Պնդել, որ Ռուբեն Վարդանյանը միայն Կրեմլի հետ է կապված՝ առնվազն միամտություն է

Պնդել, որ Ռուբեն Վարդանյանը միայն Կրեմլի հետ է կապված՝ առնվազն միամտություն է

«Պարզ է, որ Ռուբեն Վարդանյանի դիրքավորումը պրոբլեմ էր ե՛ւ Ադրբեջանի համար, ե՛ւ Թուրքիայի համար, նա անընդհատ արդիականացնում էր Արցախի կարգավիճակի հարցը, ինքնորոշման հարցը եւ այլն, եւ այլն։ Դրանք, իհարկե, դիսոնանսի մեջ էին մտնում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ այն տրամաբանության հետ, որով խաղարկվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատմանը՝ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ռուբեն Վարդանյանի դիրքորոշումը, բնականաբար, բավականին լուրջ պրոբլեմատիկ էր թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ Ադրբեջանի համար եւ թե՛ դրանց հետեւում կանգնած անգլո-սաքսոնական եւ թուրքական ուժերի համար։ Այս առումով պահանջները երբ դրվում էին Վարդանյանին հեռացնելու առումով, կարծում եմ, այսօրվա քաղաքական իրողություններում բավականին տրամաբանական էին։ Առնվազն 3 խումբ կա, որոնք ցանկանում էին, որ Ռուբեն Վարդանյանը հեռացվի։ Դա ադրբեջանա-թուրքական տանդեմն էր, Հայաստանի իշխանությունները եւ Արցախի որոշ ներքին շրջանակներ՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, որոնք վտանգ էին տեսնում իրենց իշխանության, իրենց լծակների կորստի առումով եւ պահանջում էին ուղղակիորեն կամ քողարկված, որ Ռուբեն Վարդանյանը հեռացվի, եւ այդ հարցը լուծվեց։ Այլ հարց է, թե դրանից հետո ինչ ռեակցիաներ եղան մեր դաշտում»,- ասաց Հակոբյանը։

Եվ քաղաքական այն մեղմ գնահատականները, որոնք տվեց Ռուբեն Վարդանյանը, պայմանավորված են ինչ-որ խաղի կանոնների սահմանմամբ։ Չնայած Հակոբյանն ավելի հակված է կարծել, որ գուցե այն քաղաքական ուժերը, որոնց հետ աշխատում է Ռուբեն Վարդանյանը, կամ այն դրսի ուժերը, որոնց հետ կան որոշակի ծրագրեր, ոչ թե կարճաժամկետ են, այլ երկարաժամկետ, այդ պատճառով էլ բոլոր կամուրջներն այրելու ցանկություն չունի եւ ընտրել է այս մարտավարությունը։ «Ես կարծում եմ, որ գուցե Ռուբեն Վարդանյանն ավելի երկարաժամկետ ծրագրեր ունի իրականացնելու ե՛ւ Արցախում, ե՛ւ գուցե նաեւ բուն Հայաստանում, գուցե այդ պատճառով ընտրվել է մարտավարություն՝ այսպես ասենք, փոքր, ավելի անվտանգ քայլերով շարժվել առաջ՝ փորձելով ինչ-որ մեծ ծրագրի համար չայրել բոլոր կամուրջներն ու չվտանգել այլ ծրագրերը։ Չեմ բացառում նաեւ, որ Ռուբեն Վարդանյանն առայժմ որոշակի փորձառության պակաս ունի քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ նաեւ հրապարակային ելույթներում այս կամ այն բառամթերքն օգտագործելու կամ չօգտագործելու առումով, որովհետեւ ընդամենը մի 4 կամ 5 ամիս առաջ Վարդանյանն ընկալվում էր ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական գործոն, ինչպես հիմա են իր մասին խոսում, այլ զուտ որպես խոշոր գործարար, միլիարդատեր եւ այլն, այսինքն՝ ավելի շատ որպես ֆինանսատնտեսական գործիչ։ Ընդամենը մի 4 ամիս Արցախում ակտիվ դերակատարում ունենալուց հետո ինքը, ըստ էության, հիմա այլ կերպ է դիտարկվում, եւ սպասումներն էլ այլ են»,- նկատեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ գուցե այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց հետ Վարդանյանը կապեր կարող է ունենալ, ունեն երկարաժամկետ նպատակներ: Նաեւ դա է պատճառը, որ Վարդանյանը հայտարարեց` մնալու է Արցախում ու շարունակելու է իր գործունեությունը։ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ Վարդանյանը փորձելու է փափուկ միջավայր ձեւավորել Արցախում, մնալ այնտեղ ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների ազդեցիկ կենտրոններից մեկը դառնալ։

Ի վերջո, Ռուբեն Վարդանյանն աշխարհագրական ո՞ր շրջանակների հետ կապեր ունի՝ մի մասը նրան կապում է ՌԴ-ի հետ, մյուս մասը՝ Արեւմուտքի։ Հակոբյանն ասաց` դատելով այն հանգամանքից, թե ինչպես են արեւմտյան առաջատար լրատվամիջոցները հաճախակի նրանից հարցազրույց վերցնում, պնդել, որ Վարդանյանը միայն ռուսական շրջանակների, Կրեմլի հետ կապված մարդ է, կարող է առնվազն միամտություն լինել։

«Ես, ճիշտն ասած, մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ եթե մարդն այսօրվա իրավիճակում՝ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ հակամարտության իրավիճակում, ու ինքն էլ Պուտինի վարչախմբի մարդ է, իր առջեւ այսպես շռայլորեն բացվեն արեւմտյան առաջատար լրատվամիջոցների դռները՝ գերմանական, ֆրանսիական, անգլիական եւ այլն։ Սա նշանակում է, որ Ռուբեն Վարդանյանը կարող է ընկալելի ֆիգուր լինել ե՛ւ մի բեւեռում, ե՛ւ մյուս բեւեռում։ Պարզ է, որ Ռուսաստանի հետ մեծ կապեր էլ կան, դա արիֆմետիկա է, բայց փաստն այն է, որ ինքն իր բոլոր հարցազրույցները, որտեղ շեշտում էր Արցախի կարգավիճակի թեմաները, բերելով նորից քաղաքական օրակարգ, անում է հենց արեւմտյան լրատվամիջոցներով, որոնք սովորաբար փակ են լինում զուտ ռուսական կրեատուրաների համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր հարցին, որ Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացվելուց հետո նոր թափ առան խոսակցություններն այն մասին, թե Վարդանյանը պատրաստվում է Հայաստանի ներքաղաքական ասպարեզում տեղ զբաղեցնել, քաղտեխնոլոգն ասաց, որ կանխատեսումներ անել չի կարելի, չնայած չի բացառում դա: Սակայն քանի դեռ հայտարարություն կամ նման գործողություն չի արվել, խոսել այն մասին, թե նա հաջողություն կունենա Հայաստանի ներքաղաքական դաշտում կամ ոչ՝ սխալ է։
«Շանսերը շատ բաներից են կախված` թե՛ անձից, թե՛ անձի ռեսուրսներից, բոլոր տեսակետներից, թե՛ կապերի, թե՛ ֆինանսների, թե՛ քաղաքական ազդեցության եւ ինստիտուցիոնալ առումով։ Նման կանխատեսումներ կարելի է անել, բայց, կարծում եմ, դա դեռեւս շատ վաղաժամ է, հատկապես որ ինքը հայտարարել է, որ իր բոլոր ծրագրերը կապված են Արցախի հետ, եւ ինքն ասում է, որ Արցախից չի հեռանում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։