Հայաստանը գերմանական գլդոնի տակ ընկավ, մուռը մեզնից հանեցին․ Սուրեն Բաղդասարյան

Հայաստանը գերմանական գլդոնի տակ ընկավ, մուռը մեզնից հանեցին․ Սուրեն Բաղդասարյան

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի շրջանակում սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում 6-0 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի ազգային թիմից, ինչի արդյունքում մեր ընտրանին զիջեց առաջատարի դիրքերը J խմբի մրցաշարային աղյուսակում և այժմ զբաղեցնում է արդեն երկրորդ հորիզոնականը։

Գերմանացիները Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից ու վաստակած 3 միավորներից հետո 12 միավորով գլխավորում են աղյուսակը, Հայաստանը մնաց վաստակած 10 միավորով։ Մեր խմբում ընգրկված մյուս հավաքականներից Իսլանդիան և Հս․ Մակեդոնիան նույն օրը չպարզեցին հաղթողին՝ 2-2, իսկ Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ Ռումինիան հաղթանակից հետո արդեն 9 միավոր ունի ու Հայաստանին զիջում է միայն մեկ միավորով։ Վաստակած 8 միավորով Հս․ Մակեդոնիան 4-րդն է, իսկ  Իսլանդիան միայն 4 միավոր ունի ու զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը։ J խմբում միայն Լիխտենշտեյնի հավաքականն է, որ ավարտված 5 տուրերից հետո որևէ միավոր չի վաստակել, ուստի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Այսիպիսով, եթե նախկինում առաջիկա տուրերից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մրցակիցը համարվում էր Հս․ Մակեդոնիան, Լիխտենշտեյնի դարպասը անպատասխան երկու գնդակ ուղարկելուց հետո ռումինացիները միացան Հայաստանի ու Հս․ Մակեդոնիայի հավաքականներին՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու պայքարում։

Նշենք, որ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն են ունենալու ընտրական մրցաշարի խմբային աղյուսակների առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները։ Շտուտգարտում կրած պարտությունը մեր ընտրանու  համար աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում ամենախոշորն էր ու նաև առաջին ջախջախիչ պարտությունը իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսի գալուց հետո։ Նախկինում աշխարհի առաջնությունների ընտրական տուրերում  մեր ընտրանին  2016 թվականին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում էր խոշոր 0-5 հաշվով  պարտվել ռումինացիներին։

Հատկանշական է, որ մեր հավաքականին արդեն 4-րդ խաղն է, ինչ չի հաջողվում հաղթանակ տոնել, ավելին՝ դրանցից վերջին երկուսում Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները չեն կարողաղանում գոլի հեղինակ դառնալ։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը հաղթել է մարտի վերջին, երբ Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերի շրջանակում մրցում էր ռումինացիների հետ (3-2): Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականին սպասվող փորձություններն այսքանով չեն ավարտվում։ Ընդամենը երկու օրից Երևանում  Հայասատանի հավաքականը հյուրընկալելու է Լիխտենշտեյնին, որի նկատմամբ արդեն իսկ արտագնա խաղում հաղթանակ է տարել։ Սեպտեմբերի 8-ին կկայանան նաև մեր խմբի մյուս հանդիպումները։ Գերմանիան կհյուրընկալվի Իսլանդիային, իսկ  Հս․ Մակեդոնիան սեփական հարկի տակը ուժերը կչափի Ռումինիայի հավաքականի հետ։

«Գիտե՞ք, իրականում նախ պետք է իրատես լինենք ու հաշվի առնենք այն հանգամանքը, թե Հայաստանը ում հետ խաղաց։ Հայաստանի հավաքականը խաղում էր Գերմանիայի դեմ, իսկ Գերմանիայի հավաքականը նախորդ տուրում չէր հաղթել Լիխտենշտեյնին ցանկալի հաշվով։ Լիխտենշտեյնին հաղթել էր ընդամենը 0-2 հաշվով, ինչը ֆուտբոլային Գերմանիայում ուղղակի հիստերիա էր բարձրացրել, թե ինչպես կարող է Գերմանիան ոչ ֆուտբոլային համարվող Լիխտենշտեյնին ընդամենը երկու գնդակ խփել։ Բունդեսթիմում 0-2 հաշվով հաղթանակը պարզապես համարել են խայտառակ ձախողում, թեպետ Գերմանիան արտագնա հանդիպում է անցկացրել։ Այսպիսով, Գերմանիայում քննադություններից  հետո Հայաստանի հավաքականը պարզապես ընկավ գերմանական գլդոնի տակ, կարելի է ասել՝ մուռը մեզնից հանեցին»,- անդրադառնալով թեմային «Հրապարակի» հետ զրույցում ասաց հանրահայտ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

«Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը Լիխտենշտեյնի դեմ խաղում, կարելի է ասել, երկրորդ կազմն էր դաշտ դուրս բերել և գերմանացի մարզական լրագրողները քննադատել են նրան, թե ինչու է թերագնահատվել մրցակիցը։ Իսկ մեզ հետ խաղում ինքներդ տեսաք՝ ինչպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ էին խաղադաշտում։ Գերմանիայի նախորդ խաղի համեմատ միանգամից 6 փոփոխություն է եղել մեկնարկային կազմում ու առաջատար բոլոր ֆուտբոլիստները ասպարեզ են դուրս եկել։ Գերմանացիների համար սա պատվի խնդիր էր, նրանք ուզում էին ոչ թե ուղղակի հաղթել, այլ հաղթել խոշոր հաշվով, որ պաշտպանեն նախ իրենց մարզչին ու հետո արդեն նաև փակեն բոլոր քննադատների բերանները։ Այս պարտությունը, այս հաշվով պարտությունը ես ամենևին պատահականություն չեմ համարում, քանի որ Գերմանիայի հավաքականը բարձրակարգ մրցաշարերում վերջին շրջանում  այպիսի տրամադրվածությամբ չէր խաղացել։ Նրանք խաղադաշտ էին դուրս եկել խոշոր հաշվով հաղթանակի հետևից, այսինքն՝ կապ չունի, թե մրցակիցը Հայաստանն էր, թե, ասենք, Ռումինիան։ Նրանց համար շարժառիթ էր նաև այն,որ Հայաստանի ընտրանին երեք հաղթանակ էր տարել իրար հետևից ու խմբի առաջատարն էր»,-  պնդեց Բաղդասարյանը։

Սուրեն Բաղդասարյանի խոսքով՝ մենք էլ պիտի օրինակ վերցնենք ու մեր ֆուտբոլիստներին զայրացնենք, որպեսզի, օրինակ, հաջորդ հանդիպմանը խաղադաշտ մտնեն զայրացած, չարացած ու պայքարեն ամեն մի գնդակի համար։

Մարզական մեկնաբանը նկատում է՝ պետք է ջնջել այս պարտությունը մեր հիշողության մեջից ու պատրաստվել  Լիխտենշտեյնի դեմ խաղին։

«Պետք է անպայման փորձել հաղթել Լիխտենշտեյնին այստեղ, իսկ Գերմանիան․․․Գերմանիայի հետ մենք 4 անգամ հանդիպել ենք, 4 անգամ էլ խոշոր հաշվով պարտվել ենք։ Մյուս հավաքականների դեմ, այո, մերոնք ապացուցել են, որ կարող են խաղալ, նույնիսկ Ռումինիայի հետ։ Գերմանիան այլ է, նրանք խելահեղ արագություններով խաղացին»,- ասաց մարզական մեկնաբանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը երկրորդ տեղի համար պայքարում, Բաղդասարյանը պատասխանեց․ «Իրականում երկրորդ տեղի համար մենք իրոք շատ լավ շանսեր ունենք, բայց պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ իրոք բավականին ծանր մրցակիցներ են մեզ բաժին հասել։ Դեռ շատ ծանր հանդիպումներ պետք է անցկացնենք, այսինքն՝ միանշանակ կանգնել ու ասել, թե հա, մենք հաստատ երկրորդ տեղ կգրավենք, ես այդպես հստակ չէի ասի»։