Փաշինյան-Ալիեւ բոլոր համաձայնությունները նախապես են ձեռք բերվել․ Ձյունիկ Աղաջանյան

ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը եղել է Նիկոլ Փաշինյանի հետեւողական քաղաքականությունը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանության կողմից Ադրբեջանի հերթական պահանջի կատարմանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, թե Հայաստանը քննարկում է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու հարցը։
Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը՝ հատկապես ուկրաինական զարգացումների ֆոնին, ակտիվորեն սկսեց խուսափել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներից՝ պատճառաբանելով, թե Արեւմուտքն ու Ռուսաստանը խնդիրներ ունեն եւ չեն կարողանում հավաքվել։
«ՀՀ իշխանության՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու գծի շրջանակներում իրենք տրամաբանորեն կատարում էին այդ գործողությունները, որոնք թելադրված էին արեւմտյան կենտրոններից։ Բնական է, որ Ալիեւը պետք է փորձի ազատվել բոլոր հնարավոր օղակներից, որտեղ ԼՂ հակամարտության հետ կապված որեւէ ձեւաչափ կարող է լինել։ Ալիեւը եւ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը համահունչ են գործում եւ իրար հետ իրականացնում են այդ ծրագիրը՝ ընդհանրապես Արցախի խնդիրը փակելու առումով»,- ասում է արտակարգ եւ լիազոր դեսպանը։
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ լուծարման հետեւանքները ծանր են լինելու ապագայի համար։ «Փաստացիորեն, ԵԱՀԿ-ն միակն էր, որտեղ ԼՂ հակամարտությունը միջազգայնորեն բանակցվում էր, եւ դրանից հրաժարումը կնշանակի, որ հետագայում այդ խնդրի վերհանումը շատ ավելի բարդ է լինելու հայաստանյան իշխանությունների համար, այսինքն՝ այսօր իշխանության ղեկին նստած անձնավորության կողմից դիտավորյալ կերպով հարցը վերացնելուն ուղղված գործողություն է կատարվում, որ հետագայում հնարավոր չլինի հետողորմյայի որեւէ շանս թողնել»,- բացատրում է մեր զրուցակիցը։
Աղաջանյանը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ նման զիջումն ամենեւին չի նշանակում, որ, այսպես կոչված, խաղաղության չարաբաստիկ պայմանագիրն Ադրբեջանն ստորագրելու է։ Ադրբեջանն իր պահանջները չի նվազեցնելու։ «Սա եւս մեկ ապացույց է, որ բոլոր այս համաձայնությունները նախապես ձեռքբերված են եղել, եւ ընդամենը տեխնիկայի հարց է, թե ինչպես են դրանք հայ հանրությանը ներկայացվում՝ զիջումների միջոցով ուղղակի փաստի առաջ կանգնեցնելով հայ ժողովրդին»,- ասում է Ձյունիկ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձի իրավունքն օրակարգ բերելու խնդրին, դիվանագետն ասում է՝ այն արցախահայերի բնական իրավունքն է, որը որեւէ մեկը նրանցից խլել չի կարող, բայց Փաշինյանի գործողությունները, այդ խնդրի հետապնդման տեսանկյունից, կործանարար ազդեցություն են թողնում։
ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի վերացումը նշանակում է, որ հետագայում նոր ձեւաչափի ստեղծման խնդիր կարող է առաջանալ՝ եղածը վերագործարկելու փոխարեն։ «Իսկ այդ պարագայում, եթե դա ԵԱՀԿ-ի շրջանակներում լինի, Ադրբեջանը, իր վետոյի իրավունքը կիրառելով, կարող է խափանել նման որեւէ ձեւաչափի ստեղծումը։ Այսինքն՝ շատ ավելի բարդանում է աշխարհի քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող տերությունների ձեւաչափի ստեղծումը։ Ադրբեջանն այսօր որոշակի լծակներ ունի՝ խոչընդոտելու ԵԱՀԿ գործունեությանը, բայց միակողմանի ԵԱՀԿ ՄԽ-ն վերացնել չի կարող, դրա համար նրան անհրաժեշտ է Հայաստանի իշխանության համաձայնությունը»,- եզրափակում է դիվանագետը։
Կարծիքներ