Գոնե «թաքուն» սովորեք

Գոնե «թաքուն» սովորեք

Նոր իշխանության կառավարչական ապիկարության մասին շատ է գրվել: Բազմաթիվ հիմնավոր, փաստարկված անդրադարձները, սակայն, որեւէ չափով չեն փոխել իրավիճակը: Ավելին՝ «վիրավորված» այն հանգամանքից, որ քննադատություն հնչեցնողների մեջ որոշակի թիվ են կազմում «նախկինները», թավշյաների ըմբռնմամբ` «սեւերը», կառավարչական լծակների մոտ հայտնված տղեկները որդեգրել են ցանկացած քննադատական խոսք քամահրելու, բանի տեղ չդնելու, լավագույն դեպքում` վիրավորանքով հակադարձելու, իրենց էշը քշելու քաղաքականությունը:

Բայց հանրությունը պարզորոշ տեսնում է, որ «նախկին» կոչվածների մեջ շատ են իրենց գործի գիտակները, պրոֆեսիոնալները, որոնց եթե նույնիսկ չեն էլ ներառում պետության կառավարման գործերում, ապա գոնե այնքան խոհեմություն պիտի ունենան, որ ականջ դնեն նրանց խորհուրդներին: Նախկինների ոճը եթե նույնիսկ խստորեն քննադատական է, ոչնչացնող կամ հեգնական, խոհեմ իշխանությունն այդ բոլոր անհաճո տեքստերից պարտավոր է զատել ռացիոնալը, հանրօգուտը, ազգաշահը եւ փորձել կենսագործել: 

Նոր իշխանությունը խորագույն մոլորության եւ նարցիսական ինքնազմայլանքի մեջ է, եթե կարծում է, թե նսեմացուցիչ է օգտվել, դիցուք, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի կամ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, կամ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի քննադատություններից, որքան էլ դրանք անհաճո լինեն: Իշխանությունը պետք է կարողանա ազատվել բոլոր այդօրինակ քննադատությունները «ծնող պատճառներն» ու «քաղաքական նպատակները» բութ միօրինակությամբ կրկնելու եւ զզվեցնող համառությամբ պողոսի «աչքը կոխելու» գործելաոճից՝ սեւեռվելով դրանցից օգուտ քաղելու, ինչու չէ` դրանցով նաեւ «թաքուն» սովորելու վրա: 

Բայց`չէ, ո՜նց կլինի: 

Ո՜նց կլինի՝ արդարադատության ավելի քան ջահել նախարարն օգտվի իր նախորդների՝ Գեւորգ Դանիելյանի կամ Արփինե Հովհաննիսյանի փորձից ու գիտելիքներից, ո՜նց կլինի` կրթության եւ այլնի նախարար Արայիկ Հարությունյանն ականջ կախի նախկին նախարար Արմեն Աշոտյանի քննադատություններին եւ խորհուրդներին: Նիկոլն ի՛նչ կասի:

Մինչդեռ գոնե այս վերջին դեպքում հաստատ դրա կարիքը կար: Աշոտյանի կամ Լեւոն Մկրտչյանի հետ խորհրդակցելու պարագայում հազիվ թե ԳԹԿ կոչված կառույցն այս տարվա ընդունելության քննությունների համար սահմաներ մի կարգ, որ հետո պիտի հարուցեր բազմաթիվ մարդկանց դժգոհությունը: Ինչո՛ւ պիտի նոր Հայաստանում այսպես (փաստորեն` օրենսդրորեն) ոտնատակ արվեր արդարությունը, մի խումբ ապաշնորհ, տգետ մարդկանց պատճառով տուժեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը: Իսկ ամենավտանգավորն այն է, որ խեղվում է ընդհանրապես կրթության գաղափարը, որովհետեւ մեր «երջանիկ» երկրում, պարզվում է, բուհ կարող են ընդունվել ցածր գիտելիքներ ունեցողները, իսկ ահա անհամեմատ օժտվածներն ու շնորհալիները՝ դուրս մնալ: 

Երբ ԳԹԿ կոչվածը, բարձր իշխանությունից որդեգրած` ամենայն նախկին մերժելու տրամաբանությամբ, ընդունելության նոր կարգ էր սահմանում, ինչո՞ւ նախարարության մեջ չգտնվեց մի պրոֆեսիոնալ, որը կզգուշացներ այդ կարգի անթույլատրելիության մասին, ինչո՞ւ որեւէ մեկը չկանխատեսեց այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել: Եվ ստեղծվել է: Չէ՞ որ կառավարել՝ նշանակում է նաեւ կանխատեսել: Չէ՞ որ ցանկացած օրենք կամ կարգ նախ պիտի դիտարկվի ապագա հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա միայն կենսագործվելու թույլտվություն ստանա: Չէ՞ որ ցանկացած օրենք կամ կարգ ուժեղ է իր հիմքում դրված արդարության սկզբունքի առկայությամբ: Մեծ կասկած ունեմ, թե Ա. Աշոտյանի կամ Լ. Մկրտչյանի «օրոք» հնարավոր էր այս շիլաշփոթը, այս անտրամաբանականությունը, այս բարձիթողիությունը: Վերջին հաշվով` անարդարությունը: 

ԿԳՄՍ փոխնախարար Գ. Թամրազյանը չքմեղ տեսքով հայտարարում է, որ այսօր հանրությունն ալեկոծած խնդրի լուծման տարբերակներ չկան, որովհետեւ այս իրավիճակը ստեղծվել է լրիվ… օրինական հիմքերի վրա: 

Ահա՛ սրանց դեմքը, ահա՛ սրանց անմեղսունակի տրամաբանությունը: Սրանք իրենց մոգոնած կարգի «կողմից» են, բայց ո՛չ ողջամտության, ո՛չ արդարության,  ո՛չ քաղաքացու:
Եվ այս ապիկարների հերոսական ջանքով չէ՞, որ ՀՀ քաղաքացին կամաց-կամաց… հպարտ չէ:
Տեսնես գիտե՞ այդ մասին հպարտների «տիրակալը»: