Յուրաքանչյուր 50 հազար բնակչին մեկ բուհ է բաժին հասնում

Յուրաքանչյուր 50 հազար բնակչին մեկ բուհ է բաժին հասնում

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ոլորտային նոր օրենսդրություն ունենալու շուրջ աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ եւ ընթացել են տարբեր փուլերով: Ներկայացված փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով, մի կողմից, 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից՝ երկու փուլով իրականացվել են լրամշակման աշխատանքներ «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» դրույթների հիման վրա, որում հստակեցված են բարձրագույն կրթության եւ հետազոտության ոլորտում թիրախներն ու ակադեմիական քաղաքի հայեցակարգը:

Ժ․ Անդրեասյանը նաեւ տեղեկացրել է՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ծրագիր իրականացնելու լիցենզիա ունի 60 կազմակերպություն. Յուրաքանչյուր 50 հազար բնակչին` 1 բուհ: Սա, միջազգային ցուցանիշների համաձայն, բավական խեղված ցուցանիշ է: Նա նաեւ նշել է՝ բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող, ընդ որում՝ գիտական գոնե 1 աշխատող առկա է միայն 15 բուհում, այսինքն՝ մնացյալ 45 բուհերում կրթությունն իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով: Բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը չունի գիտական աստիճան։

ԿԳՄՍՆ-ն առանձնահատուկ ընդգծել է կառավարման համակարգի բարեփոխումները: Մասնավորապես՝ կուսակցական եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվելու է նաեւ էթիկայի ստանդարտների սահմանմամբ. արգելվելու են բուհերում կուսակցական եւ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը: Միաժամանակ, բուհերի կառավարման համակարգը դառնալու է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների եւ հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ՝ բուհի ակադեմիական ստորաբաժանումների ավելի լայն ինքնավարության աստիճանով: