Կա հստակ ահաբեկչության վտանգ և չի կարելի միանգամից բացառել այդ վարկածը

Կա հստակ ահաբեկչության վտանգ և չի կարելի միանգամից բացառել այդ վարկածը

«Այն, ինչ տեղի է ունենում «Սուրմալուի» գործի շուրջ, կարելի բաժանել երեք հիմնական կոմպոնենտների. հարցի իրավական կոմպոնենտ, բարոյական կոմպոնենտ և քաղաքական կոմպոնենտ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը: «Բարոյական կոմպոնենտ` հայտարարված է այսօր և վաղ սգո օր, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս որևէ ցավակցական խոսք չեն հղել: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը փորձել է մարդկանց մոլորեցնել, ասելով, թե բոլորը վարչապետ են Հայաստանում, մարդը բարձրագույն արժեք է և այլն, և այլն…. հիմա այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք ճիշտ հակառակը` այդ մարդու համար քաղաքացու կյանքը գրոշի արժեք չունի, ավելին` նա թքած ունի մարդկային կյանքի վրա: Քաղաքական կոմպոնենտ. այսօր շրջանառվում էր մի տեղեկություն, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Ավինյանը, որը ժամանակին ջանասիրաբար հերքում էր, թե ինքը կարող է առաջադրվել որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, փլատակների կողքին, այդ դժգույն իրականության ֆոնին ներկայացել է որպես ապագա քաղաքապետի թեկնածու: Սա ցինիզմ է, անբարոյականություն, մարդկային սկզբունքներին դեմ մի քարոզարշավ, ինչն էլ ունիցել է անալոգիայով իր նախադեպը` դա հետպատերազմական Հայաստանում մուրճ թափ տվող պարոնի քարոզարշավն էր: Այս իմաստով ստացվում է, որ չկա ոչ մի փոփոխություն: Սրանք սրիկա են մինչև վերջ:

Իրավական կոմպոնենտ. մեղադրանք հարուցված չէ, ինչն ուղղակի զավեշտ է: Նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ հարուցված է, ո՞ր հոդվածով է հարուցված: Ի՞նչ նպատակ պետք է այն հետապնդի: Պայթյունից ժամեր անց հայտարարվեց, որ ահաբեկչության վարկածը բացառված է: Ինձ համար այդ ամենն առնվազն տարակուսելի է: Ո՞րն է այս հայտարարության միտումը, եթե մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ որոշ պետական կառույցներ, որոշակի ինտերվալներով ստանում են տարատեսակ ռումբերի մասին ահազանգեր, եթե կա ահաբեկչության վտանգ, եթե ունենք երկու թշնամի պետություն, որոնք որևէ կերպ չեն ցանկանում խաղաղություն հաստատել մեզ հետ…. կա հստակ ահաբեկչության վտանգ և չի կարելի միանգամից բացառել, որ սա ահաբեկչություն է: Երբ պատշաճ նախաքննություն կիրականացվեր, այդ ժամանակ էլ թող ինչ-որ բաներ բացառեին, բայց հիմա նրանք դրա իրավունքը թերևս չունեն» - եզրափակեց Վահե Եփրիկյանը: