրգանական կապը անցյալի և ներկայի միջև, որը խզված էր ու կազմաքանդված: Կրոնաէթնիկական պարզունակ հանրույթի փոխակերպված ժողովուրդը կորցրել էր պատմական հիշողությունը` մոռանալով նույնիսկ Խորենացուն:
Իսկ մադրասցիներն էլ գրում էին ապագա ազգային պետության սահմանադրությունը` գաղափարական հիմքեր նախապատրաստելով ազատագրական պայքարի համար:
Բայց միևնույն է, հայ պահպանողականները հին սովորության համաձայն ուզում էին ապրել իրենց սեփական կեղտի մեջ` չնկատելով փոփոխությունների այն մեծ ալիքը, որն արդեն իսկ իրողություն էր:
Նրանք ատում էին Միքայել Նալբանդյանին և անհանգստացած էին նույնիսկ նրա թաղման բազմամարդ ծեսից, քանի որ հեղափոխականը չի դադարում հեղափոխական լինել, նույնիսկ, երբ մեռած է: Նրանք ուզում էին սպանել Րաֆֆուն և այսպես շարունակ, ցանկը երկար կարելի է շարունակել, բայց, կարծում եմ իմաստ չկա:

Վերադառնանք 21-րդ դար և արձանագրենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հիմա էլ են փոփոխությունների մեծ շրջափուլի մեջ: Չկարծեք, թե փոփոխություն ասելիս նկատի ունեմ Թավշյա հեղափոխությունն ու ԿԳՍՄ նախարարության չափորոշիչները: Զավեշտալի կլիներ, եթե պատմական այս ակնարկի ճշմարտացիությունը հիմնավորվեր Արայիկ Հարությունյանի փսևդո բարեփոխումներով:
Ընդամենը պետք է նկատի ունենալ, որ արդեն երեսուն տարի է, ինչ մենք ապրում ենք անցումային այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աստիճանաբար սաղմնավորվում է անկախության շրջանի մշակութային համակեցական միջավայրը: Ինչպես Աբովյանը, մխիթարյաններն ու մադրասցիներն էին ապահովում անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներ, հիմա էլ նույն սկզբունքով կայսերական հպատակները տրանսֆորմացիայի են ենթարկվում` ստանձնելով պետության համահիմնադրի կարգավիճակը:
Շղթայական այս գործընթացն անկասելի է և այլևս կասկածից դուրս: Բայց միևնույն է, հայ պահպանողականները նորից ուզում են ապրել իրենց հին ու հայտնի կեղտի մեջ` պահպանելով այն, ինչն արդեն գոյություն չունի:

Հ.Գ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են հոգևոր Հայաստանի մշակութային և պատմական հիմնասյուները, ապա ես կառանձնացնեմ արդեն իսկ մատնանշված եռամիասնությունը` Աբովյանի նոր դպրոցը, Սուրբ Ղազարն ու Մադրասի խմբակը: Արդի Հայաստանը գաղափարական տեսանկյունից ամուր կանգնած է հենց այս սյուների վրա: Մենք Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների, Ոսկե դարի հետ ուղղակի օրգանական կապ այլևս չունենք և ավելի շատ կապված ենք հենց այդ երրորդության հետ, միգուցե և առանց գիտակցելու: