Հարկ վճարողների ցանկը՝ պետեկամուտների կոմիտեի փնթիության ապացույց կամ որտեղ են Շենգավիթը, Քաջարանը, Վաղարշապատը

Հարկ վճարողների ցանկը՝ պետեկամուտների կոմիտեի փնթիության ապացույց կամ որտեղ են Շենգավիթը, Քաջարանը, Վաղարշապատը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Մինչ շատերն ուսումնասիրում են այս կամ այն օլիգարխի վճարած հարկերն ու դրանք համեմատում 2020 թվականի հետ, մենք այլ հարթությունում դիտարկենք ցանկը:
Եվ այսպես: 1000 խոշոր հարկատուից ավելի քան 800-ը, այսինքն՝ 80 տոկոսը գրանցված է, աշխատում է Երեւանում, 20 խոշոր հարկատուից միայն երկուսն են մարզային ընկերություն: Եթե սա տնտեսության համաչափ զարգացում է, ապա՝ մածունը սեւ է:

Ցանկում ընկերությունների գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրերը նշված են առանց որեւէ օրինաչափության: Օրինակ. քաղցրավենիք արտադրող «Գրանդ քենդի» ընկերությունը, ըստ ցանկի, գտնվում է Շենգավիթում: Իսկ ահա համանման գործունեություն ծավալած՝ քաղցրավենիք արտադրող, «Դարոյնք» ընկերությունը, որ էլի Շենգավիթում է, ըստ ցանկի, գտնվում է Երեւանում: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը Քաջարանում է, իսկ «Սիսիանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ընկերությունը՝ Սյունիքում: «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին» Վաղարշապատում է (Էջմիածին), իսկ ատոմակայանը՝ Արմավիրում: Շենգավիթը Երեւան է, Քաջարանը Սյունիք է, Վաղարշապատ-Էջմիածինն Արմավիր է: Կամ էլ պետեկամուտների կոմիտեում Հայաստանի վարչատարածքային նոր բաժանում են արել ու Շենգավիթը Երեւան չէ, Քաջարանը Սյունիք չէ, Վաղարշապատը Արմավիր չէ:

2021 թվականի օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Գորիս-Կապան ճանապարհի մասին Սյունիքի բնակավայրերի անունների հայկական տարբերակների փոխարեն օգտագործեց ադրբեջանական՝ Էյվազլի եւ Չայզամի տեղանունները, իսկ օրեր անց Ազգային ժողովում պարզաբանեց. «Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ՝ այդ տարածքից դուրս, որը Հայաստանը դե յուրե ընդունել է 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»: Որքան էլ բացատրեցին, որ Վարչատարածքային օրենքով պետության սահմանները չեն որոշվում, մարդը չընկալեց, չցանկացավ ընկալել։

Պետեկամուտների կոմիտեն չի բացատրում, թե ինչու Քաջարանին Սյունիք չի ասում, Շենգավիթին Երեւան չի ասում, Վաղարշապատին Արմավիր չի ասում: Լավ է գոնե որեւէ այլ պետության որոշած անունները չի ասում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը, լավ է Երեւանին Էրիվան չի ասում, Վարդենիսին Բասարգեչար չի ասում, Երասխին Արազդայան չի ասում: Ուսապարկերի առաջնորդն ասել է, Պետեկամուտների կոմիտեն չի ասում: Առայժմ չի ասում:

Ցանկացած կազմակերպության գրանցման ժամանակ նշվում է ամբողջական հասցեն՝ մարզ, համայնք, փողոց: Այսինքն, հնարավոր չէ, որ մի ընկերություն գրանցված լինի պարզապես Սյունիքում, իսկ մյուսը՝ Սյունիքի Սիսիան քաղաքում: Այլ խոսքով՝ պետեկամուտների կոմիտեի աշխատանքի կանոնակարգվածությունը, կարգապահությունը, ճշտապահությունը չեն տպավորում: Սա հիմք է առնվազն կասկածելու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի այլ բաղադրիչների հավաստիության վրա: Օրինակ, ուսապարկերի իշխանության սրտի օլիգարխների վճարած հարկերի ծավալի:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ