Առանց կատալիզատորի մեքենաների վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով. նոր նախագիծ՝ ընդդեմ վարորդների

Առանց կատալիզատորի մեքենաների վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով. նոր նախագիծ՝ ընդդեմ վարորդների

Շրջակա միջավայրի նախարարությունը մի նախագիծ է դրել արդարադատության նախարարության e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր վարում են մեքենան առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների: 

Նախածով առաջարկվում է հետևյալը. «2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների շահագործումը առանց կատալիտիկ չեզոքացուցիչների առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 500-ապատիկի չափով»: Այսինքն՝ առանց կատալիզատորի վարելու դեպքում վարորդը կտուգանվի համապատասխանաբար 300 հազար և 500 հազար դրամի չափով:

Նշենք, որ սա կարող է հերթական դժգոհությունն ու անգամ սոցիալական բունտը հարուցել վարորդների շրջանում, քանի որ այսօր Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների զգալի մասի վրայից հանված են կատալիզատորները: Քանի որ դրանց մեջ թանկարժեք մետաղներ կան, վարորդներից շատերը նախընտրում են հանել կատալիզատորներն ու այդ մետաղները հանձնել, դիմացը գումար ստանալ: Էլ չենք ասում, որ շատերը ավտոմեքենան գնել են առանց կատալիզատորի:

Նախագծի հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են  կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են տուգանելու հազարավոր վարորդների կամ պահանջելու, որ նրանք գնան միջինը 100 հազար դրամ տան, նորից կատալիզատոր առնեն տեղադրեն իրենց մեքենաների վրա, այն դեպքում, երբ դրանք, մեծ հաշվով, մթնոլորտի աղտոտման տեսանկյունից մեծ դեր չեն խաղում: Հատկապես հայաստանյան պայմաններում, երբ բազմաթիվ հնամաշ մեքենաներ կան, որոնք կատալիզատորով, թե առանց դրա, վնաս են հասցնում բնությանը՝ աղտոտելով մթնոլորտը: