Երբ ձեզ պետք ենք, դառնում ենք «մենք», երբ չէ՝ «դուք»․ ԲՀԿ-ականները պարզաբանումներ են պահանջում

Երբ ձեզ պետք ենք, դառնում ենք «մենք», երբ չէ՝ «դուք»․ ԲՀԿ-ականները պարզաբանումներ են պահանջում

Քաղաքապետարանը հերթական անգամ որոշել է մեկ անձից գնումներ կատարել։ Խոսքն աղբատար մեքենաների մասին․ այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանին թույլ տալ հերթական գնումը կատարել մեկ անձից։ Քաղաքապետարանը սրա վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել, որին պետք է ի սկզբանե ներկայանար փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, սակայն վերջին րոպեին որոշվեց, որ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պետք է պատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Ասուլիսին եկել էին նաև ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամները, նրանք վրդովված էին, որ քաղաքապետարանը միանձնյա է որոշումներ կայացնում, և իրենք մեկ անձից գնվող «ԿամԱԶ»-ների մասին տեղեկացել են միայն մամուլից։ «Մենք մոտավոր պատկերացում ունենք, որ 900 մլն դրամ գումար է ծախսվելու, այդ 900 մլն դրամը 24 հատ մեքենա է դառնալու, բայց մենք մոտավոր պատկերացում չունենք, թե այդ մեքենաներն ինչպես ենք կառավարելու, ասում եք՝ դեռ կտեսնենք, դե եկեք մի հատ ծրագիրը տեսնենք, հավանության արժանանա, ներկայացնենք երևանցիներին, նոր իրենց վճարած հարկերից այդ գումարները ծախսենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ մենք ձեռք ենք բերում այդ 24 մեքենան, և մի քանի ամիս հետ հայտնվում է մի օպերատոր, որը շատ ավելի մատչելի գնով պատրաստ է կատարել աղբահանություն Երևանում, քան թե մեր արած ծախսերը։ Մենք ո՞նց ենք պատասխան տալու երևանցիներին իրենց վճարած հարկերը անտեղի վատնելու համար՝ չունենալով ծրագիր, թե ինչ ենք անելու»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին պետք է ներկայանար փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։ 

«Ես նախկինում հիշում եմ, որ նման խոսակցություն էր շրջանառվում, որ այդ մեքենաները պետք է վարձակալությամբ տրվեն «Սանիթեքին»։ Քանի որ ԲՀԿ խմբակցությունը տեղեկացված չի եղել, դրա համար ենք այս հարցերը տալիս»,- հավելեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։